կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-07 16:46
Հասարակություն

Ամենակարճ և արդյունավետ ճանապարհն ենք ցույց տալիս. առողջապահության նախարար

Ամենակարճ և արդյունավետ ճանապարհն ենք ցույց տալիս. առողջապահության նախարար

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անկեղծացավ, որ բավականին երկար ժամանակ ծխել է, և մի օր ուղղակի առավոտից դադարել է ծխել: Անդրադառնալով Սեյրան Սարոյանի այն հայտարարությանը` «առողջապահության նախարարը չի ծխում, դրա համար էլ հաջողության մեջ մեռնում ա», Ալթունյանը կատակեց, որ մեռնելը 30-40 տարով հետաձգել է:

Հարցին` պետբյուջե լցնելու միջոց չե՞ն հասարակական վայրերում ծխելու համար սահմանված նման բարձր տուգանքները, նա պատասխանեց. «Դուք գիտեք, եթե մենք էժանացնենք տուգանքները, դա պետբյուջե լցնելու միջոց կլինի, որովհետև եթե տուգանքը բարձր է, դա արգելելու միջոց է, եթե ցածր է, ինչ-որ առևտրի առիթ է` մի քիչ փող տանք, որպեսզի կարողանանք ծխել: Մենք փորձել ենք գնալ ծխելը վերացնելու ուղիով»:

Դիտարկմանը` պետք է հաշվի առնել ժողովրդի աշխատավարձի չափը նման ահռելի տուգանքներ սահմանելուց առաջ, նախարարը պատասխանեց, որ, անշուշտ, հենց այդ նպատակով էլ օրենքներն ընդունում է խորհրդարանը: «Խորհրդարանն այդ ամեն ինչը հաշվի է առնում, մենք ընդամենը ամենակարճ և արդյունավետ ճանապարհն ենք ցույց տալիս»,- նշեց նա ր հավելեց. «Մենք առաջարկում ենք հանրությանը մի ճանապարհ, և այն ճանապարհը, որը խորհրդարանը կընդունի, կլինի այն ուղեցույցը, որով կշարժվի նախարարությունը»:

Դիտարկմանը` պատգամավորների մեծ մասը ծխող է և դժգոհում է տուգանքի չափերից, Ալթունյանն արձագանքեց. «Իհարկե, ծխողները պետք է դժգոհեն, չծխողները պետք է ուրախանան»:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը հասարակական վայրերում ծխելու համար տուգանքներ է սահմանել, որոնց չափերը տատանվում են 50-700 հազար դրամի սահմաններում: