Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավիացիոն խորհրդատու Նավիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելի Պարոն Փաշինյան,
ուշադիր հետևում էի ձեր մամլո ասուլիսին, մասնավորապես ավիացիայի մասին հարցին, որը դուք ինքներդ բարձրացրեցիք։ Հերթական անգամ պետք է նշեմ իմ կարծիքը, որ ձեզ մոլորեցնում են՝ ասելով, իբր այս ոլորտում հաջողություններ կան…Ես 20 տարվա ավիացիոն ստաժ ունեմ, բազմաթիվ ավիացիոն ուսուցման վկայագրեր, երբեք չեմ աշխատել պետական սեկտորում, վերջին 5 տարում էլ ընդհանրապես չեմ աշխատում։ Հեղափոխությունից հետո ձեզ բազմիցս դիմեցի, որ ընդունեք, բայց դուք ինձ ընդունելու ժամանակ այդպես էլ չգտաք։
Ես չեմ կիսում ձեր այն միտքը, որ Ryanair-ի մուտքը Հայաստան մեծ հաջողություն է, ամենևին, ավիացիայում կա հստակ հերթականություն` սկզբից երկրում դրոշակակիր ավիաընկերություն ստեղծել և շահագործել, նոր ստեղծել լոուքոսթեր` մասնավոր, բայց վերահսկելի։
Լոուքոսթերների մուտքը Հայաստան ամբողջությամբ չեզոքացրեց տեղական փոխադրող ստեղծելու գաղափարը և դրա կայանալը` հնարավոր ներդրողների համար ավելի ռիսկային դարձավ նման ծրագիրի իրականացումը, երբ ուզես թե չուզես, պետք է հաշվարկես լոուքոսթրների մարկետինգային խաղերով ներկայացվող էժան գները և ստանդարտ փոխադրողի գները համադրես դրանց հետ։
Երևանից դեպի Հռոմ 50$-ով թռչելը և սուրճ խմելը նույնպես համարում եմ մոլորություն, որովհետև 1 ուղևորին Հռոմ տեղափոխելու միայն ինքնարժեքը կազմում է 175$…
Մասնագետ հին ավիացիոն կադրերի մեծամասնության հեռանալը ՔԱԿ-ից և դա ողջունելը ու դրական լույսի տակ ներկայացնելը նույնպես համարում եմ մոլորություն, որովհետև ՔԱԿ-ի հիմնական և կարևորագույն գործառույթը թռիչքային անվտանգության նկատմամբ վերահսկողությունն է և ոչ կոմերցիոն բանակցություններին մասնակցելը։ Այո, որոշ սխալներ եղել են և դրանք շտկվել են, բայց դա ամենօրյա գործ է, մշտապես վերահսկել փաստաթղթերը, եթե ՔԱԿ-ի առաջ ճիշտ խնդիրներ դրվեն՝ մանրամասն ուսումնասիրել տեղական փոխադրողների թռիչքային փաստաթղթավորումն անվտանգության նորմատիվները, և դա արվեր 2 տարի առաջվանից սկսած, ապա Աֆրիկայում թռչող օդանավերին հիմա չէիք փնովի, թերությունները վաղուց կհայտնաբերվեին։
Ասեմ, որ հենց այստեղ է ավիացիան հանդես գալիս որպես բիզնես, որտեղ հարկերը քիչ են բիզնես գնում է այնտեղ։ Աշխարհի լավագույն ավիաընկերությունները հիմա թռչում են այնտեղ․ հիմա առաջվա Աֆրիկան չկա։
Հայաստանում դեռևս կան ավիացիոն մասնագետներ, ովքեր ունակ են շահագործելու տեղական փոխադրողներ․ պետք չի և ճիշտ չի բոլորին մի շղարշով չափել և հներին փնովել` հիմնվելով իրենց հասցեին անհիմն և կեղծ աղբյուրներից ստացված հերյուրանքների վրա։ Ryanair-ի և մյուս Եվրոպական լոուքոսթերների բերելը առանց սուբսիդավորման անհնար է` ինչքան էլ որ հայտարարվի, թե բյուջեից գումարներ չեն տրվում։
Միևնույն է, ինչ-որ գրանտներ և օդանավակայանային այլ անուղղակի սուբսիդիաներ տրամադրվում են։ Ryanair-ը հաջողությամբ թռչում է Եվրոպայում, միայն երկրորդային օդանավակայաններում, ստանում է անուղղակի սուբսիդավորում, թռիչքների տևողությունը` 1-1,5 ժամ է, իսկ դեպի Երևան չվերթերը 3,5-4 ժամ են։ Ինչ որ մեկը պետք է Ryanair-ի կորուստների հետ կապված հավելյալ ծախսերը փոխհատուցի…
Հաջորդ կարևոր թեման` ռուսական փոխադրողները տիրապետում են հայկական ուղևորափոխադումների շուկայի մոտ 70%-ին, իսկ իրենց օդանավակայանների սակագները և նավիգացիայի սակագները իրենց փոխադրողների համար մոտ 2-3 անգամ ավելի էժան են քան ՀՀ-ում գրանցվածներինը։
Այս թեմայով պետք է զբաղվեր ՔԱԿ-ը անցած 2 տարվա մեջ, և եթե հասներ արդյունքի, ես էլ կծափահարեի։ Տաթևիկը լավ անգլերեն գիտի և ազնիվ, ավյունով լցված երիտասարդ է, բայց իրեն չգիտեմ ինչու նշանակել եք անվտանգության վրա վերահսկողություն ապահովող կառույցի ղեկավար։ Ըստ իս՝ սա ոչ մի պարագայում չի կարող համարվել արդյունավետ որոշում»։