կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-12 19:09
Սփյուռք

Զենք արտադրողների համար ոսկե դար է

Զենք արտադրողների համար ոսկե դար է

Զենքի համաշխարհային արտադրողների համար ոսկե դար է: Սառը պատերազմի ավարտից հետո ոլորտը բարգավաճել է՝ ինչպես երբեք: Անցյալ տարի աշխարհի՝ սպառազինություններ արտադրող 100 խոշոր ձեռնարկություններ մեծացրել են վաճառքի ծավալները 4,6 տոկոսով, 2017-ի համեմատ: Այս մասին, ըստ yerkir.am-ի, ասվում է Ստոկհոլմի Աշխարհի հիմնախնդիրների ուսումնասիրման ինստիտուտի տարեկան նոր զեկույցում:

Զենքի պահանջարկն առանձնահատուկ լավ են ապահովում ամերիկյան արտադրողները: Նրանք զբաղեցրել են աշխարհի խոշորագույն՝ զենք արտադրող ձեռնարկությունների ցուցակի առաջին 5 տեղերը: Ըստ զեկույցի՝ դա պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ-ը վերջին ժամանակաշրջանում այդ ոլորտում խոշոր ներդրումային ծրագրեր է իրականացնում, նաև զբաղվում ոլորտի արդիականացմամբ:

Ստոկհոլմյան ինստիտուտի տվյալներով՝ աշխարհում արտադրվել է 420 մլրդ դոլարի զենք, ընդ որում ՝ հաշվարկում չի ընդգրկվել Չինաստանը, քանի որ, ըստ ինստիտուտի մասնագետների, վստահելի թվեր չի ներկայացնում: Ռուսաստանի ներկայացրած թվերը նույնպես կասկածի տակ են առնվում: Օրինակ՝ ՆԱՏՕ-ն համարում է, որ Ռուսաստանը սպառազինությունների վրա ծախսերի մի մասը ներկայացնում է որպես քաղաքացիական:

Զենքի վաճառքի առումով առաջատարն ԱՄՆ-ն է: 148 մլրդ դոլար է բաժին ընկնում ամերիկյան հնգյակին՝ Lockheed Martin, Boeing, Northrop Grumman, Raytheon և General Dynamics: Աշխարհում զենքի վաճառքի 59 տոկոսը ամերիկյան ընկերություններինն է:

Եվրոպական ընկերություններն ավելի համեստ դեր են խաղում: Զենք արտադրող 100 խոշոր ձեռնարկություններից միայն 27-ն են եվրոպական: Ավելի շատ զենք վաճառում են բրիտանացիները:

Չնայած Ռուսաստանի և Պուտինի կողմից հաճախ բարձրաձայնվող՝ զենքերի նոր համակարգերի նկատմամբ միջազգային մեծ ուշադրությանը՝ ռուսական արտադրողներն աշխարհում այնքան էլ մեծ դեր չունեն: Զենք արտադրող 100 խոշոր ձեռնարկություններից միայն 10-ն են ռուսական: Վաճառքի առումով՝ ռուսական ընկերությունների համար 2017-ից ոչինչ չի փոխվել, թեև որոշակի հետաքրքրություն կա Ս-400 զենիթահրթիռային համակարգերի նկատմամբ:

Աշխարհում արտադրվող զենքի մեծ մասը  գնում է Մերձավոր Արևելք՝ վերջին 5 տարիներին գնումների թիվը կրկնակի մեծացել է: Ամենախոշոր գնորդը Սաուդյան Արաբիան է, որն անցյալ տարի ԱՄՆ-ին պատվիրել էր 110 մլրդ դոլարի զենք:

Մերձավորարևելյան պատերազմներին ու հակամարտություններին՝ Սիրիա, Իրաք, Եմեն, զենք է հարկավոր, ի դեպ՝ նաև սուննի-շիա հակամարտություններին: Մերձավորարևելյան համարյա ոչ մի երկիր զենք չի արտադրում, այդ պատճառով ստիպված գնում են: Հատկապես շատ են այդ ուղղությամբ ծախսում Պարսից ծոցի հարուստ պետությունները, որոնք մշտապես հակամարտում են միմյանց հետ: