կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-20 09:11
Քաղաքական

Կուտը չկերանք, պարոն վարչապետ. ՊՊԾ –ն «Նիսան» գնել է նոյեմբերին և դեկտեմբերին.168.am

Կուտը չկերանք, պարոն վարչապետ. ՊՊԾ –ն «Նիսան» գնել է նոյեմբերին և դեկտեմբերին.168.am

ՊՊԾ –ն «Նիսան» գնել է նոյեմբերին և դեկտեմբերին: Այս մասին գրում է 168.am-ը՝ հակադարձելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա մեկնաբանությանը դստերը տրամադրված մեքենայի անռչությամբ։

«Արդեն մի քանի օր է, հանրությունը բուռն քննարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Մարիամ Փաշինյանի ավտոմեքենայի հարցը։ Քննարկումները թեժացան այն աստիճան, որ Փաշինյանն ուղիղ եթերով անդրադարձավ թեմային՝ փորձելով պարզաբանումներ ներկայացնել ստեղծված իրավիճակի մասին։  Սակայն կարծելով, թե հեռուստադիտողը հավատաց ներկայացված բոլոր փաստարկներին, Փաշինյանը դիմեց հին ու բարի մեթոդներին և որոշեց թեման լրիվ ցրելու համար մեղքը գցել նախորդների վրա, և իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց հետևյալ գրառումը․

«Կարևոր նորություն ՊՊԾ արխիվից. «վարչապետի դստեր ավտոմեքենան» գնելու պայմանագիրը կնքվել է 2018 թվականի ապրիլի 6-ին, երբ Մարիամ Փաշինյանը պոտենցիալ բանտարկյալի դուստր էր, ոչ թե վարչապետի: Սա նրանց համար, ովքեր կասկածով են վերաբերվում այն պնդմանը, թե այդ մեքենան ՊՊԾ-ինն է, պետությանը, ոչ թե Մարիամ Փաշինյանինը»:

Իհարկե, քաղաքացիներից շատերը ծանոթ չլինելով պետական գնումների ոլորտին՝ կհավատան այս էժանագին կեղծիքին, սակայն մեր պարտքն է՝ թույլ չտալ իրականության նման խեղաթյուրում։

Նախ և առաջ, պարոն վարչապետ, պետական գնումների վերաբերյալ փաստաթղթերն արխիվացվում են 3 տարի հետո, ուստի պայմանագիրը գտնելու համար պետք չէ գնալ ՊՊԾ-ի արխիվ։

Բացի այդ, որևէ տեղ առհասարակ պետք չէր գնալ, որովհետև երբ մեղքն ուզում եք բարդել նախկինների վրա, պետք է իմանայիք, որ չնայած բոլոր թերություններին՝ նախկին իշխանությունները նաև բավականին լավ բաներ են արել, և դրանցից մեկը պետական գնումների էլեկտրոնային համակարգն է, որտեղ բաց և թափանցիկ հրապարակվում են բոլոր փաստաթղթերը։

Սա՝ որպես մեթոդաբանական ցուցում, որ աշխատանքի ժամանակ օգտագործեք։

Իսկ հիմա անդրադառնանք բուն թեմային։

Պետական գնումների էլեկտրոնային համակարգից պարզ է դառնում, որ Պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) կողմից մինչև 2018 թվականը Nissan ընկերության ավտոմեքենա առհասարակ չի գնվել։ Nissan մակնիշի գնում, որի մատակարար ընկերությունը հանդիսանում է «ՄՈՒՐԱՆ» ՍՊԸ-ն, իրականացվել է 2018 թվականին՝ 2 անգամ։ Սակայն, ի տարբերություն վարչապետի ֆեյսբուքյան գրառման, այդ գնումն իրականացվել է ոչ թե ապրիլին, այլ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին՝ էլեկտրոնային աճուրդի միջոցով։

Պայմանագրերը կնքվել են, համապատասխանաբար՝ նոյեմբերի 15-ին և դեկտեմբերի 19-ին։ Թե այս գնումներից ո՞րն է վարչապետի դստեր ավտոմեքենան՝ արդեն չենք կարող ասել։ Բայց այն, որ Փաշինյանի ֆեյսբուքյան վերոնշյալ գրառումը չի համապատասխանում իրականությանը և ակնհայտ կեղծ հայտարարություն է, կարող ենք համարել ֆիքսված փաստ։

Ի դեպ, էլեկտրոնային համակարգում հասանելի են նաև պայմանագրերը և գնման մրցույթի բոլոր փաստաթղթերը, այնպես որ, պարոն վարչապետ, չփորձեք ասել, որ դա այլ մեքենա է, այլ գույնի է, և այլն։

Ի դեպ, այն, որ Nissan մեքենայի գնում ՊՊԾ-ն իրականացրել է միայն 2018 թվականին, ամենայն հավանականությամբ, հեղափոխության արդյունքում ՊՊԾ սերն ու հարգանքը դեպի  Nissan Qashqai ավտոմեքենան այնքան է մեծացել, որ կառույցը որոշել է գնել այդ մակնիշի մեքենաներ։

Այնպես որ, պարոն վարչապետ, այս վերջին կուտը ևս չկերանք։ Ներկայացված փաստերը խոսում են այն մասին, որ կամ ՊՊԾ-ն է ձեզ խաբել՝ ասելով, թե մեքենայի պայմանագիրը կնքվել է ապրիլի 6-ին, կամ դուք եք փորձում կրկին խաբել բոլորին։  Երկու դեպքում էլ շատ վատ է, այդպես մի արեք»,– գրել է կայքը։