կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-07 16:52
Քաղաքական

Լրատվամիջոցների հանդեպ ճնշումները 2018-2019 թվականներին

Լրատվամիջոցների հանդեպ ճնշումները 2018-2019 թվականներին

Տարեսկզբին՝ Դավոս կատարած այցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մամուլը Հայաստանում այժմ ազատ է, քան երբևէ՝ գրում է antifake.am-ը: Նմանատիպ հայտարարություն վարչապետի կողմից նաև եղել է  տարեվերջին՝ ԶԼՄ ներկայացուցիչների պատվին կազմակերպված Ամանորյա ընդունելության ժամանակ, որի ընթացքում Փաշինյանն ասել  է․«2018թ տեղի ունեցած ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո մի քանի անգամ առիթ ունեցել եմ հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունում մամուլը հեղափոխությունից հետո ազատ է առավել քան երբևէ։ Իհարկե դրանից հետո եղել են դեպքեր երբ կասկածի տակ է դրվել  այդ հայտարարությունը և պնդումը․․․Լրատվամիջոցների դեմ տեղի ունեցող հարձակումներ կամ լրատվամիջոցների գործունեությունը խոչնդոտող դեպքեր․․․Ցավոք այդպիսի դեպքեր են արձանագրվել և ընթանում է քննություն և ես համոզված եմ, որ բոլոր դեպքերը պատշաճ կքննվեն։ Կարող եմ ընդամենը մի բան ասել, հնչում են կարծիքներ, որ գուցե թե այդպիսի հարձակումները կամ այդպիսի երևույթները ուղղորդվում են, առավել ևս կազմակերպվում իշխանությունների կողմից։Ես կարող եմ ասել, որ այդպիսի բան ուղղակի չի կարող լինել, և բացառվում է Հայաստանի Հանրապետությունում այդպիսի որևէ դրսևորում»։

Փաշինյանի այս հայտարարության առաջին հերքումն այն է, որ ԶԼՄ ներկայացուցիչների պատվին կազմակերպված Ամանորյա ընդունելությանը մի շարք լրատվամիջոցներ հրավիրված չեն եղել։

Բացի այդ,քիչ չեն այն դեպքերը, երբ իշխանության ներկայացուցիչները ուղղակիորեն խոչընդոտում են ԶԼՄ-ների աշխատանքներին և նրանց հասցեին մի շարք մեղադրանքներ են հնչեցնում, ընգգծված «վատ» վերաբերմունք ցուցաբերում այս կամ այն լրատվամիջոցի նկատմամբ, ինչը որևէ կերպ չի բնորոշում ազատ, առանց ճնշումների գործող մամուլը։

Այս հոդվածում կներկայացնենք Փաշինյանի կառավարման ընթացքում կատարված բոլոր աղմկահարույց դեպքերը, որոնք հիմնավորում են այն  պնդումը, որ մամուլը ներկայումս ենթարկվում է ճնշումների ներկայիս իշխանության և անգամ նրանց աջակիցների կողմից։

Այսպես, մամուլի նկատմամբ ճնշման առաջին դեպքը տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման սկզբում՝ 2018թ. հունիսին, երբ վարչապետը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց՝ նշելով. «Որոշ հեռուստաընկերություններ, փաստորեն, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից՝ որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել։ Սա թերևս այն դեպքերից է, երբ իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ։ Մի' արեք։ Պարզապես մի' արեք»։Փաշինյանի գրառումը հակասական կարծիքներ է առաջացրել հանրության շրջանում։ Գերակշռող էր այն տեսակետը, որ վարչապետի նման գնահատականը միջամտություն էր հեռուստաընկերությունների գործունեությանը։ Վարչապետն այդպես էլ չբացեց չակերտները և չասաց, թե որ հեռուստատեսությանն է ուղղված այդ գրառումը։ Բայց շատերը դա որակեցին որպես անուղղակի մեղադրանք «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը՝ Ռոբերտ Քոչարյանից հարցազրույց վերցնելու համար։ Վարչապետի գրառումից հետո այդ ժամանակահատվածում մամուլի նկատմամբ ճնշումների վերաբերյալ մի շարք լրատվամիջոցներ հանդես եկան մամուլի նկատմամբ ճնշումները դատապարտող հայտարարությամբ:

Լրատվամիջոցների գործունեությանը ուղղակիորեն միջամտելու հաջորդ դեպքը տեղի ունեցավ, երբ հրապարակվեցինԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։ Ձայնագրության հրապարակումից հետո Նիկոլ Փաշինյանը ուժային կառույցների ղեկավարներին՝ այդ ժամանակ դեռևս ԱԱԾ պետ հանդիացող Արթուր Վանեցյանին և ոստիկանապետ Վալերի Օսիպյանին,հրապարակավ հրահանգեց 2 ժամումբացահայտել և իրեն զեկուցել ձայնագրության հրապարակման աղբյուրը՝ ընգծենք հրահանգ բառը և հիշենք Փաշինյանի վերջին հայտարարությունը (հնչում են կարծիքներ, որ գուցե թե այդպիսի հարձակումները կամ այդպիսի երևույթները ուղղորդվում են առավել ևս կազմակերպվում իշխանությունների կողմից ես կարող եմ ասել, որ այդպիսի բան ուղղակի չի կարող լինել և բացառվում է Հայաստանի Հանրապետությունում այդպիսի որևէ դրսևորումԱյդ բացահայտման գործընթացը հանգեցրեց ուժայինների ներխուժմանը  YerevanToday լրատվական կայքի գրասենյակ՝ հիմք ընդունելով այն, որ առաջինը հենց այդ կայքն է հրապարակել ձայնագրությունը։ Արդյունքում առգրավվեցին կայքի համակարգիչները որոնք երկար ժամանակ հետ չեն վերադարձվել, ինչը խափանել էր լրատվականի բնականոն աշխատանքը։ Մինչ օրս պաշտոնապես հաստատված որևէ տվյալ չկա այն մասին, որ հենց Yerevan Today կայքն է գաղտնալսման հրապարակման հեղինակը։

Հաջորդիվ ուժայինները ներխուժել են News. am-ի և  Aysor.am-ի գրասենյակներ: 

Ներկայիս իշխանականները նաև շատ հաճախ մեղադրական տոնով անդրադառնում են մամուլում տեղ գտած այն նյութերին, որոնք վերաբերվում են վերջիններիս ընտանիքի անդամներին,  նրանց ունեցվածքին, գործուղումներին և արդեն ավանդական դարձած իշխանական խնջույքներին։ Ցանկացած նման հրապարակում իշխանության կողմից արժանանում է խիստ քննադատության։ Նմանատիպ դեպքերից հիշարժան էիշխնական «խաշ-փարթիի» վերաբերյալ «Հրապարակի»հոդվածը, ինչին անդրադարձավ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանին դուր չէր եկել համեմատականները ներկայիս և նախկին իշխանությունների միջև։ Վարչապետը երկար գրառում էր արել իր էջում՝ նշելով. «...Մենք միայն մի բանով չենք նմանվում հանրապետականներին, որ այս և այսօրինակ լրատվամիջոցներին կոնտրոլի տակ չենք առնում»։

Չսահմանափակվելով այդքանով` վարչապետը ուղիղ եթերից նշել է, որ մամուլի 90%–ը պատկանում է իրենց ընդդիմադիր ուժերին, իսկ իրենց ընդդիմադիրների մեծ մասը  նախկին իշխանության ներկայացուցիչներ են։ Ըստ վարչապետի` մամուլը նրանց «հանրապետականացնում է»` ցույց տալով, որ այս իշխանությունը նույնն է, ինչ նախորդ՝ հանրապետական իշխանությունը։ Եթե լրատվականների 90%–ը պատկանում է նախկին իշխանության ներկայացուցիչներին, ստացվում է, որ նախկին իշխանությունները իրենց լրատվական կայքերով 24 ժամ հրապարակում էին  ապրիլ-մայիսյան ցույցերը, և  իրենք իրենց դեմ մեդիա արշավ էին սկսել, ինչն այդքան էլ տրամաբանական չէ։

Հրապարակի հոդվածին անդրադարձել է նաև ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը՝ վարչապետի եղբորորդին, ով իր հարցազրուցում լրատվականներին «մեղադրել» է իրենց «հանրապետականացնելու» մեջ:

Վարչապետը նաև խիստ անհանդուրժող գնահատականներ է հնչեցրել իր ընտանիքի անդամների վերաբերյալ մամուլի հրապարակումներին։ Այնինչ պետության առաջին դեմքի և նրա ընտանիքի նկատմամբ այդչափ ուշադրությունը ոչ միայն նորմալ է, այլև հասարակության պահանջն է, ինչն ապահովվում է լրատվամիջոցների շնորհիվ։ Կարող ենք հիշել մամուլում առկա տեղեկությունները վարչապետի դստեր Մարիամ Փաշինյանին սպասարկող Nissan X Trail մակնիշի 130 uu 01 պետհամարանիշի ամենագնացի և Փաշինյանի մի շարք ոչ համոզիչ և «արդարացող»հրապարակումներն այդ ամենի վերաբերյալ։

Լրատվամիջոցներից շարունակում է բողոքել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը:Երբ լրատվամիջոցները բացահայտեցին, որ Աննա Հակոբյանը ամուսնու հետ մեկնում է վերջինիս օտարերկրյա գործուղումներին, նա  հոդված  հրապարակեց «Հայկական Ժամանակ»-ում՝ ծաղրելով իր գործընկեր լրագրողներին՝ իր՝ Բրյուսել կատարած այցը բացահայտելու և հրապարակելու համար։ Սա Աննա Հակոբյանի միակ  անդրադարձը չէ մամուլում առկա հրապարակումներին։ Մամուլի աշխատանքը «քննադատող» նմանօրիանակ հրապարակումներով հաճախակի հանդես է գալիս նաև վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանը։

Այսվերաբերմունքը ԶԼՄ-ների նկատմամբ անհասկանալի է հատկապես այն պատճառով, որ մամուլը նախկինում ևս հրապարակել է նմանատիպ նյութեր: Որպես օրինակ կարող ենք նշել «Հայկական Ժամանակ» օրաթերթը, որի գլխավոր խմբագիրը եղել է Նիկոլ Փաշինյանը, այնուհետև պաշտոնը զբաղեցրել է վերջինիս կինը՝ Աննա Հակոբյանը, ում իմացությամբ բազմիցս մի շարք նյութեր են հրապարակվել թե՛ նախկինների ունեցվածքի, թե՛ նրանց ընտանիքների, անգամ՝ նրանց արտաքին տեսքի և այլնի մասին։ Դեպքերը քիչ չեն, երբ այդ լրատվականի հրապարակումների վերնագրերն անցնում էին կոռեկտության սահմանը (օրինակ՝ «Օրվա կադրը. Վիգեն Սարգսյանի և Քիմ Քարդաշյանի շուրթերը»)։ Իսկ այժմ այս լրատվականի գլխավոր խմբագիրը կոռեկտության կոչեր է անում մյուս լրատվականներին. «Հայկական լրատվամիջոցները պետք է բարձունքում լինեն անկախ ամեն ինչից, իշխող ուժերից, քաղաքականություններից, կուսակցություններից: Ի վերջո ղեկավարները, կառավարությունները, կուսակցությունները գալիս-գնում են, իսկ մամուլը միշտ մնում է,մամուլը պետք է միշտ լինի իր բարձր դիրքերում». իր ֆեյսբուքյան էջում գրել է Աննա Հակոբյանը։

Մամուլի գործունեությանը անդրադարձել են նաև ԱԺ պատգամավորներ Թագուհի Ղազարյանը և Թագուհի Թովմասյանը: Մասնավորապես Թագուհի Ղազարյանը իր հարցազրույցում կոչ է արել զարգացնել մեդիագրագիտությունը և պնդել, որ մամուլում  այժմ մեծ տեղ են զբաղեցնում մանիպուլիացիաները և բացահայտ ապատեղեկատվությունները։ Իսկ Թագուհի Թովմասյանը նույնիսկ խոստովանել է, որ ինքն էլ է նախկինում իր լրատվականում արել չափազանցված գրառումներ:

Իսկ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը իր հերթին անդրադառնալով մամուլի գործունեությանը, նշել է, որ իշխանության դեմ հայտարարված է մեդիա պատերազմ, և իրենք ընդունում են մարտահրավերը:

ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ևս «թշնամաբար» է տրամադրված մի շարք լրատվամիջոցների դեմ, ինչը վերջինիս կողմից ուղեկցվել է այդ լրատվամիջոցներին իր մասին արված հրապարակումների համար դատի տալու «սպառնալիքով», որը սակայն մասամբ է ի կատար ածվել Սարգսյանի կողմից: Սա ևս ազատ խոսքը լռեցնելու փորձի վառ օրինակ է: Դատի տալու «սպառնալիքի լեզվով» խոսելը բնորոշ է նաև այլ իշխանավորների՝ օրինակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:

Մեկ այլ խնդիր է նաև, երբ իշխանության ներկայացուցիչները խուսափում են մամուլից և  հարցազրույցներ տալուց՝ ծիծաղելի օրինակներ բերելով։ Մասնավորապես, ԱԺ-ում  «Իմ քայլը» խմբակցության կազմակերպած փակ հանդիպման ժամանակ հավատարմագրված լրագրողներին չէր թույլատրվել ներս մտնել, իսկ նիստից հետո էլ պատգամավորները հրաժարվում էին որևէ մեկնաբանություն տալ հանդիպման վերաբերյալ: Օրինակ, պատգամավոր Թագուհի Ղազարյանը «շտապում էր», քանի որ տաքսին սպասում էր, իսկ մյուս պատգամավորն էլ «վիզը բռնվելու» պատճառով խուսափեց լրագրողների հարցերից։ Իսկ պատգամավոր Լուսինե Բադալյանն էլ գրառում էր կատարել, որտեղ նշել էր. «Ես այլևս հրաժարվում եմ հարցազրույց տալ, քանի դեռ որևէ մեկին հետաքրքիր չի իմ ասածն ու արածը, այլ հետաքրքիր է, թե ինչ թույլ կետ ունեմ, որից կկախվեն, կքրքրեն, ծաղրելու բան կգտնեն»։ Լուսինե Բադալյանը կոչ էր արել նաև «հարցազրույցներին ու լուրերին հետևել Հանրային կամ Ազատություն ալիքներով, նաև 1in.am, Civilnet, Hetq և մի քանի այլ ալիքներ, որոնք քիչ թե շատ դեռ պահում են անաչառությունը»։ Հետաքրքիրն այն է, որ նշված լրատվամիջոցները չեն փայլում իրենց անկողմնակալությամբ և ավելի շատ աչքի են ընկնում իշխանություններին սատարող հրապարակումներով։

Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ իշխանության ներկայացուցիչները անբարեհամբույր պատասխաններ տալիս և վիրավորում լրատվամիջոցներին՝ տարբեր պիտակներ կպցնելով, կամ«վիճում» են լրագրողների հետ:

Օրինակ Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը  AntiFake.am-ի լրագրողին կոպտել էր ասելով. «Զանգեք երկուշաբթի օրով, լսե՛ք տիկին, եթե ձեզ ստիպում են աշխատել շաբաթ օրով, էն էլ ժամը 5-ին, իմացեք, որ ինձ չեն ստիպում և ես որևէ հանրային կարևորություն չեմ տեսնում շաբաթ երեկոյան ձեզ պատասխանեմ, էդ հարցին։ Էնպես որ, բարեկիրթ գտնվեք և ձեր խմբագիրներին էլ ասեք, որ դա բարեկիրթ լրագրություն չէ»։

Իսկ քաղաքապետարանի մեկ այլ աշխատակից՝ աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը իր գրառման մեջ զրպարտություն պարունակող արտահայտություններ էր արելAntiFake.am-ի հասցեին՝2 անգամ կայքին «երիտհանրապետականներին պատկանող մի կայք» պիտակավորումը տալով:

Ասվածի ևս մեկ օրինակ է, իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ում դուր չէր եկել 5-րդ ալիքի լրագրողի հարցից, որը վերաբերում էր մահացած զինծառայողի հարազատների հետ հանդիպմանը՝ասելով.«Ես կզարմանայի, որ ձեր հեռուստաընկերությունը այլ հարց տար»։

5-րդ ալիքի նկատմամբ ճնշումները այսքանով չեն սահմանափակվում այն «հիմնավորմամբ», թե լրատվականը կապված է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:5-րդ ալիքի նկատմամբ ակնհայտ ճնշման օրինակ է հեռուստաընկերության տնօրեն Արմեն Թավադյանի՝ձերբակալել են կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով ձերբակալությունը: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանին:«5-րդ» ալիք հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել որտեղ ասված է«5-րդ ալիքի» լրագրողական թիմը մտահոգություն է հայտնում հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի ապօրինի կալանավորման առիթով: Հայաստանում քաղաքական հետապնդումների այս շրջանում գործարարի նկատմամբ քրեական գործի հարուցումը շատ նման է քաղաքական հաշվեհարդարի նրա անձնական կապերի համար: Սա նաև «5-րդ ալիքի» վրա հոգեբանական եւ ֆինանսական ճնշման ամենախայտառակ օրինակն է, որը տեղավորվում է ազատ լրատվամիջոցների դեմ արշավի տրամաբանության մեջ»:

Լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու մեկ այլ դեպք էլ Երևանի քաղաքապետարանի գրությունն էր` ուղղված «Հրապարակ» օրաթերթին և «Ա1+»-ին՝ զբաղեցրած տարածքները ազատելու վերաբերյալ:

Մասնագիտական աշխատանքի խոչնդոտման փորձ է նաև «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատորի վրա հարձակումը, որի վերաբերյալ իշխանությունները դատապարտող հայտարարությամբ հանդես չեն եկել:

Կարևոր է անդրադառնալ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ներխուժմանը: Օրաթերթի խմբագրություն ներխուժմանը նախորդել էին օրաթերթում արված հոդվածները մարտի 1-ի և ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի մասին, որոնց կապակցությամբ ՀՔԾ-ն ցանկանում էր պարզել տեղեկատվության աղբյուրը: Այս դեպքերին հաջորդեցին օրաթերթի գլխավոր խմբագրի հարցաքննությունը ՀՔԾ-ում և նրա հեռախոսային զանգի վերծանումը՝ ապա օրաթերթի խմբագրություն ներխուժումը:Օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանն այս կապակցությամբ . «Ինձ համար շատ մտահոգիչ է, որ լրագրողներն այս աստիճան թիրախավորված են ու հիմա, փաստորեն, այնպիսի իրավիճակ է, որ ամեն լրագրող նյութ գրելուց պիտի մտածի՝ «բա որ գան, բա որ հիմա տանեն, բա որ նորից գնամ ՀՔԾ-ում ցուցմունք տամ, որ իմ աղբյուրը չեմ բացահայտում» և այլն: Լրագրողի աղբյուրները, գիտեք, այն աշխատանքային գործիքներն են, որոնցից եթե զրկում ես լրագրողին, նշանակում է զրկում ես նրան նաև մասնագիտական գործունեություն կատարելու իրավունքից...Ակնհայտ երևում է, որ ինչ-որ բան են փորձել գտնել, բացված է բոլորի դարակները, իմ աշխատասենյակն ամբողջությամբ տակնուվրա արված է, որ ես ամեն ինչ կարող եմ կասկածել իրավապահների կողմից վախեցնելու, զգուշացնելու փորձ, բայց ոչ գողություն, որովհետև կան իրեր, որոնք կարող էին տանել, բայց ոչինչ չեն տարել»:

Իսկ Ankakh.com կայքի գլխավոր խմբագիր Վարդուհի Իշխանյանին՝ ֆեյսբուքյան գրառման կապակցությամբ հրավիրել են բացատրություններ տալուՈստիկանության բաժնում: Իշխանյանը հրաժարվել էր ներկայանալ, ինչից հետոնրա բնակարան են այցելել ինչ-որ անձիք՝ պահանջելով բացել բնակարանի դուռը և ինչ֊որ թղթեր ստորագրել։ Սա ևս ազատ խոսքի ճնշման վառ օրինակ է:

Առավել աղմկահարույց են իշխանության աջակիցների ակհայտ քայլերը որոշ լրատվամիջոցների դեմ: Ասվածի օրինակ է «գերիշխանամետ» դիրքորոշում ցուցաբերող և վերջերս Հանրային Խորհրդի նախագահ նշանակված Ստյոպա Սաֆարյանի վերաբերմունքը լրատամիջոցների նկատմամբ։ Նա մի շարք լրատվամիջոցների արգելել էր ներկա գտնվել իր կողմից ղեկավարվող կառույցի կազմակերպած միջոցառմանը և լուսաբանել այն։ «ԱԶԴԱԳԻՐ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ Մուտքը news.am, hayeli.am, 168.am, yerevan today, 7or.am, livenews.am, 5-րդ ալիք ու Երկիր մեդիա հեռուստաընկերությունների և այլ քարոզչամիջոցների առջև փակ է: Սույն լրատվամիջոցներին ներկայացնող լրագրողները, տեսախցիկները դուրս են հանվելու դահլիճից։ (…)» գրել էր Սաֆարյանը։ Չնայած «արգելքին» որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ՝ TV 5-ի և Livnews լրատվականների լրագրողները, ովքեր հրավիրված չլինելով ցանկություն էին հայտնել լուսաբանելու միջոցառումը,անձնական վիրավորանքներ էին ստացել Սաֆարյանի կողմից, ով ասել էր«Ես ասում եմ դուրս եկեք, սա իմ սեփականությունն է: Սա իմ տունն է, ես կարո՞ղ եմ այսպես լկտի, ինչպես դուք, ներխուժել ձեր բնակարան: Լքեք տարածքը, բացատրություններ ձեր մասով դուք կլսեք այլ լրատվամիջոցներով....»: Լրագրողի դասական լրատվամիջոցների վերաբերյալ հարցին էլ ի պատասխան Սաֆարյանն ասել է«Դուք չեք: Աշխատեք ձեր վրա, կատարելագործվեք: Մենք միայն կայացածներին ենք հրավիրել: Դուք ինձ հրավերներ մի ուղարկեք ո՛չ սաունաների, ո՛չ ձեր տարածքների, ո՛չ ձեր տների: Դուք իմ կինը չեք, որ ինձ տեղ հրավիրեք, ինձ միայն իմ կինը կարող է տեղ հրավիրել»:

Մեկ այլ աղմկահարույց դեպքի օրինակ է Փաշինյանի աջակիցների հարձակումը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի քրոջը՝ Անժելա Թովմասյանին պատկանող «Հայելի» ակումբի վրա: «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակվողները ձվեր էին նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Հարձակում գործած անձինք նշում էին Հրայր Թովմասյանի և Անժելա Թովմասյանի բարեկամական կապերի մասին և ասում, որ «նրանք Ադրբեջանի խոսքն են տարածում Հայաստանում և պետք է «փասափուլաները հավաքեն և գնան իրենց հոր՝ Ալիևի մոտ»»։ Այս հարձակումը կրում է բացարձակապես քաղաքական բնույթ և ուղղված է իշխանություններին «չհամագործակցող» գործիչներին լիկվիդացնելուն: Բացի այդ, «Հայկ Հարությունյանի վերջին խոսքերը ինքնասպանությունից առաջ» հոդվածի հրապարակման համար Hayeli.am-ի հոդվածագիրը հարցաքննության էրհրավիրվել Հայկ Հարությունյանի մահվան գործով:Հայելի ակումբի նկատմամբ ճնշումները այսքանով չեն սահմանափակվել և «Հայելու առաջ» հաղորդաշարը զրկվել էր Կենտրոն հեռուստաընկերությունւմ իր եթերաժամից, ապա սկսել եթեր հեռարձակվել մեկ այլ հեռուստաընկերությամբ:

Այս դեպքերը համընկել են պետություն տեղի ունեցող իրավական, հասարակական և քաղաքական գործընթացների հետ: Նմանատիպ օրինակ է նաև սպորտային լրագրող, Սուրեն Բաղդասարյանին Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա հավատարմագրից զրկումը:

Վերը նշված ճնշումներին զուգահեռ իշխանությունները շարունակում են քաղաքական ներգործությունը Հանրային հեռուստատեսության և Հանրային ռադիոյի նկատմամբ, որի հետևանքով հանրային միջոցներով ֆինանսավորվող այդ ԶԼՄ-ները շարունակում են մատուցել կողմնակալ և ոչ օբյեկտիվ լրատվություն։ Որպես օրինակ կարող ենք բերել Հանրային հեռուստաընկերության կողմից մատուցված մի շարքկողմնական հրապարակումներ(12, 3 45):

Նույնը կարելի է ասել պետական ֆինանսավորում ունեցող «Արմենպրես» գործակալության մասին, որը 2019-ի ընթացքում սկսեց հրապարակել քարոզչական բնույթի հոդվածներ, ինչն աննախադեպ է «Արմենպրես»-ի գործունեության պատմության մեջ։ Մասնավորապես, «Մի սենսացիոն լուսանկարի հետքերով. Աննա Հակոբյանը գիտե որտեղ ինչ հագուստ կրել» վերնագրով հոդվածը իշխանական քարոզչամիջոցին բնորոշ ցածրորակ հրապարակում էր՝ վարչապետի «տիկնոջ կարմիր զգեստի պաշտպանության» համար:

Այս ամենը ևս խոսում է իշխանությունների կողմից հանրային միջոցներից ֆինանսավորվող լրատվականների նկատմամբ ներգործության մասին։

Նշված բոլոր դեպքերը և փաստերը ապացուցում են այն ենթադրությունը, որ նոր Հայաստանում իշխանությունները և նրանց աջակիցները մամուլի նկատմամբ ճնշումներ են գործադրում և փորձում նրանց ներկայացնել որպես իշխանությունների թշնամի:

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր՝ antifake.am