կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-25 00:11
Արցախ

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում 1.5 միլիոն տրամադրել Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագրին

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում 1.5 միլիոն տրամադրել Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագրին

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը իր ելույթում կոչ է արել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովին 1,5 միլիոն դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղում ականազերծման և ականներից տուժածների վերականգման ծրագրին. այս մասին գրում է Ամերիկայի ձայնը:

Կոնգրեսականը իր խոսքն ուղղել է ուղիղ տեսակապի միջոցով Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի առաջին վիրտուալ լսումների ժամանակ: Հանձնաժողովը քննարկում է 2021 թվականի արտաքին օգնության հիմնական առաջնահերթությունները:

Կոնգրեսական Շերմանի կոչին միացել են ևս 9 կոնգրեսականներ՝ Ջուդի Չուն, Դեյվիդ Սիսիլինին, Ջիմ Քոստան, Թջեյ Քոքսը, Ջոն Գարամենդին, Ջիմ Հիմեսը, Քերոլայն Մալոնին, Ադամ Շիֆն ու Ռաշիդա Թլայբը, ովքեր գրավոր իրենց աջակցույունն են հայտնել ականազերծման ծրագրի ֆինանսավորմանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ վարչակազմը դեռևս 2019 թվականի գարնանը որոշել էր դադարեցնել Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագիրը, որը իրականացնում է HALO Trust բրիտանական կազմակերպությունը՝ պատճառաբանելով, որ ծրագիրը մոտեցել է իր ավարտին: ԱՄՆ պետքարտուղարության և Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչների համատեղ նամակում ընդգծվել է, որ տրամադրվող միջոցները կուղղվեն այլ ոլորտներ, մասնավորապես բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու ծրագրին:

Ամերիկահայ կազմակերպությունները շնորհակալությունն են հայտնել կոնգրեսական Շերմանին ու նրա գործընկերներին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովում ականազերծման ծրագրի հարցը հնչեցնելու համար: Կազմակերպություններն ընդգծոմ են ականազերծման կարևորությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության համար և ծրագրի մարդասիրական բնույթը: