Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ը ներկայացնում է շուրջ երկու հազար տարի առաջ սանսկրիտերենով (հին հնդկերեն) գրված, այնուհետև պահլավերեն, պահլավերենից՝ արաբերեն, շուրջ 700 տարի առաջ էլ պարսկերեն թարգմանված «Քալիլա և Դիմնա» (երկու շնագայլերի անուններ են) հանրահայտ գրքից «Կարիճի խայթը» հեքիաթը։ «Քալիլա և Դիմնա» գրքի պարսկերեն թարգմանությունից 1957 թ. Մեհդի Ազարյազդին առանձնացրել և հրատարակել է 25 հեքիաթ, որը 2016 թ. հրատարակվել է նաև հայերեն (Է. Բեգիջանյանի թարգմանությամբ)։
Հեքիաթը լավագույնս բնորոշում է մերօրյա իրականությունը, որտեղ դավաճանների, բանսարկուների և անբարոյականների վարքագիծը խրախուսվում է ՀՀ իշխանությունների կողմից՝ վերածվելով վնասակար մշակույթի։ 2000-ամյա վաղեմության սյուժեում կարիճը խորհրդանշում է մերօրյա արմանբաբաջանյաններին, որոնք իրենց տեսակով թունավորում են բանական միջավայրը, իրենց վարքագծով խախտում բարոյականության օրենքները, ինչի համար էլ հնում մերժել են այդ տեսակի գոյությունը։
Կարիճի խայթը
Մի կարիճ ու մի կրիա էին ապրում հարևանությամբ։ Նրանք էնպես էին բարեկամացել, մտերմացել ու ընտելացել, որ օր ու գիշեր միմյանցից անբաժան էին։ Էդպես երկար ժամանակ ապրում էին, մինչև որ մի անգամ նրանց բնի մոտ ինչ – որ բան պատահեց, որը նրանց կյանքը վտանգեց։ Հարկադրված պետք է տեղափոխվեին մի այլ վայր։ Ճանապարհ ընկան ու գնացին։ Ճանապարհին նրանց մի աղբյուր հանդիպեց, որ բխում էր սարից և տարածվում դաշտում, վերջն էլ չէր երևում։ Կարիճը հենց տեսավ ջուրը, կանգնեց ու ասաց.
- Տեսա՞ր, ինչ աղետի հանդիպեցինք։
- Ի՞նչ է պատահել, ինչու՞ ես տխրել ու էդպես այլայլվել։
- Էլ սրանից վատ ի՞նչ պիտի պատահեր։ Հիմա ոչ կարող եմ բունս վերադառնալ, ոչ քեզնից բաժանվելուն դիմանալ, ոչ էլ կարող եմ ջուրն անցնել, քանի որ հենց ջուրը մտնեմ, կխեղդվեմ։
- Սիրելի բարեկամ, բնավ մի տխրիր, մենք մտերիմներ ենք, բարեկամի համար նեղություն կրելը հաճույք է։ Ես կարող եմ ջուրն անցնել, հիմա իմ զրահը որպես նավ քեզ եմ տրամադրում։ Կնստես մեջքիս, հանգիստ կանցնենք։ Մեր մեծերն են ասել՝ բարեկամին դժվարությամբ են ձեռք բերում, չի կարելի հեշտությամբ կորցնել։
- Կեցցե՛ս, դու հավատարիմ բարեկամ ես, - ասաց կարիճը, - ես էլ ընկերության մեջ սիրում եմ անկեղծությունն ու բարեկամությունը։
Կրիան կարիճին նստեցրեց մեջքին, մտավ ջուրն ու լողալով գնաց առաջ։ Ահագին անցել էին, երբ կրիան սուր ձայներ լսեց։ Կարծես ինչ-որ բանով մեջքը քերում էին։ Իսկ կարիճն ինչ-որ աշխատանքով էր տարված, ջանքեր էր գործադրում։ Կրիան հարցրեց.
- Էդ վերևում ի՞նչ ես անում, ի՞նչ գործի ես, էդ ի՞նչ ձայներ եմ լսում։
- Բան էլ չկա, մեջքիդ վրա փորձեր եմ անում, տեսնեմ որտեղից կարող եմ խայթել։
Կրիան լսելով, շատ զարմացավ ու սրտնեղեց.
- Դու էդ ի՞նչ անխիղճ ու անբարեկիրթ ես։ Կյանքս վտանգելով ցանկանում եմ քեզ օգնել, իմ զրահը քո նավն եմ դարձրել, դու ճամփորդում ես, կփրկվես արհավիրքի հորձանուտից… Եթե մեր տարիների բարեկամությունն անտեսում ես, երախտապարտ չես, գոնե մի խայթիր։ Չնայած, որ քո խայթը որևէ ձևով չի կարող ազդել մեջքիս։
- Ես բոլորովին քեզնից չէի սպասում, որ դու նման բան կասես, - նեղացավ կարիճը, - խոսքը չարագործության ու դավաճանության մասին չէ։ Ինչպես կրակի բնական հատկությունը վառելն է, և որքան էլ որ կրակի հետ բարեկամություն անես, մեկ է վառելու է, ես էլ կարիճ եմ, ու խայթելը բնությունիցս է բխում։ Քեզ հետ որևէ թշնամություն չունեմ, այսուհետ էլ քո բարեկամն եմ։ Չե՞ս լսել բանաստեղծն ինչ է ասել.
Թշնամություն չէ խայթելը կարիճի,
Երևույթ է՝ բխող նրա բնույթից։
- Ճիշտ ես ասում, - պատասխանեց կրիան, - ես եմ մեղավորը, որ բոլոր կենդանիներին թողել ու քեզ հետ եմ ընկերություն անում։ Եթե ուրիշներին խայթելը քո բնության իրողությունն է, ապա քեզ բարություն անելը նշանակում է չարակամին աջակցել։ Էդ դեպքում հարյուր տարի քո բարեկամությունն ինձ պետք չէ։ Ինձ համար մենակությունը գերադասելի է անազնիվի, անբարոյի հետ ընկերություն անելուց։
Կրիան ասաց, մի շարժումով կարիճին մեջքից ջուրը գցեց, ինքը հանգիստ ու առողջ շարունակեց ճանապարհը։