Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը իր ելույթում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովին կոչ է արել 1,5 միլիոն դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղում ականազերծման և ականներից տուժածների վերականգման ծրագրին: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը:
Կոնգրեսականն իր խոսքն ասել է ուղիղ տեսակապի միջոցով Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի առաջին վիրտուալ լսումների ժամանակ: Հանձնաժողովը քննարկում էր 2021 թվականի արտաքին օգնության հիմնական առաջնահերթությունները:
Կոնգրեսական Շերմանի կոչին միացել են ևս 9 կոնգրեսականներ՝ Ջուդի Չուն, Դեյվիդ Սիսիլինին, Ջիմ Քոստան, Թջեյ Քոքսը, Ջոն Գարամենդին, Ջիմ Հիմեսը, Քերոլայն Մալոնին, Ադամ Շիֆն ու Ռաշիդա Թլայբը, ովքեր գրավոր իրենց աջակցությունն են հայտնել ականազերծման ծրագրի ֆինանսավորմանը:
ԱՄՆ վարչակազմը դեռևս 2019 թվականի գարնանը որոշել էր դադարեցնել Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագիրը, որն իրականացնում է «HALO Trust» բրիտանական կազմակերպությունը՝ պատճառաբանելով, որ ծրագիրը մոտեցել է իր ավարտին: ԱՄՆ պետքարտուղարության և Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչների համատեղ նամակում ընդգծվել է, որ տրամադրվող միջոցները կուղղվեն այլ ոլորտներ, մասնավորապես բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու ծրագրին:
Ամերիկահայ կազմակերպությունները շնորհակալությունն են հայտնել կոնգրեսական Շերմանին ու նրա գործընկերներին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովում ականազերծման ծրագրի հարցը հնչեցնելու համար: Կազմակերպություններն ընդգծում են ականազերծման կարևորությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության համար և ծրագրի մարդասիրական բնույթը: