Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպես արդեն հայտնել ենք, Հայ Հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի որոշմամբ 2020 թվականի հունվարի 8-ին դատական հայց է ներկայացվել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ՝ ԱԺ-ում ունեցած իր ելույթի ժամանակ հնչեցրած արտահայտությունների վերաբերյալ, որպես զրպարտության հիմքով վիրավորանք հասցնելու դատական կարգով պաշտպանության մեխանիզմի կիրառում։
armdaily.am-ը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկացել է, որ Արման Բաբաջանյանի դեմ Քաղաքացիական օրենսգրքով 7 դատական հայց է ներկայացվել։
Առաջին դատական հայցը եղել է 2016թ-ին՝ «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի կողմից՝ 155460 ՀՀ դրամ գումար և 3110 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումար բռնագանձելու պարտավորության մասին։ Հայցը բավարարվել է։
Երկրորդ դատական հայցը ներկայացվել է գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ կողմից՝ 86480 ՀՀ դրամ գումար և 1730 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումար բռնագանձելու պարտավորության մասին։ Հայցը բավարարվել է։
Երրորդ հայցը ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը՝ գումար բռնագանձելու պ/մ (3196000 ՀՀ դրամ): Սակայն հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը վերադարձվել են ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությանը՝ հայցադիմումում թույլ տված խախտումները վերացնելու և եռօրյա ժամկետում դատարան կրկին ներկայացնելու։ Դատական հայցը մերժվել է։ 2019թ-ի հոկտեմբերի 29-ին գործը հանձնվել է դատարանի արխիվ։
Չորրորդ դատական հայցը պատվին, արժանապատվությանը, գործարար համբավին և անձնական ու ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքին պատճառված վնասի փոխհատուցման պ/մ-ով դիմել են Լուսինե Հովսեփի Սահակյանը, Արամազդ Գեորգիի Կիվիրյանը, Արմեն Արտաշեսի Պողոսյանը և Արմինե Արտաշեսի Պողոսյանը։ Սակայն այս անգամ պատասխանող կողմում բացի Արման Բաբաջանյանից նաև Լակմուս իրավապաշտպան ազգապահպան հասարակական կազմակերպությունն է, Էլմիրա Ռազմիկի Մարտիրոսյանը և Սկիզբ Մեդիա կենտրոն ՍՊԸ-ն։ Հայցվոր կողմը պահանջում էր պարտավորեցնել «Լակմուս» Իրավապաշտպան Ազգապահպան հասարակական կազմակերպությանը և Էլմիրա Ռազմիկի Մարտիրոսյանին «lakmoes.am» կայքից ամբողջությամբ վերացնել 19.11.2018թ., ժամը` 00:23-ին, հրապարակված «Փաստաբանական տեռոր սփյուռքահայ ռազմական բժշկի դեմ, որդուն կխլե՞ն» վերտառությամբ հոդվածը, պարտավորեցնել «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությանը և Արման Շամիրի Բաբաջանյանին «1in.am» կայքից ամբողջությամբ վերացնել 20.11.2018թ., ժամը` 10:16-ին, հրապարակված «Փաստաբանական տեռոր սփյուռքահայ ռազմական բժշկի դեմ, որդուն կխլե՞ն» վերտառությամբ հոդվածը: Դատարանի 11.01.2019 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարվել է մասնակի: Դատարանի վերը նշված որոշման դեմ` հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու մասով, վերաքննիչ բողոք են ներկայացրել Էլմիրա Մարտիրոսյանը և «Լակմուս» Իրավապաշտպան Ազգապահպան հասարակական կազմակերպությունը: Գործը դատական կազմին է հանձնվել 26.02.2019 թվականին: Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է։
Հինգերորդ դատական հայցը ներկայացրել է ԱԺ նախկին պատգամավոր, Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Ենոքի Մանուկյանը՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները հերքելուն և հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, զրպարտչական տեղեկություններ տարածելու համար պատճառված վնասը հատուցելու պահանջներով։ Գործը գտնվում է քննության փուլում։
Վեցերորդ դատական հայցը ներկայացրել է նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Մելիքի Հարությունյանը, կրկին պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և պատվին, արժանապատվության ու գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցման պահանջների մասին։ Գործը գտնվում է քննության փուլում։
Յոթերորդ դատական հայցը ՀՅԴ-ինն է ( Իշխան Վաչիկի Սաղաթելյան, Աշոտ Ժորայի Սիմոնյան, Սիմոն Անդունի Սիմոնյան, Շաղիկ Հրայրի Մարուխեան, Արմենուհի Ստեփանի Կյուրեղյան, Լիլիթ Սերյոժայի Գալստյան, Միքայել Վաղինակի Մանուկյան, Արթուր Լևոնի Խաչատրյան, Հակոբ Աղասու Մաթիլյան, Տարոն Արտաշի Տոնոյան և Արծվիկ Գարեգինի Մինասյան)՝ վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, զրպարտության համար փոխհատուցում վճարելու պարտավորության պահանջով։ Այս գործով դեռևս նիստ չի կայացել։
Այս պահին Արման Բաբաջանյանի դեմ եղած 7 դատական հայցերից 3-ը գտնվում են քննության փուլում։