կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-20 16:32
Աշխարհ

Էստոնիան Ռուսաստանից տարածքներ է պահանջում

Էստոնիան Ռուսաստանից տարածքներ է պահանջում

Էստոնիայի Ռիյգիկոգուի (խմբ. խորհրդարանի) խոսնակ, Պահպանողական ժողովրդական կուսակցության անդամ Հենն Պըլլուաասը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է վերադարձնի Էստոնիայից խլված տարածքները (խմբ. մոտ 5.2 տոկոս). հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Էստոնիան չունի տարածքային պահանջներ Ռուսաստանից, բայց ցանկանում է, որ իրեն վերադարձվեն իր տարածքները»,- հայտարարել էր Պըլլուաասը՝ հավելելով, որ Էստոնիան, ինչպես նախկինում, ճանաչում է Տարտուի համաձայնագիրը:

Նշենք, որ Տարտուի (Դորպատ) համաձայնագիրը կնքվել էր 1920 թ. Ռուսաստանի ԽՖՍՀ և Էստոնիայի միջև և համարվում էր էստոնական դիվանագիտության հաղթանակներից, որով Էստոնիան անկախացավ, իսկ Ռուսաստանը հրաժարվեց Էստոնիայի նկատմամբ բոլոր իրավունքներից:

Իսկ Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեյնսալուն նշել է, որ ՌԴ-ի և Էստոնիայի միջև կնքված համաձայնագրի վավերացումը սահմանների վերաբերյալ չունի տեսլական այս պահին՝ առկա անհամաձայնությունների պատճառով: Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասն էլ հայտարարել էր, որ թեև այդ համաձայնագիրը շատ կարևոր է Էստոնիայի համար, այնուհանդերձ, «նրանք ապրում են 2019 թ. և պետք է հասկանան իրականությունն ու առաջնահերթությունները»:

Ի պատասխան Ռիյգիկոգուի խոսնակի՝ ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ անընդունելի են Ռուսաստանի նկատմամբ տարածքային պահանջները: