կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-03 16:33
Առանց Կատեգորիա

Այո, ես ստացել եմ Հայաստանն արտասահմանում ներկայացնելու առաջարկ. Վահան Հովհաննիսյան

Այո, ես ստացել եմ Հայաստանն արտասահմանում ներկայացնելու առաջարկ. Վահան Հովհաննիսյան

- Պարո'ն Հովհաննիսյան, վերջին օրերին մամուլը ողողված  է Ձեր` դեսպան նշանակվելու լուրերով: Նշվում է նույնիսկ երկիրը՝ Գերմանիան:

- Ինչպես հաճախ է պատահում մեր իրականության մեջ, ցանկացած լուր կամ նորություն որոշ լրատվամիջոցներ արհեստականորեն վերածում են սկանդալային ինտրիգի` հաղորդելով դրան սենսացիոն բնույթ: Անցած օրերին ես հետաքրքրությամբ էի ծանոթանում տարատեսակ մեկնաբանություններին, որոնց մեջ սակավաթիվ լուրջ արձագանքների կողքին հաճախ հայտնվում էին մաղձոտ կամ պարզապես անտրամաբանական մեկնաբանություններ: Կարծում եմ` հիմա որոշ պարզաբանումներ տալու ժամանակն է: Ես դա կանեմ կետ առ կետ, եւ եթե հարցեր մնան, պատրաստ եմ դրանց նույնպես պատասխանել:

 

1. Այո, ես ստացել եմ Հայաստանն արտասահմանում ներկայացնելու առաջարկ:

 

2. Առաջարկն ուղղված է ինձ անձնապես, ոչ թե Հայ Յեղափոխական Դաշնակցությանը: Սա կուսակցության հետ համագործակցելու կամ ինչ-որ նոր դաշինք կազմելու առաջարկ չէ: Կրկնում եմ՝ առաջարկն արված է ինձ անձնապես, եւ իմ կողմից եղել է ընդունելի: Բնականաբար, սակայն, հարցը ներկայացրել եմ կուսակցությանը, եւ կուսակցությունը եւս տվել է իր համաձայնությունը:

 

3. Ինձ համար այս առաջարկության մեջ արտառոց որեւէ բան չկա: Ես արդեն իսկ վերջին երեք տարիներին աշխատում եմ արտաքին հարաբերությունների ասպարեզում` մինչեւ  վերջերս ղեկավարելով Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը Եվրանեսթ Պառլամենտական վեհաժողովում, իսկ ներկայումս այդ միջազգային կառույցի փոխնախագահն եմ: Ես նախկինում էլ ակտիվորեն ներգրավված եմ եղել խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում` 2000-ականների սկզբին դառնալով ՆԱՏՕ-ի ԽՎ-ում առաջին պատվիրակության ղեկավարը, հետագայում ղեկավարելով մեր պատվիրակությունը ԵԱՀԿ ԽՎ-ում եւ հանդիսանալով հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ: Սակայն շեշտում եմ հատկապես վերջին երեք տարիները, քանի որ Հայաստանի եվրաինտեգրացման քաղաքականության պայմաններում Եվրանեսթի աշխատանքը դարձել է ամենօրյա լիարժեք դիվանագիտական աշխատանք: Եվ չնայած բավականին ոչ նպաստավոր պայմաններին, որ ստեղծվել են մեզ համար ՎՈՒԱՄ երկրների պատվիրակությունների կողմից, մեր պատվիրակությունը մինչ այժմ արձանագրել է լուրջ հաջողություններ: Սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե խորհրդարանական դիվանագիտությունը տրամագծորեն  տարբերվում է պաշտոնական դիվանագիտությունից: Ըստ էության` այս երկուսը ընթանում են զուգահեռաբար եւ, չնայած մասնավոր առանձնահատկություններին, նույն գործի տարբեր ճակատներն են ու չեն կարող միմյանց  հակասել: Այլ կերպ կարող են կարծել, մասնավորապես, նրանք, ում համար միջազգային բեմերը  Հայաստանում սեփական անկարողությունը քողարկող եւ երկրի վրա ցեխ լցնող ելույթների ասպարեզ է միայն:  Ես դրանց թվին չեմ պատկանում:

 

4. Արված առաջարկն ունի գործնական բնույթ եւ չի հանդիսանում իմ քաղաքական հայացքների փոփոխությունների  հետեւանք, հետեւաբար, չի կարող դառնալ նմանատիպ փոփոխության պատճառ: Մյուս կողմից` այս առաջարկն անողը  վստահորեն քաջատեղյակ է եղել իմ հայացքներին եւ իր համար եւս խնդիր չի առաջացել: Նշանակում է, որ այս հարցում չի լինելու հակասություն, առավել եւս` դիրքորոշումները վերանայելու խնդիր:

 

- Սակայն որոշ լրատվամիջոցներ  այն կարծիքն են հայտնում, որ Ձեր նշանակումը կարող է Դաշնակցության քաղաքական ուղեգծի փոփոխության մասին  վկայել:

- Որոշ լրատվամիջոցներ սխալվում են, ինչպես դա շատ հաճախ է պատահում: Դա արվում է միտումնավոր՝ հանրությանը ապակողմնորոշելու համար, իբրեւ թե հարցը թյուրըմբռնման արդյունք է՝ չեմ ուզում քննարկել: Բայց բոլորը գիտեն՝ Դաշնակցության քաղաքական ուղեգիծը չի որոշվում նրա անդամների կամ նույնիսկ ղեկավարների աշխատանքի վայրով, զբաղեցրած պաշտոնով եւ այլն: Ես չեմ կարծում, որ իմ կամ մեկ այլ դաշնակցական պատասխանատուի քննադատական ելույթը մեր` կոալիցիայում եղած ժամանակ եւ հիմա շատ է տարբերվում իր բովանդակությամբ: Ով չի հավատում, կարող է համեմատել:  Մենք նույնն ենք կոալիցիայում կամ դրանից դուրս, ընդդիմության շարքերում կամ դրանից դուրս: Մեր նպատակները չեն փոխվում: Ուրեմն այս կամ այն դաշնակցականի կողմից, նույնիսկ եթե ղեկավար է, անհատապես պետական աշխատանք ստանձնելը կուսակցությանը բացարձակապես չի կաշկանդում, եթե այդ աշխատանքն իր բնույթով համընկնում է այն ասպարեզին, ուր կուսակցության համագործակցությունը պետական կառույցների հետ հիմնված է կուսակցության որոշումների եւ հայեցակարգի վրա եւ ունի ավանդական բնույթ: Գաղտնիք չէ, որ արտաքին հարաբերությունների ասպարեզում մեր կուսակցությունը միշտ էլ համագործակցել է Հայաստանի իշխանությունների հետ այն բոլոր հարցերում, որտեղ համատեղ աշխատանքը, հայկական շահերի ապահովման առումով, ավելի մեծ արդյունք  է խոստացել: Դա ճիշտ է բոլոր ժամանակների համար: Այդպես էր նույնիսկ ԼՏՊ-ի իշխանության օրոք, երբ կուսակցությունը Հայաստանում հալածված էր, բայց իր պարտքը Հայաստանի նորանկախ պետականության առջեւ կատարում էր արտերկրում: Այսօր էլ շատ արձանագրված հաջողություններ արդյունք են ՀՅԴ Հայ դատի գրասենյակների ու հայ դիվանագետների համագործակցության: Հայաստանի իրական շահերի պաշտպանության հարցում որեւէ առաջարկ մենք երբեք չենք մերժել, հատկապես, երբ երկիրը կանգնած է լուրջ փորձությունների առջեւ:

 

- Բայց չէ՞որ կան նաեւ հակասություններ: Դաշնակցությունը միշտ անհամաձայնություն է հայտնել հայ-թուրքական արձանագրությունների  վերաբերյալ: Պահանջել  է նույնիսկ  արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը: Ինչպե՞ս եք պատրաստվում նրա հետ աշխատել:

- Իհարկե, հակասություններ, նույնիսկ` լուրջ հակադրություններ գոյություն ունեին եւ հիմա էլ կան: Միայն ձեր մատնանշած հարցը չէ, կան նաեւ այլ խնդիրներ,  օրինակ` Արցախի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության պայմանագիր կնքելու հարցը եւ այլն: Ինչ  վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, պետք  չէ մոռանալ, որ մեր կուսակցությունը եւ մեր քաղաքական գծի կողմնակիցները,  որ թե՛ Սփյուռքում, թե՛ Հայաստանում կազմում  էին մեր հասարակության մեծամասնությունը, հիմնականում հասան իրենց նպատակին:  Հիշեք Սահմանադրական դատարանի որոշումը:  Եվ կրկնում եմ` Դաշնակցության լիդերներից մեկի աշխատանքը դիվանագիտական ասպարեզում ոչ մի կերպ չի կաշկանդում կուսակցությանը: Դիվանագետի աշխատանքն, իհարկե, ենթադրում է որոշակի էթիկայի կանոններով թելադրված սահմանափակումներ, բայց դա նորմալ երեւույթ է: Իսկ հայ-թուրքական արձանագրությունների սնանկությունը հենց Թուրքիայի եւ նրա դաշնակիցների պահվածքով բոլորին հասկանալի դարձավ:

 

- Եվս մեկ հարց այլ ասպարեզից՝ ճի՞շտ են այն լուրերը, որ Դուք գեղարվեստական գիրք եք գրել:

- Այո:

 

- Դա ի՞նչ  է, վե՞պ:

- Այո, բայց այդ մասին եկեք խոսենք մեկ ուրիշ անգամ:

 

Հարցազրույցը` yerkir.am