կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-03 14:04
Հասարակություն

Վարչապետի որոշմամբ հայկական պատվիրակությունը կմեկնի Բաքու

Վարչապետի որոշմամբ հայկական պատվիրակությունը կմեկնի Բաքու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դեկտեմբերի 4-7-ը հայկական եւս մեկ պատվիրակություն կմեկնի Բաքու: Վերջին 20 օրերի ընթացքում սա հայերից բաղկացած երկրորդ խումբ, որ մեկնում է Ադրբեջան. Yerkir.am-ը այս մասին տեղեկանում է gov.am-ից:

Այդ օրերին Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի է ունենալու Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) Միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նստաշրջանը, ինչպես նաեւ կառույցի 20-ամյակին նվիրված ժողովը:

Հայկական պատվիրակության կազմում են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, նույն նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության տեխնիկական քաղաքականության բաժնի պետ Արման Կարապետյանը եւ ՀՀ արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության ու զարգացման համագործակցության վարչության խորհրդական Արտեմ Ազնաուրյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-21-ը տեղի էր ունեցել հայ եւ ադրբեջանցի լրագրողների խմբերի փոխադարձ այց. Հայաստանի եւ Արցախի զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել էին Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները՝ Հայաստան եւ Արցախ:

Ավելի վաղ՝ 2017-ի սեպտեմբերի 22-ին , Ադրբեջան էին այցելել ԱԺ այն ժամանակ դեռ պատգամավոր Արմեն Աշոտյանն ու գործող պատգամավոր Մանե Թանդիլյանը։ Բաքվում նրանք մասնակցել էին «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի կոնֆերանսին:

Ադրբեջանը հայերի նկատմամբ խտրական քաղաքականություն է վարում՝ խոչընդոտելով նրանց մուտքն Ադրբեջան: Նույնիսկ այլ երկրի քաղաքացի հանդիսացող, բայց ազգությամբ հայերը Ադրբեջան այցելելիս խոչընդոտների են հանդիպում: