Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Անդրադառնալով Ժնեւում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների երկօրյա հանդիպումներին, որոնք առաջին օրն անցան 7, իսկ երկրորդ օրը՝ 4-ժամյա ռեժիմով, ռուսական «Կոմերսանտ»-ն իր հոդվածը վերնագրել է․ «ԼՂ խնդրի շուրջ բանակցություններն ավելի ինտենսիվ են դառնում, Մնացականյանն ու Մամեդյարովը խոսեցին երկու օր եւ էլի են ուզում»։ Ըստ հեղինակի՝ սա չի կարելի ռեկորդ անվանել, քանի որ ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի պատմության մեջ ավելի տեւական բանակցություններ էլ են եղել, սակայն Բաքուն վերջին հանդիպումն անվանել է վերջին տարիների ընթացքում ամենաինտենսիվը: «Այնուհանդերձ, ակնարկն առ այն, որ այս հանդիպումն ինչ-որ բանով տարբերվել է նախորդներից, եւ դա այլ է, որ հունվարի 29-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել: Հենց զրույցի փաստը շատ բանի մասին է խոսում, քանի որ համանախագահող երկրների նախագահները հազվադեպ են ակտիվություն ցուցաբերում բանակցային գործընթացի ժամանակ»,- նկատել է հեղինակը:
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի համար եւս սա կարեւոր է՝ գրում է hraparak.am-ը։ «Ես կդժվարանամ այդ մասին մեկնաբանել, բայց այն, որ այդ հանդիպումները բավականին երկար էին, ինքնին հուշում են, որ լուրջ հարցերի ու լուրջ սկզբունքների շուրջ են տեղի ունեցել քննարկումները»։ Հիշեցնենք, որ 1992-1995թթ․ ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Դավիթ Շահնազարյանը, անդրադառնալով նախօրեին Ժնեւում կայացած Մնացականյան-Մամեդյարով բանակցությունների օրակարգին, նշել էր, որ այնտեղ բովանդակային բանակցություններ են ընթանում ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման շուրջ․ «Դրանցից առանցքայիններից են Լեռնային Ղարաբաղում հայերի եւ ադրբեջանցիների համատեղ բնակեցման գոտիների ստեղծումը, առաջին հերթին բանակցվում է Շուշիի հարցը, ինչպես նաեւ՝ բովանդակային բանակցությունների ինտենսիֆիկացումը: Հենց այդ համատեքստում է նախօրեին Ժնեւում ընթացող բանակցություններին զուգահեռ՝ Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգը սեփական նախաձեռնությամբ հանդիպել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիեւի հետ»։
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը սա հերքել էր։ Արցախի դաշնակցականների ղեկավարն ասում է, որ ո՛չ կարող է հերքել, ո՛չ հաստատել, միգուցե տեղեկատվական հնարք է, բայց այդ մասին կարդացել է նաեւ ադրբեջանական մամուլում՝ ամերիկյան դեսպանի ու, այսպես կոչված՝ ադրբեջանական համայնքի ներկայացուցչի հետ։ Իշխանյանն ասում է, որ «ադրբեջանական համայնք» հասկացությունն արցախյան որեւէ շրջանակի համար՝ քաղաքական ուժից մինչեւ անհատներ, անընդունելի է։ «Այդ ամենը կեղծ սկզբունքների հիման վրա ձեւավորված ինչ-որ միավոր է, որով բերել ու ուզում են հավասարության նշան դնել Արցախի օրինավոր ընտրված իշխանությունների ու ձեւավորած պետական համակարգի հետ։ Մեզ համար սա անընդունելի է, եւ չեմ կարծում՝ որեւէ ձեւով հարաբերությունների կամ բանակցությունների գործընթացում արցախյան կողմի ներգրավման դեպքում ընդունելի լինի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների ներկայությունը»։
Նույնը պնդեց նաեւ Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը, ով էլ ավելի կոշտ ձեւակերպումներով հանդես եկավ՝ ադրբեջանական համայնքը որակելով «ֆեյք համայնք»։ «Հարցն այն է, որ կարող է այդ տեսակի հարց քննարկվել, քանի որ Ադրբեջանն ամեն տեսակի հարց էլ բարձրացնում է։ Հիմա եթե բարձրացնում է, ուզած-չուզած՝ պիտի ինչ-որ անդրադարձ կատարվի, բայց դա չի նշանակում, որ դա ընդունելի է։ «Ադրբեջանական համայնքներ» հասկացություն չկա։ Եվ մեզ համար հստակ է, որ պիտի ամեն ինչ անենք, որ Ադրբեջանի այդ մանիպուլյացիաները՝ Արցախի Հանրապետությունը հավասարեցնել ինչ-որ ադրբեջանական կոչված համայնքի, որը ո՛չ քաղաքական, ո՛չ պետական, ո՛չ նույնիսկ հասարակական կազմակերպություն է, ֆեյքային չգիտեմ ինչ է, եւ այդպիսի բան չի կարող տեղի ունենալ երբեւիցե, որովհետեւ Արցախի Հանրապետությունը գոյություն ունի որպես պետություն տասնամյակներ, եւ նրա կարգավիճակը՝ որպես հակամարտող կողմ, ֆիքսված է Մինսկի խմբի ու ԵԱՀԿ փաստաթղթերում, մասնավորապես՝ 1994 թվականի Բուդապեշտի որոշումներում»։
Դավիթ Բաբայանը նաեւ ասաց․ «Ի՞նչ է նշանակում համայնք․ կան Արցախի ու Ադրբեջանի քաղաքացիներ՝ անկախ իրենց ազգությունից։ «Համայնք» հասկացություն չունենք, ոչ էլ ինքնավար կազմավորում ունենք Արցախի կազմում։ Մեզ համար նման հասկացություն գոյություն չունի։ Եթե կան ադրբեջանցի բնակիչներ, որոնք ժամանակին եղել են Արցախի Հանրապետության կամ նախկին ԼՂԻՄ-ի քաղաքացիներ, սա այլ հարց է՝ փախստականներ, տեղահանվածներ, սա ուրիշ խնդիր է։ Բայց այն չի կարող միակողմանի կարգավորվել»։
Բաբայանն ընդգծեց Ստեփանակերտի պաշտոնական դիրքորոշումը․ խնդիրը կարող է կարգավորվել առաջին հերթին այն դեպքում, եթե կարգավորված են բոլոր քաղաքական խնդիրները։ Այսինքն՝ ոչ մի բաց հարց չպետք է մնա, երբ պետությունները՝ Արցախն ու Ադրբեջանը, իրար ճանաչեն, սահմանները հստակեցվեն, ամեն-ամեն հարց լուծվի, նոր անդրադարձ կատարվի մարդասիրական հարցերին։ Նա ընդգծեց նաեւ, որ չի կարող լինել ադրբեջանցիների վերադարձ Արցախ, առանց հայերի՝ Ադրբեջան վերադարձի։
Ինչ վերաբերում է Մադրիդյան եւ այլ սկզբունքներին, ապա, ըստ Բաբայանի, չկա փաստաթուղթ, կան ինչ-որ հարցեր, որոնք բանակցվում են։ Նա նաեւ ասում է․ «Էն, որ Ադրբեջանը խոսում է՝ տարածքային ամբողջականություն․․․ մենք կարող ենք դրանից հրաժարվել, չէ՞, ստիպված՝ էդ ապուշությունը քննարկում ենք, մեր հարցերն էլ՝ հետը․․․ էս բանակցությունները սա են, ու չի լինում, որ մենակ մեր հարցերը կարգավորենք, իրենք էլ իրենց խնդիրներն են դնում, ու այդ հարցերի շուրջ, ստիպված՝ ընթանում են քննարկումներ, բայց դա չի նշանակում, որ ընդունելի են»։
Անուշ Դաշտենց