կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-03 16:02
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա ուզուրպացիայի ամենակարճ ճանապարհն է՝ սահմանադրական կարգը տապալելու գործողություն․ Արծվիկ Մինասյանը՝ ՍԴ շուրջ զարգացումների մասին

ԵԽԽՎ-ն լուրջ դեղին քարտ է ցույց տվել մեր իշխանություններին՝ ըստ Yerkir.am-ի, ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը «Ազատության» հետ հարցազրույցում՝ անդրադառնալով ՍԴ և ՀՀ կառավարության միջև լարվածության մասին ԵԽԽՎ հայտարարությանը։

«Խիստ զգուշացում է եղել, որ չի կարելի խախտել դատական իշխանության անկախությունը։ Դատական իշխանույթունը ունի ներքին և արտաքին անկախության ատրիբուտներ։ Զգուշացում է տրվում, որ լարվածությունը թուլացրեք։ ․․․ Ինչո՞ւ է մեր իշխանությունը թույլ տալիս, որ այսպիսի հայտարարություններ լինեն։ Զսպվածության կոչը վերաբերում է իշխանությանը, որովհետև իշխանությունն է պատասխանատու հանդուրժողականության համար, ոչ թե սահմանադրական ինստիտուտը, որը ազդեցություն չունի ամբողջ քաղաքական համակարգի վրա»,-ասաց նա։

Անդրադառնալով ԱԺ արտահերթ նիստին, որում քննարկվելու է մի օրինագիծ, որը հնարավորություն է տալիս Սահմանադրությունը փոխել ԱԺ ձայների պարզ մեծամասնությամբ՝ առանց հետագայում այդ փաստաթղթի վավաերևացման՝ ՍԴ կողմից, Արծվիկ ՄԻնասյանը վտանգավոր զարգացումներ կանխատեսեց։

«Սա սահմանադրական կարգը տապալելու գործողություն է, որը խորհուրդ չեմ տա, որովհետև գործող Սահմանադրության համաձայն՝ ժողովրդի իշխանությունը իրականացվում է ընտրությունների, հանրաքվեների և սահմանադրական մարմինների միջոցով, իսկ պետական իշխանությունը՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի հիման վրա։ Սահմանադրությունը սահմանել է հակակշիռներ, սահմանել է, որ Սահմանադրության փոփոխությունների դեպքում ՍԴ-ն ունի այդ փոփոխությունների՝ Սահմանադրության  համապատասխանության գնահատման  լիազորություն․ այս լիազորությունը կարող է փոխվել միայն հանրաքվեով»,-պարզաբանեց նա։

Միչնչդեռ քաղաքական մեծամասնությունը առաջարկում է անտեսել այս լիազորությունը, ոչնչացնել ՍԴ դերակատարությունը Սահմանադրության գերակայությունը ապահովելու տեսակետից և միայն Խորհրդարանում մեծամասնության միջոցով իրականացնել սահմանադրական հեղաշրջում․ «Սա սահմանադրական կարգավորումների տեսակետից, իշխանությունների տարանջատման սկզբունքի տեսակետից խիստ հակացուցված է, սա ուզուրպացիայի ամենակարճ ճանապարհն է»։

Արծվիկ Մինասյանի համոզմամբ՝ գործող ՍԴ-ն լեգիտեմ է, հակառակ պարագայում իշխանությունը չէր դիմի ՍԴ-ին, ստանա եզրակացություն և մտնի պառլամենտ՝ այս կամ այն միջազգային պայմանագիրը վավերացնելու համար։

Նա խոսեց նաև Դաշնակցության հասցեին վարչապետ Փաշինյանի կապանյան ասուլիսում հնչած գնահատականների մասին։

«Վարչապետը հստակ մատնանշեց, որ նրա խոսքն ու գործը չեն համապարատասխանում առնվազն այն մասով, որ վերաբերում են Դաշնակցությանը․ մի կողմից ասում է, որ Դաշնակցությունը հսկայական դեր ու նշանակություն ունի, մյուս կողմից փորձում  Դաշնակցությունից կերտել իր պատկերացրածը։ Դաշնակցությունը մի ամբողջություն է, 30 -ից ավելի երկրներում Դաշնակցության ունեցած հնարավորությունները մեր ազգի հարստությունն են, ցանկացած իշխանություն երբ սա չի գիտակցում, մենք ականատես ենք լինում մերժման»,-ասաց նա։

Քաղաքական «զրո» ազդեցության մասին գնահատականին անդրադառնալով՝ Արծվիկ Մինասյանն ասաց՝ ազդեցությունը ստացած քվեով չափելը ճիշտ չէ։

«Քաղաքական ուժերը ախարհի բոլոր երկրներում ունենում են տարբեր քվեներ տարբեր ընտրություններում։ Դաշնակցության ուժը միայն Հայաստանի քվեները չեն, նրա ազդեցությունը ամբողջ աշխարհով է։ Երբ վարչապետը փորձում է սեպ խրել, պետք է հաշվի առնի, որ մեր պատմությունն էլ է ցույց տվել՝ բազմաթիվ ռեշիմներ այդ քայլերն արել են և արժանացել հենց ժողովրդի մերժմանը։ Ես չեմ ուզում, որ ներկա իշխանությունները հայտվեն այդ վիճակում»,-ասաց նա։

Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ Դաշնակցույունը կոալիցիոն կառավարություն է կազմել նաև գործող իշխանության հետ․ «Ի սկզբանե, Դաշնակցության բոլոր համագործակցությունները իշխանության հետ եղել են հայոց պետականությունը ամրապնդելու համար։ Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցությունը ևս նույնն է եղել։ Անբացատրելի է վարչապետի այս պահվածքը ՀՅԴ Հայաստանի կառույցի նկատմամբ․ եթե հանցավոր էր՝ ինչո՞ւ էր կոալիցիոն կառավարություն կազմել։ Նրա հայտարարությունները չեն համապատասխանում մեկը մյուսին, միայն թե այդ պահին փորձ անի ինչ-որ մարդկանց բավարարել»։

Արծվիկ Մինասյանն արձանագրեց, որ Դաշնակցության դերակատարությունը չընկալող իշխանությունը, Դաշնակցության կարողականությունը որպես ազգային հզոր հարստության մի մաս չընկալող իշխանությունը կարճ կյանք է ունենում։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․