Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ժնևում երեկ ավարտվեց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որն, ինչպես միշտ, անցկացվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջնորդությամբ: Եվ, ինչպես միշտ, բանակցությունները փակ էին. ըստ yerkir.am-ի՝ Regnum-ում տպագրած հոդվածում գրում է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:
Նա հիշեցնում է, որ նախարարների նախորդ հանդիպումն անցկացվել էր 2019-ի դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում և համարվում էր տապալված. թեև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարում էր, որ Ադրբեջանը, Հայաստանը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները հանդիպման ժամանակ կընդունեն հնգակողմ հայտարարություն ԼՂ հակամարտության կարգավորման հարցերով, և դա թույլ էր տալիս ենթադրել, որ նման փաստաթղթի նախագիծ կա, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «բանակցային սեղանին որևէ քննարկվող փաստաթուղթ չկա»: Ադրբեջանի արտգործնախարարն էլ բանակցությունները բնութագրեց որպես «կոշտ». կողմերն օրակարգի համարյա բոլոր կետերով տարաձայնություններ ունեին: Հետևաբար, ըստ Տարասովի, Ժնևի բանակցություններից շատ բան չէր սպասվում:
«Սակայն տեղի ունեցավ անհավանական բան: Նախ՝ ժնևյան բանակցությունները երկու փուլով ընթացան. երկխոսությունը սկսվեց հունվարի 29-ին և շարունակվեց հաջորդ օրը: Երկրորդ՝ զրույցը, ընդհանուր առմամբ, տևեց մոտ 11 ժամ, ինչը նախկինում չէր եղել: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևայի խոսքով՝ «ներկայիս բանակցություններն ամենաինտենսիվն էին վերջին տարիների ընթացքում» և ընթանում էին «ԵԱՀԿ ՄԽ-ի ներկայացրած օրակարգով»:
Եթե այս դիրքերից փորձենք դիտարկել իրավիճակը, ապա ակնհայտ է, որ հակամարտող կողմերը սեղանին ունեն որոշման որոշակի նախագիծ, որի շուրջ էլ բովանդակային կատաղի բանավեճ է ընթանում: Սա՝ մեկ: Երկրորդ՝ բոլոր նախանշաններով՝ Բաքուն և Երևանը սկսում են գոնե որևէ որոշակի հարցում առաջընթացի հասնելու ձգտում ցուցադրել, որպեսզի առաջ գնան: Աչքի է զարնում նաև այն, որ նրանք շտապում են՝ հավանորեն, արտաքինից ճնշումներ զգալով: Այլ մանրամասների մասին խոսել չափազանց դժվար է, քանի որ անմիջապես հայտնվում ես բարդ ինտրիգների լաբիրինթոսում»,- գրում է քաղաքագետը:
Բաքուն և Երևանն արդեն երկար տարիներ, որպես բանակցային գործընթացի հիմնական փաստաթուղթ, ընդունում են Մադրիդյան սկզբունքները: Միաժամանակ, ըստ Տարասովի, գոյություն ունի զուգահեռ իրողություն, երբ Փաշինյանը ջախջախում է այդ հիմքը՝ հայտարարելով, թե այն իրեն ժառանգություն է մնացել Սերժ Սարգսյանից:
«Հարց է ծագում՝ այդ դեպքում ի՞նչ հանձնարարականներով է գործում Հայաստանի արտգործնախարարը: Թե՞ ընդհանրապես հաշվի չի առնում Փաշինյանի հայտարարությունները, գործում է հակամարտության կարգավորման հին շրջանակում: Եթե այդպես է, ապա Մնացականյանը հավատում է բանակցությունների արդյունավետությանը, իսկ վարչապետը՝ ոչ, սակայն նախարարը չի կարող իրավիճակը փոխել կամ նրան քայլեր անելու հնարավորություն չեն տալիս: Կամ էլ հակառակը՝ Փաշինյանը, օգտվելով այն բանից, որ բանակցություններն ընթանում են փակ դռների հետևում՝ երկրների ղեկավարների ու արտգործնախարարների միջև, փորձում է ինչ-որ գործողությունների տեղեկատվական-քաղաքական պաշտպանություն ապահովել»,- նշում է Տարասովը և նոր հարցեր տալիս՝ բայց ի՞նչ որոշման և ի՞նչ որոշակի առաջընթաց քայլերի մասին են սկսել խոսել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները: Արդյո՞ք միայն հումանիտար և անվտանգության միջոցառումների իրականացման համար էր այդ աննախադեպ դիվանագիտական մարաթոնը:
Ի դեպ, ըստ քաղաքագետի, փորձագետները սկսել են խոսել ֆորսմաժորային սցենարների մասին՝ հայկական հասարակայնության ջանքերով «հուղարկավորել» Մադրիդյան սկզբունքները և վերսկսել Ադրբեջանի հետ՝ թեկուզև կարճատև զինված բախումներ, որպեսզի հետո ամեն ինչի մեղքը բարդվի Ռուսաստանի վրա: Սակայն նման զարգացումները վտանգավոր կլինեն և՛ Երևանի, և՛ Բաքվի համար:
Տարասովի կարծիքով՝ Ժնևի հանդիպումից հետո իրադարձությունները տեղի են ունենալու ԱԳՆ-ների փորձագետների մակարդակով, հնարավոր է՝ ոչ միայն երկու երկրների ԱԳՆ-ների, կուլիսների հետևում՝ հաշվի առնելով ներքին և որոշ արտաքին գործոններ և միջնաժամկետ հեռանկարում նվազեցնելով լայնամասշտաբ հակամարտության հնարավորությունը: «Ինչպես ասում են, դրան էլ ենք շնորհակալ»,- հոդվածն ավարտում է քաղաքագետը: