կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-03 18:35
Տարածաշրջան

Իրանում կան բոլոր նախադրյալները հեղափոխության համար. The National Interest

Իրանում կան բոլոր նախադրյալները հեղափոխության համար. The National Interest

Իրանում վերջին մի քանի շաբաթների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ երկրում կարող են կրկնվել 1978 թվականի իրադարձությունները, որոնք հանգեցրին շահին գահընկեց անելուն:

Հակակառավարական ցույցերն Իրանում հասել են եռման կետին՝ փողոցներում  վանկարկում են կարգախոսներ, որոնք կոչ են անում տապալել Իրանի գերագույն առաջնորդ՝ այաթոլլա Ալի Խամենեիին: Սա հիշեցնում է 1978-79 թթ. «Մահ շահին» կարգախոսները. ըստ Yerkir.am-ի՝ The National Interest-ում տպագրված հոդվածում նշում է Միչիգանի համալսարանի Ջեյմս Մեդիսոն քոլեջի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Մոհամեդ Այուբը:

Ըստ նրա՝ անվտանգության ուժերը ցույցերը ցրելու նպատակով բազմիցս կրակ են բացել. սպանվել են տասնյակ ցուցարարներ, հնարավոր է՝ հարյուրավորները: Նման իրադարձություններ էին տեղի ունենում նաև 1978-ի աշնանը:

Այուբը շեշտում է, որ Իրանի տնտեսական վիճակի վատթարացումն է հանգեցրել բողոքի ակցիաների: Այսօր այն ավելի վատ վիճակում է, քան շահին գահընկեց անելու նախօրեին: Տնտեսական ճգնաժամը մասամբ ԱՄՆ-ի կողմից 2018-ի մայիսին սահմանված տնտեսական պատժամիջոցների հետևանք է, հատկապես՝ իրանական նավթին վերաբերող: Նավթը Իրանի տնտեսության փրկօղակն է. նավթի վաճառքից Իրանը ստանում է պետեկամուտների երեք քառորդը: Քանի որ անցյալ տարի նավթի արտահանումը կրճատվել է օրական 2,45 բարելից մինչև 0,26 բարել, Իրանի տնտեսությունը կտրուկ անկում է ապրել: Համաշխարհային բանկի՝ 2019 թ. կանխատեսումների համաձայն՝ Իրանի ՀՆԱ-ն աճի բացասական տեմպեր ունի՝ -8,7%: Իրանական արժույթը կտրուկ արժեզրկվել է պատժամիջոցների վերականգնումից հետո: ՀԲ տվյալներով՝ դևալվացիայի պատճառով ներմուծման ավելի բարձր գները մոտակա տարիներին կհանգեցնեն ավելի քան 30 տոկոս ինֆլյացիայի, բացի այդ՝ տնտեսության անկումը կազդի աշխատանքի շուկայի վրա, և հետընթաց կգրանցվի նոր աշխատատեղերի ստեղծման գործում:

Տնտեսական ճգնաժամի կողմնակի արդյունքներից է նոյեմբերին բենզինի գների 50 տոկոս բարձրացումը: Իրանի հասարակությունը սովոր էր, որ պետությունը սուբսիդավորում է նավթի գները, այդ պատճառով վառելանյութի գների անսպասելի աճը բողոքի խթան  դարձավ: Ակցիաներին մասնակցում են հանրության լայն շրջանակներ՝ անկախ դասակարգային ու էթնիկ տարբերություններից:

Միջազգային հարաբերությունների պրոֆեսորը նշում է, որ նախնական փուլում բողոքի ակցիաների պատճառը տնտեսական գործոններն էին, սակայն ներկայումս դրանք ակնառու քաղաքական երանգավորում ունեն: Ցուցարարները պահանջում են ոչ միայն նախագահ Հասան Ռոհանիի, այլ նաև գերագույն հոգևոր առաջնորդի ու նրա շրջապատի հրաժարականը:

«Հիմնական խնդիրն այն է՝ արդյո՞ք բողոքի ակցիաները կշարունակվեն 1978-ի սցենարով, թե՞ ռեժիմը կկարողանա ուժի միջոցով ճնշել դրանք: Դժվար է որոշակի պատասխան տալ այդ հարցին՝ հատկապես փաստացի համատարած տեղեկատվական արգելափակման ֆոնին: Իշխանություններին նվիրված  ուժային կառույցները լավ գիտակցում են, որ ռեժիմի տապալումից հետո իրենք կզրկվեն ոչ միայն իշխանությունից ու արտոնություններից, այլև կյանքից, նրանք լավ հիշում են, թե ինչ տեղի ունեցավ շահին գահընկեց անելուց հետո՝ սպայական կազմի համակարգված ոչնչացում: Դա էլ բացատրում է այն դաժանությունը, որով անվտանգության ուժերը ցրում են ցույցերը: Սակայն դժվար թե այսօր որևէ մեկն ընդունի այն փաստարկները, թե իշխանությունները պաշտպանում են իսլամը կամ երկիրն օտար թշնամիներից: Իշխանությունները կարող են գլուխ հանել ներկայիս ցույցերից ու բողոքի ակցիաներից, սակայն նրանց լեգիտիմությունը և իշխանությունը պահելու կարողությունը լուրջ վնաս են կրել: Հնարավոր է՝ այս տարի 1979-ի իրադարձությունները չկրկնվեն, սակայն բողոքի ակցիաները, անկասկած, հող են նախապատրաստել դրանց համար ոչ հեռավոր ապագայում»,- ամփոփում է Մոհամեդ Այուբը: