կարևոր
1582 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-23 16:50
Հասարակություն

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում պատարագ է մատուցվել

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում պատարագ է մատուցվել

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում այս կիրակի պատարագի արարողություն է արվել՝ եկեղեցու անվանակոչման օրվա կապակցությամբ։ Պատարագը մատուցվել է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի ձեռամբ։ Եկեղեցում հայ հավատացյալներն աղոթքներ են հնչեցրել և մոմեր վառել։

Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի փոխնախագահ Օհաննես Գաֆուր Օհանյանը հայտնել է, որ անվան օրվա առթիվ Ստամբուլից հոգևորականներ են ժամանել Դիարբեքիր, որոնք կատարել են պատարագի արարողությունը։

Օհանյանը նաև հավելել է․ «Մեր հայկական եկեղեցում ամեն տարի անվանակոչման օրվան նվիրված պատարագի արարողություն է իրականացվում։ Այսօր ևս Սուրբ Կիրակոսի անվանակոչման օրն է։ Մաղթում եմ այնպիսի աշխարհ, որում մահեր և հարձակումներ չլինեն։ Տա Աստված՝ այլևս չլինեն այնպիսի բախումներ, ինչպիսին իսրայելա-պաղեստինյան հակամարտությունն է։ Դժբախտաբար անմեղ կանայք և երեխաներ են վիրավորվում կամ մահանում նման ընդհարումների ժամանակ։ Մաղթում եմ, որ նմանատիպ բախումներ այլևս չլինեն»։

Արդեն տևական ժամանակ Սուրբ Կիրակոսում որպես զբոսավար աշխատող արևմտահայ երաժիշտ Ուդի Երվանդն էլ թուրքական լրատվամիջոցի թղթակցի հետ զրույցում շեշտել է Սուրբ Կիրակոս եկեղեցու նշանակությունը և նշել․ «Մեր այս հնամենի եկեղեցին շատ կարևոր է Դիարբեքիրի հայերիս համար։ Այսօր մեր եկեղեցու անվան օրն է, և այստեղի մեր համերկրացիները մեզ մենակ չթողեցին։ Եկեղեցին լեփ-լեցուն էր։ Դա շատ պատվաբեր է»։

https://www.patronlardunyasi.com/haber/diyarbakir-daki-surp-giragos-ermeni-kilisesi-nde-isim-gunu-ayini/293658

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net