կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-12-27 22:30
Հասարակություն

Քաղցրանալու զրո հավանականությամբ հոդված

Քաղցրանալու զրո հավանականությամբ հոդված

Կար ժամանակ, երբ գյուղատնտեսությունը 45 տոկոսով  ապահովում էր մեր երկրի ՀՆԱ-ն։ Այսօր մենք անգամ կարտոֆիլ ենք ներկրում ոչ միայն Թուրքիայից, այլև Բելառուսից ու Պակիստանից։ Կարտոֆիլ արտահանող երկրից դարձանք կարտոֆիլ ներկրող։ Միայն այս տարի 150 տոննա ներկրել ենք նշված վերջին երկու երկրներից։

   Ցորենի ցանքատարածքներն էլ են մոտ 30 տոկոսով պակասել,  իսկ վերջին  5 տարում  կրճատվել են  10-12 տոկոսով։ Զարմանալի  չէ. իշխանությունները բազմիցս են հայտարարել, որ Հայաստանը չպետք է ագրարային երկիր լինի, մենք պետք է բարձր տեխնոլոգիաների կարևորագույն կենտրոն դառնանք։ Սիլիկոնե հովիտ. ահա մեր տեսլականն ու առաջ մղվելու նպատակը։ Իսկ այդ երազանքի ճանապարհին չենք էլ կարևորում՝ ինչքան խոպան հողեր ունենք, որ կարելի է մշակել, աշխատատեղ ստեղծել, հայ գյուղացուն իր տանը, իր հողի վրա պահել, գյուղերը չդատարկել, գյուղացուն քաղաքում տաքսիստ կամ Ռուսաստանում ասֆալտ փռող չդարձնել։

  Տարին 12 ամիս, անգամ ամռանը Թուրքիայից միրգ ու բանջարեղեն ենք ներկրում։ Սարսափում ենք, որբ վաճառողն ասում է. «Լոլիկը թուրքական է, բայց ինչ պակաս լոլիկ է որ։ ... Ի՞նչ գիտեք՝  տեղական լոլիկն ինչ ճանապարհով են կարմրացնում, ինչ քիմիկատներով են աճեցնում։ Եթե իմանաք, մոտ էլ չեք գա»։

  Ընկերներիցս մեկը մի առիթով պատմեց, որ ամռանն իրենց գյուղ  Ռուսաստանից հյուրեր են եկել։ Երեխաները մտել են բանջարանոց ու լոլիկ պոկել-կերել։ Տանտիրուհին հենց տեսել է նրանց ձեռքի լոլիկները, անմիջապես հարցրել է. «Որտեղի՞ց եք քաղել»։ Երեխաները ցույց են տվել տեղը։ Կինը սարսափած ասել է. «Թափե՛ք, արագ, դա վաճառելու համար է, ուտելու լոլիկը տան հետևի բանջարանոցից քաղեք»։ Սա իրական պատմություն է՝ հիմնված լոլիկ աճեցնող ու շուկայում վաճառող հայ գյուղացու գործողությունների վրա։

   Մեկ այլ իրական պատմություն, որը ազգականներիցս մեկն է պատմել։ Նա աշխատում է վարունգի ջերմոցում։ Նոր տարուց մի քանի օր առաջ խնդրեցի՝ մեկ-երկու կգ վարունգ բեր ջերմոցից, կգնեմ։ Պատասխանեց. «Ես քեզ վատություն չեմ անի։ Ընդմիջմանը, երբ աղջիկներով նստում ենք հաց ուտելու, կողքի ջերմոցից ենք վարունգ առնում։ Էնտեղ ոնց են աճեցնում, չգիտեմ, բայց գոնե աչքներիցս հեռու է, չենք տեսնում»։

   Այս հոդվածը կարդացող գյուղատնտեսները, ջերմոցի սեփականատերերը միգուցե հիմա զայրույթից ատամները կռճտացնում են, բայց հանուն ազնվության նրանք էլ պիտի խոստովանեն, որ «էկոլոգիապես մաքուր, անարատ» ասվածը միայն սիրուն բառեր են։

  Տավուշի մարզում ալպիական սարեր, դաշտեր կան. հողատարածքների 70 տոկոսը չի մշակվում, մինչդեռ այդ հողերն Արարատյան դաշտի նման շիկահող կամ կավահող չեն, այլ սև, բերրի, փխրուն. մի հունդ գցես, հարյուրապատիկը կստանաս։ Մարդիկ էլ աշխատասեր են ու աշխատանք չունեն. հողը մշակում, բերք են ստանում այնքան, որքան իրենց բավական է ուտելու ու մի քիչ էլ վաճառելու համար։

  Մենք միսը ներկրում ենք. գիտենք, որ այդ զանգվածին միս ասելը մեղք է, բայց եթե անասնապահությունն անկում է ապրում, ուրեմն պետք է ներքին պահանջները բավարարելու համար ներկրենք։ 25.000 տոննայով ավելի ենք այս տարի միս ներկրել։ Երաշտի պատճառով անասնակերն  այս  տարի անասելի թանկացել է, դա էլ նպաստեց ներկրման ծավալների մեծացմանը։

   Այսքանից հետո ուզում եմ այս դառը տեքստը գոնե մի քիչ քաղցրացնել, բայց դժվար թե ստացվի։ Մեղվաբուծությունն էլ է անկում ապրում։ Բայց պատկեն ամբողջ աշխարհում է տխուր. մեղրի արտադրանքը  30 տոկոսով կրճատվել է։ Լեհ և անգլիացի ուսումնասիրողները պարզել են, որ բջջային, ինտերնետային կապի պատճառով մեղուները ոչնչանում են։ Մերոնք դեռ կարծիք, տեսակետ չեն հայտնել, բայց  եվրոպացիները որ մի բան ասում են, ուրեմն գիտեն էլի։

Նաիր Յան