կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-15 18:41
Հասարակություն

Պարզաբանումներ Հ. Քաջազնունու հեռագրի վերաբերյալ

Պարզաբանումներ Հ. Քաջազնունու հեռագրի վերաբերյալ

Վերջին տարիներին տարբեր դրդապատճառներով շատ է շահարկվում  Հայաստանի առաջին Հանրապետության Կառավարության հեռագիրը ուղղված` Օսմանյան կառավարության զինված մինիստր Էնվեր փաշային: Հեռագիրը ստորագրված է Հայաստանի Հանրապետության Կառավարության նախագահ` Հովհաննես Քաջազնունին, զինվորական մինիստր` Արամ Մանուկյանը և Կառավարության Խորհրդի նախագահ` Աբրահամ Սահակյանը: Բանն այն է, որ հեռագրում Հայաստանի Կառավարությունն զգուշացնում է Օսմանյան կառավարությանը , որ Անդրանիկը մտադրված է սեպարատ պետություն ստեղծել և հարձակվել թուրքերի վրա  և միաժամանակ օգնություն  խնդրում Հայաստանի կառավարության դեմ ապստամբած և զինվորական մինիստրին չենթարկվելու համար օգնել ջախջախել Անդրանիկի զորաբանակին: Առաջին հայացքից շատ տարօրինակ հեռագիր է և թվում է թե գտնված է ևս մեկ փաստացի ապացույց Հայաստանի առաջին Հանրապետության կամ Դաշնակցական Հայաստանին դավաճանության մեջ մեղադրելու համար: Այս փաստաթուղթը շրջանառության մեջ է դրել ականավոր պատմաբան պրոֆեսոր Ջոն Կիրակոսյանը իր «Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը», Երևան ,1965 թ աշխատության մեջ: Հիշյալ աշխատության 213-րդ էջում անվանի գիտնականը պատռում է Դաշնակցական շեֆերի դիմակը և ներկայացնում մի փաստաթուղթ որով ապացուցում է Դաշնակցական կառավարության դավաճանական էությունը: Պետք է նշել, որ Խորհրդային Հայաստանում պատմագրությունը ոչ այնքան լավ ժամանակներ էր ապրում, քանի որ ամեն ինչ պայմանավորված էր կուսակցական կոնյուկտուրայով և քաղաքական իրավիճակով և բնականաբար անհնարին  էր գիտության մեջ բարձրանալ առանց «Դաշնակցական շեֆերի» հասցեին մեկ երկու քաղցր խոսք չասելով: Ջոն Կիրակոսյանը բացառություն չէր, չնայած նա իր ժամանակին համարվում է ամենախիզախ պատմաբաններից մեկը: Ընթերցողի ուշադրության ենք ներկայացնում հիշյալ փաստաթուղթը.

 «17 Հունիսի, 1918թ., Երևանից

 Հեռագիր

Նորին գերազանցություն Մեծարգո Օսմանեան կառավարութեան զինվորական մինիստր` Էնվեր փաշային,

Կոստանդնուպոլիս.

Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատիվ ունի հայտնելու ձերդ գերազանցութեանը, հանուն մեր բարեկամութեան, իրազեկ դարձնել ձեզ այն մասին, որ Անդրանիկ փաշան խուսափել է մեր կառավարությունից, իմանալով, որ զինվորական դատի պիտի ենթարկվի մեր զինվորական մինիստրին չենթարկվելու համար: Անդրանիկ փաշան տաճկահպատակ հայերից կազմել է առանձին զորաբանակ, նպատակ ունենալով անցնիլ Ջուլֆայի կամուրջը և Խոյի ու Սալմաստի շրջանում միանալ Վանից նահանջող ժողովրդին: Նա մտադիր է ուժեղ բանակ կազմել, ստեղծել սեպարատ պետություն և հարձակվել ձեր վրա: Խնդրում ենք միջոցներ ձեռք առնել նրան վերջնականապես ջախջախելու համար:

Հայաստանի Հանրապետության կառավարության Նախագահ`Հ. Քաջազնունի,

 Հայաստանի Հանրապետության զինվորական Մինիստր` Արամ փաշա Մանուկյան,

 Հայաստանի կառավարության խորհրդի նախագահ`Սահակյան «[1]:

Եթե ուշադրություն դարձնենք փաստաթղթի հիմքին կամ սկզբնաղբյուրին, ապա կտեսնենք, որ պրոֆեսոր Կիրակոսյանը օգտագործել է ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում գտնվող Անդրանիկի արխիվից և բնականաբար այս պահին փաստաթղթի իսկությունն անհնարին է ստուգել: Միաժամանակ ականավոր գիտնական Ջոն Կիրակոսյանի հեղինակությունն էլ չենք կարող կասկածի տակ դնել և եթե ընդունենք, որ իրականում կա նման փաստաթուղթ, ապա կփորձենք ուսումնասիրել և հասկանալ թե ինչ պայմաններում է առաջացել անհրաժեշտություն Հայաստանի կառավարությանը դիմել նման քայլի և հղել նման ոճի հեռագիր: Եվ արդոք լրագրողները, սիրողական մակարդակի պատմությամբ զբաղվող անձինք ճիշտ են հասկանում տվյալ ժամանակաշրջանի ողջ բարդությունը և ճիշտ են ընկալուն թաստաթղթի բովանդակությունը: Փորձենք հասկանալ տվյալ ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքական իրավիճակը: Բնականաբար ողջ  քննադատության թիրախը լրագրողների և սիրողական մակարդակի պատմությամբ զզբաղվողները ուղղում են Հայաստանի Հանրապետության կառավարությունն հանձինս, կառավարության նախագահ վարչապետ` Հովհաննես Քաջազնունու վրա:

Պետք է նշել, որ նման մոտեցումը շատ պրիմիտիվ է և ոչ ամբողջական պատկերն է ներկայացնում թե ինճպիսի բացառիկ ծանր իրավիճակում էր գտնվում Հայաստանի Հանրապետությունը անկախության առաջին շրջանում: Արտաքին քաղաքականության ոլորտում Հ.Քաջազնունու գլխավորած կառավարությունը շարունակում էր վարել զգուշավոր քաղաքականություն հարևանների, մանսավորապես` Թուրքիայի նկատմամաբ: Դա պայմանավորված էր նրանով, որ թուրքական բանակը գտնվում էր Հայաստանի տարածքում, Երևանից 7 կմ. հեռավորության վրա և երկիրը թուրքական վտանգից լիարժեք ապահովագրված չէր: Հայ-թուրքական բանակցությունները դեռ ավարտված չէին և շարունակվում էին Կ.Պոլսում: Հայկական պատվիրակությունը Ա.Ահարոնյանի գլխավորությամբ փորձում էր ապահովել հայ ժողովրդի անվտանգությունը և հնարավորինս ընդարձակել տալ Հայաստանի Հանրապետության սահմանները: Ա.Ահարոնյանին ուղղված նամակում Հ.Քաջազնունին բառացիորեն հրահանգում է. վարել զգուշավոր քաղաքականություն: Մասնավորապես նա գրում է. ՙՁեր մինև այսօր վարած զգուշաւոր քաղաքականութիւնը համարում եմ միակ նպատակահարմարը և համաձայն եմ, որ շարունակէք նոյն ուղղութեամբ: Թերևս փորձ անէիք մի քիչ աւելի համարձակ ու վստահ լինելու, ձեր արտայայտւելու եղանակի մէջ մի քիչ պակաս զգալ տայիք մեր անօգնականութիւնը: Բայց զգում եմ, որ սրանք այնպիսի նիւանսներ են, որոնց մասին հեռւից հրահանգներ չի կարելի տալ: Կրկնում եմ, ընհանուր առմամաբ քաղաքական տրութիւնը ևս ըմբռնում եմ այնպես, ինչպես դուք էք ըմբռնել և նոյն եզրակացութիւնն եմ անում: Մեր առաջին ամենամեծ հոգսը պիտի լինի չը ենթարկել երկիրը նոր փորձութիւնների, նոր ավերումների, իսկ ժողովուրդը նոր կոտորածների, նոր փախուստի: Սա է գլխավորը՚ : Հետաքրքրական է, որ թուրքերի հետ բանակցություններ, թեև ոչ մեծամաշտաբ, ընթացան նաև Երևանում, որին մասնակցեց նաև  Հ.Քաջազնունին: Նա օգոստոսի 31-ին հանդիպեց Երևան ժամանած թուրք զորահրամանատար Խալիլի հետ: 1918թ. Վրաստանում Հայաստանի դեսպան Արշակ Ջամալյանի վկայությամբ, Խալիլի հետ ՙպաշտոնական խոսակցությունը՚, այսինքն` հայ-թուրքական բանակցությունն ընթացավ Արամի բնակարանում :

Խալիլին ուղեկցում էին Գերմանիայի ներկայացուցիչ ֆոն Կրեսը և Ավստրո-հունգարիայի ներկայացուվիչ բարոն Ֆրանկեշտայնը: Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էր  Արամ Մանուկյանը, Հ.Քաջազնունին, Ա.Սահակյանը և Ա.Ջամալյանը: Քննարկվեցին հայ-թուրքական հարաբերություններին առնչվող մի շարք խնդիրներ: Մասնավորապես` փախստականների շուտափույթ վերադարձը իրենց բնակավայրերը, թուրքական զորքերի դուրս բերումը Լոռի-Փամբակի տարածքից, Բաքվում տեղի ունեցող իրադարձությունները և Ղարաբաղի ր Զանգեզուրի խնդիրները, ինչպես նաև Անդրանիկի գործողությունները Զանգեզուրում: Լսելով հայկական կողմի հիմնավորումները Խալիլը նույնպես գալիս է այն եզրակացությանը, որ փախստականները պետք է շուտափույթ վերադառնան իրենց բնակավայրերը, սակայն իր կառավարությունից չունի նման հանձնարարական և խոստացավ այդ հարցի մասին շուտափույթ տեղեկացնել իր կառավարությանը, որ փախստականների վերադարձը չեն վնասի թուրքական շահերին, Լոռի-Փամբակի տարածքի ազատագրման շուրջ Խալիլը նույնպես հանձն առավ տեղեկացնել իր կառավարությանը, որ այդ տարածքներում թշնամական գործողություններ տեղացիների կողմից չեն իրականացվում և թույլտվություն Կ.Պոլսից ստանալուն պես անմիջապես թուքական զորքը դուրս կբերվի Հայաստանի տարածքից : Ինչ վերաբերվում է Խալիլի բարձրացրած հարցին, որը շոշոփում էր թուրքերի նկատմամաբ Բաքվի հայերի բռնած դիրքը, հայկական կողմը պատասխանում է, որ ՙայնտեղի հայերը գործում են մեզանից միանգամայն անկախ և ոչ մի հնարավորություն չունենք նրանց վրա ազդելու՚: Նույն բանը փորձում է հիմնավորել Խալիլին  ֆոն Կրեսը, որի կառավարությունը այնքան էլ շահագրգռված չէր, որ թուրքերը գրավեն Բաքուն:

Հմուտ և խորամանկ Խալիլը հասկացնում է, որ անձամբ ինքը հավատում է Հայաստանի կառավարության հավաստիացումներին, բայց Կ.Պոլսում չեն հավատում հայերին և խորհուրդ է տալիս Օսմանյան մայրաքաղաքում ՙայդ ամենի մասին հասկացնել տալ՚ այնտեղ գտնվող Հայաստանի կառավարության պատվիրակների միջոցով: Անրադառնալով չորրորդ հարցին, որը վերաբերվում էր Ղարաբաղ-Զանգեզուրին և Անդրանիկի գործողություններին Զանգեզուրում, Խալիլը հայտնում է, որ Պոլսում այն կարծրքի են, թե Անդրանիկը գործում է Հայաստանի կառավարության դրդումով և աջակցությամբ, և, մասնավորապես, կառավարության հրահանգով է նա մտել Զանգեզուր: Պատասխանելով Խալիլի բարձրացրած հարցին, Հ.Քաջազնունին տեղեկացնում է, որ Անդրանիկը պաշտոնապես վտարվել է Հայաստանի զորաշարքերից, քանի որ զինվորական տեսակետից գործել է ամենածանր հանցանքը` չի ենթարկվել ռազմական հրամանին և չի հնազանդվել Հայաստանի կառավարությանը: ՙՆա Զանգեզուր է գնացել ոչ թե մեր երկրից,-ասաց Քաջազնունին,-այլ Հին Նախիջևանից, որը տաճկական տիրապետության տակ է գտնվում: Եթե Անդրանիկը ոտք դնի Հայաստանի տերիտորիան, պետք է զինաթափվի և զինվորական դատի հանձնվի: Այդ բանը նա լավ գիտե և այդ պատճառով էլ խույս է տալիս մեր երկրի սահմաններից: Վերջերս էլ նա թռուցիկ է բաց թողել` իր անձնական ստորագրությամբ յուրաքանչյուր թռուցիկի վրա, որով նա Եվրոպական գարանտիա է պահանջում, որ Հայաստանի կառավարությունը նրան զինաթափ չի անի, որպեսզի մի կողմ քաշվի և ապրի յուր խմբով: Եթե Զանգեզուր Անդրանիկի գնալը այդքան սխալ մեկնաբանությունների տեղիք է տալիս, ապա Հայաստանի կառավարությունը պատրաստ է զորամաս ուղարկել` նրան Զանգեզուրից վտարելու համար, եթե Ադրբեջանը սրա դեմ առարկություն չունի՚ : Ինչպես նշում է ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանը. ՙՀով. Քաջազնունին կարծում էր, թե ինքը համոզեց թուրք փաշային, որ Հայաստանի կառավարությունը թշնամաբար է տրամադրված Անդրանիկի նկատմամաբ: Բայց բարձրաշնորհ ու խորամանկ Խալիլը կուլ չտվեց խայծը և իր նոր առաջարկությունով ծանր կացություն ստեղծեց խոսակցի համար: Նա առաջարկեց, որ Անդրանիկի դեմ զորամաս ուղարկի ոչ թե Հայաստանի կառավարությունը, այլ Զանգեզուր գնա խառը զորամաս` բաղկացած հայերից, ադրբեջանցիներից ու թուրքերից:

Սակայն, ի պատիվ Քաջազնունու, պետք է նշել, որ նա հանկարծակիի չեկավ և նույնքան տրամաբանորեն առաջ բերեց հակառակ փաստարկ, պատասխանելով, որ փաշայի առաջարկը տվյալ պահին աննպատակահարմար է, քանի որ հայերին, ադրբեջանցիների ու թուրքերին մի զորամասի մեջ միավորելը և այն Զանգեզուր ուղարկելը սնունդ կտա Անդրանիկի այն պրոպագանդային, թե Հայաստանի կառավարությունը վաճառված է թուրքերին և դրանով իսկ հերթական դավաճանական ոճրագործությունն է կատարում: Եթե այդպիսի խառը զորամաս ուղարկվի Անդրանիկի դեմ, ապա Զանգեզուրի և Ղարաբաղի հայ երիտասարդությունը կհամախմբվի նրա շուրջ, մինչդեռ եթե մենակ հայերը դուրս գան Անդրանիկի դեմ, ապա հարցը բոլորովին այլ բնույթ կստանա:

Քաջազնունու այս պատասխանը այքան տրամաբանական էր և միաժամանակ այնքան անսպասելի, որ Խալիլ փաշան համաձայնվեց բերված փաստարկի դեմ: Ավելին, նա  խոստացավ իր կառավարությանը գրել, որ Հայաստանի իշխանությունները ոչ մի առնչություն չունեն Անդրանիկի հետ և նույնիսկ հակամարտության մեջ են նրա հետ: Նա խոստացավ նաև բանակցել Ադրբեջանի կառավարության և Նուրի փաշայի հետ, որ նրանք համաձայնվեն Զանգեզուրից Անդրանիկին հեռացնելու գործը թողնել Հայաստանի կառավարության վրա՚ : Ինչպես ճիշտ նկատել է պատմաբան Ա.Ասրյանը, ելնելով այն բանից, որ բանակցություններում քննարկվել է նաև Անդրանիկի հարցը, որին թուրքերը ձգտում էին վերացնել ասպարեզից, գրականության մեջ հանիրավի կերպով փորձ է արվել բանակցությունները ներկայացնել որպես ազգային շահերի և Անդրանիկի դեմ ուղղված ձեռնարկ:

Արխիվային նյութերի և գրականության ուսումնասիրությունից հետևում է, որ Անդրանիկի դեմ միջոցներ ձեռնարկելու հարցի քննարկումը եղել է դիվանագիտական քայլ, հեռու գործադրելու հնարավորությունից : Իրականում նման առաջարկություն անելով Խալիլին, Հ.Քաջազնունին շատ լավ հասկանում էր, որ Ադրբեջանը երբեք չի ընդունի նման առաջարկը, քանի որ, հենց իքն էր ձգտում նվաճել Զանգեզուրը: Միաժամանակ նա լավ հասկանում էր, որ կառավարությունը զորք ուղարկելով Անդրանիկի դեմ, երկիրը կմղի եղբայրասպան պատերազմի մեջ, ինչը կործանարար հետևանքներ կունենար նորաստեղծ Հանրապետության համար, միաժամանակ Անդրանիկի հեղինակությունը ու հմայքը շատ մեծ էր ժողովրդի մեջ և դժվար թե գտնվեր մի հայ զինվոր ով զենք կբարձրացներ սիրելի զորավարի վրա: Եվ վերջապես Անդրանիկի գտնվելը Զանգեզուրում խիստ ձեռնտու էր Հայաստանի կառավարությանը, քանի որ այդ շրջաններում Անդրանիկի զորաբանակը հանդիսանում էր զսպող ուժ թուրքերի դեմ: Պարզապես սա դիվանագիտական քայլ էր, որով Հ.Քաջազնունին փորձում էր ցույց տալ, որ Հայաստանը իր վարած քաղաքականությամբ հավատարիմ է մնում Բաթումի դաշնագրի հոգուն ու տառին: Միաժամանակ դա անհրաժեշտ էր այն բանի համար քանի որ թուրքական զորքը ինպես վերը նշվեց գտնվում էր Երևանից 7 կմ. հեռավորության վրա և վտանգը ամեն վարյկյան կախված էր հայության գլխին և այն ինչ որ չափով նպատակ ուներ կանխել թուրքական ռազմական վտանգը և ներխուժումը Երևան: Ի հարկե Հ.Քաջազնունին ևս չէր հավատում խորամանկ թուրք փաշայի շռայլած հավաստիացումներին, պարզապես բանակցությունների արդյունքներից մեկը եղավ այն, որ հայկական կողմին հաջողվեց ի շնորհիվ Արամ Մանուկյանի Խալիլի հետ ունեղած հին կապերի Խալիլից ստանալ 25.000 փութ ցորեն սովի ճիրաններում գտնվող Հայաստանի համար: Իսկ Հայաստանի վիճակը շարունակում էր մնալ օրհասական ծանր վիճակում: Երկրում մոլեգնում էր սովը, որը մեծ հունձք էր կատարում հատկապես գաղթականության մեջ: Ահա այսպիսին էր իրավիճակը 1918 թ և սա է եղել ողջ իրականությունը : Այս տարի նշվեց զորավար Անդրանիկի ծննդյան 151-րդ ամյակը և ամեն տարի հերթական անգամ հիշում են Հ.Քաջազնունու հեռագիրը զորավար Անդրանիկի վերաբերյալ և հերթական անգամ անտեղի շահարկում առանց խորանալու պատմական մութ քառուղիներում: Հուսով ենք այս ուսումնասիրությունը լուսաբանեց որոշ սիրողական մակարդակի պատմությամբ զզբաղվողների, ինչպես նաև որոշ լրագրողների հետաքրքրությունը և այլևս անտեղի չեն շահարկի մեր մեծերի և հիշատակը և հեղինակությունը:

 [1] Հիմք-Անդրանիկի կողմից Շեյթան ավանում գրաված տաճկական շտաբի արխիվ,Անդրանիկի արխիվ, Ֆրեզնո, Գ. Հ. 17, էջ 218:

 

Հայկ Մարտիրոսյան

ԵՊՀ Սփյուռքագիտության ամբիոնի ասիստենտ