Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերին, վարչապետի որոշմամբ, ընդունվեց սննդի անվտանգության տեսչական մարմնի կանոնադրությունը՝ գրում է hraparak.am-ը: Հունվարի 1-ից մարմինն այս նոր կառուցվածքով պետք է աշխատեր: Նախկին տեսչությունները՝ սննդի անվտանգության, բուսասանիտարական, անասնաբուժական, դարձել են վարչություններ, արագ արձագանքման բաժին է լինելու, արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների սպասարկման բաժիններն ու սահմանային հսկիչ կետերը միավորվելու են, այլ փոփոխություններ են արվել:
Վարչապետի դեկտեմբերի 25-ի որոշմամբ սահմանվել է, որ նոր տեսչական մարմինը պետք է ունենա առավելագույնը 302 աշխատակից, ինչը նախկին հաստիքացուցակից 38-ով պակաս է: Նոր հաստիքացուցակը, սակայն, դեռ հաստատված չէ: «Կառուցվածքը հաստատվել է, հիմա հաստիքացուցակն ու պաշտոնի անձնագրերը պետք է հաստատվեն, ու նոր փոփոխությունը կարվի»,- հայտնեց մեզ սննդի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության պատասխանատու Անուշ Հարությունյանը:
«Իրականում հաստիքացուցակ գրելը ժամանակ է պահանջելու, որովհետեւ հաստիքների համար պաշտոնների անուններ պետք է գրվեն, իսկ դրա համար պետք է պաշտոնների անձնագրեր լինեն, որոնք չկան, պետք է դրանք գնան Քաղծառայության խորհուրդ ու, բացի դա, կառավարման խորհրդում դրանք քննարկվեն: Բացի դա, այդ անձնագրերը պետք է հաստատվեին ստորաբաժանումների կանոնադրությունների հիման վրա, որոնք եւս չկան, ու հիմա, եթե փորձեն գրել առանց ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատելու, կանգնելու են կազուսի առաջ»,- բացատրում է ստորաբաժանումների ղեկավարներից մեկը:
Ներսում շշուկներ են տարածվում, թե նոր հաստիքացուցակը վաղուց է պատրաստ, եւ սպասում էին վարչապետի որոշմանը, որ տեսնեն, թե ինչ է ասելու: Այս պահի դրությամբ ՍԱՏՄ աշխատողներն աշխատանքի են հաճախում դեռ նախկին կազմով, բայց կատարյալ անորոշության մեջ են: Ոչ ոք չգիտի, թե ով է մնալու, ով՝ գնալու: Ներքին պայմանավորվածությունների, կուլիսային խոստումների շրջան է: Սպասվում է, որ այն աշխատակիցները, ում ղեկավարած ստորաբաժանումները ենթարկվում են փոփոխությունների կամ նոր կառուցվածքով այլեւս չեն լինելու, ազատվելու են: Ճիշտ է, նրանց ձեւական առաջարկներ կարվեն: Ասենք, Երեւանի բնակիչներին, որոնք անաշխատանք են մնալու, կառաջարկվի գնալ մարզեր:
Նա վստահեցնում է, որ դեմ չէ կրճատումներին, դրանք, գուցեեւ, անհրաժեշտ են մարմնի կենտրոնական ապարատում, բայց մարզերում ու սահմանային հսկիչ կետերում մասնագետներ չկան: Օրինակ, ահռելի Գեղարքունիքի մարզում 5 շրջան կա, յուրաքանչյուրում՝ անասնաբուժության գծով մեկ տեսուչ, իսկ բուսասանիտարիայի գծով մեկից էլ պակաս է:
Ստորաբաժանումների ղեկավարները նաեւ դժգոհում են, որ նոր կառուցվածքը քննարկելիս իրենց «բանի տեղ չեն դրել», ինչի հետեւանքով արդեն որոշ խնդիրներ են նշմարվում: Օրինակ, գրել են, որ կենտրոնական ապարատում պետք է լինի արագ արձագանքման բաժին: Դրա կանոնադրությունն ու գործառույթները «դե ֆակտո» կրկնելու են տեսչական մարզային կենտրոնի անելիքը: Ստացվում է, որ մարզային կենտրոնն ու արագ արձագանքման բաժնի աշխատողը նույնն են անում:
Տրամաբանական կլիներ, եթե, մինչեւ շահագրգիռ պետական մարմինների քննարկմանը դնելը, ՀՀ կառավարության կամ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը, նոր կառուցվածքը քննարկվեր ծառայության ներսում: Սակայն գործընթացն արվել է գաղտնի: «Դա իրականությանը չի համապատասխանում: Պաշտոնապես բոլորին ուղարկվել է, որ իրենց նկատառումներն ու առաջարկություններն անեն, առանձին բոլորի հետ ղեկավարությունը խոսել է: Ու ներկայացված առաջարկություններն էլ հաշվի են առնվել՝ տրամաբանական շրջանակներում»,- հերքում է մամուլի պատասխանատուն:
Սյուզան Սիմոնյան