կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-25 17:05
Իրավական

Նարեկ Մութաֆյանն ազատ է արձակվել

Նարեկ Մութաֆյանն ազատ է արձակվել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան, փաստաբան Արամ Վարդևանյանն, ըստ Yerkir.am-ի, իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Նարեկ Մութաֆյանը ազատ է արձակվել:

«Նարեկ Մութաֆյանը ազատ է արձակվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի Ռ. Մխիթարյանի որոշմամբ»,- մասնավորապես գրել է Վարդևանյանն ու ավելի ուշ հավելել. «Ես հատուկ ուզում եմ շեշտել, որ Սարգիս Օհանջանյանը և Նարեկ Մութաֆյանը զրկված են եղել արդար դատաքննության իրավունքից շենգավիթ նստավայրի դատավորների՝ Արտուշ Գաբրիելյանի և Նելլի Բաղդասարյանի անմիջական ջանասիրության արդյունքում: Ուշագրավ է, որ հենց այդ երկու դատավորների դատական ակտերը բեկանվեցին միայն Վերաքննիչ ատյանում: Այս տղաների նկատմամբ նշյալ դատավորների ակտերի վերաբերյալ մանրամասներ դեռ շատ կներկայացնեմ»:

Հիշեցնենք` Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել էր երկու անձ:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 27-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը ՀՀ Ոստիկանության շենգավիթի բաժնում հաղորդում, այնուհետ բացատրություն է տվել այն մասին, որ նույնը օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից Լազոյի փողոց քայլելու ընթացքում իրեն են մոտեցել երկու երիտասարդ, ովքեր սկսել են տեսանկարահանել իրեն՝ հայտարարելով, որ ուղիղ եթերում են, իսկ նրանցից մեկը՝ ով ներկայացել է բլոգեր Նարեկ Մութաֆյան, սկսել է հարցեր տալ Ա. Դանիբեկյանի նախագահությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քննվող քրեական գործից և նրա նկատմամբ հնչեցել է վիրավորական արտահայտություններ:

Դեպքի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Ավելի վաղ դատարանը բավարարել էր Նարեկ Մութաֆյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդությունը:

Ձեր գրառումը տեղ գտավ Yerkir.am լրատվական կայքում։ Շնորհակալություն։