կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-18 19:18
Հասարակություն

Մեր ինչի՞ն է պետք հայկականից զուրկ մասնագետը, ամբողջ աշխարհում դրանցից լիքն են. ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն

Մեր ինչի՞ն է պետք հայկականից զուրկ մասնագետը, ամբողջ աշխարհում դրանցից լիքն են. ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն

«Դոկտորը գիտություն ստեղծողն է, ոչ թե գիտելիք ունեցողը: Կարծում եմ՝ գիտելիք ունեցողն ու գիտելիք տվողը էականորեն տարբերվում են իրարից: Դոկտորը չի կարող կրթական աստիճան լինել, դա գիտական աստիճան է, իսկ այդ նախագծում հակառակն է առաջ բերվում»,-Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքին, ասաց ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը։

Կատվալյանը գտնում է, որ այդ օրենքն ի սկզբանե ճիշտ չի կազմված, որովհետև մեկ փաթեթում համատեղված են և՛ կրթական, և՛ գիտական համակարգը:

«Պետք է ունենանք կրթության մասին առանձին օրենք, որտեղ անդրադարձ կլինի նաև բարձրագույն կրթությանը, իսկ գիտության մասին օրենքը պետք է լինի լրիվ առանձին, ինչպես նախկինում էր, որովհետև գիտությունը միայն կրթության սպասավորը չէ», - նշում է նա:

ԿԳՄՍ նախարարության առաջ քաշած նախագծում կան դրույթներ, որոնք Կատվալյանի համար ամբողջովին անընդունելի են: Մասնավորապես՝ ակադեմիան լուծարելու մասին դրույթը նա համարում է կոպտագույն սխալ՝ գտնելով, որ չի կարելի նման բան անել, որովհետև ակադեմիան գիտական կուռ, կայուն կազմակերպություն է և շատ բան կարող է անել գիտության ասպարեզում:

Գիտնականի կարծիքով՝ սխալ է նաև գիտական համակարգը մեկաստիճան դարձնելու դրույթը. «Ինձ համար անհասկանալի է նաև՝ ինչու՞ են երկաստիճան գիտական համակարգը դարձնում մեկաստիճան: Գիտական աստիճանը հավասարեցվում է կրթական աստիճանին, ինչն անընդունելի է մեզ համար: Չի կարող դոկտոր համարվել այն մարդը, որը սովորում-սովորում է և գիտելիքների որոշակի քանակ ձեռք բերում»:

Անդրադառնալով լեզվի, գրականության ու պատմության դասավանդման հարցին՝  Կատվալյանը նշեց. «Մենք չպետք է մեզ դնենք եվրոպական երկրի տեղում,  որը ոչ մի խնդիր չունի և կարող է լեզվական հարցերում ազատ քաղաքականություն վարել: Բացի այդ՝ ինչու՞ ենք մենք այդքան վատ աչքով նայում մեր ինքնությանը: Մենք կարող ենք և պետք է կրթական համակարգում պահպանենք մայրենի լեզվի ուսուցումը: Մենք այդքան բացատրեցինք, որ բուհերում պետք է մասնագիտական հայոց լեզու ուսուցանվի, որպեսզի լավ մասնագետներ ունենանք: Պատմության, լեզվի ու գրականության ուսուցումը նպաստում է հայ մարդու, հայ քաղաքացու ձևավորմանը: Մեն ինչին է պետք հայկականից զուրկ մասնագետը, ամբողջ աշխարհում դրանցից լիքն են»,-եզրափակեց լեզվաբանը:

Հ.Գ. Չնայած որ ԿԳՄՍ նախարարը 21-րդ դարում արդյունավետ չի համարում ակադեմիա ունենալու գաղափարը, աշխարհի մի շարք, այդ թվում՝ առաջատար երկրներ Ռուսատանում, Ուկրաինայում, Չինաստանում, Բելառուսում, Թուրքմենստանում, Ֆրանսիայում, Ավստրիայում և այլուր գործում են ակադեմիաներ:

Գևորգ Գյուլումյան