կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-05 14:57
Հասարակություն

Ի վերջո, ո՞վ է Դալմայի պատմական այգիների իրական տերը. թնջուկի հետքերով

Ի վերջո, ո՞վ է Դալմայի պատմական այգիների իրական տերը. թնջուկի հետքերով

Չնայած տարբեր պետական մարմիններին ուղարկված մեր բազմաթիվ հարցումներին՝  շուրջ երեք ամիս է, ինչ չենք կարողանում ստանալ Դալմայի այգիներին առնչվող հարցերի պատասխանները. Yerkir.am-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մարի Չաքրյանը:

Նա Yerkir.am-ին է տրամադրել Երևանի քաղաքապետարանի՝ 2004 թ. այն որոշումը, որով ՊՆ-ին  անհատույց, մշտական օգտագործման իրավունքով Դալմայի այգիներ կոչվող հողատարածքից տարածք է տրամադրվել: Եվ չնայած այս փաստին՝  «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի նախագահին ՀՀ պաշտպանության նախարարությունից պատասխանել են, որ  Դալմայի այգիների վարձակալներից ՀՀ պաշտպանության նախարարությունը հողատարածքներ ձեռք չի բերել:

«Նպատակ ունենք Դալմայի այգիների վերաբերյալ ամբողջական փաստագրական, հիմնավոր տեղեկատվություն հավաքել՝ անդրադառնալով դրա բոլոր ասպեկտներին՝ հողօգտագործողների խախտված իրավունքներ, ոչնչացված կանաչ, վտանգի տակ գտնվող պատմամշակութային տարածք, չկատարված միջազգային պարտավորություններ. այս շղթան բավականին երկար է»,- նշեց Մարի Չաքրյանը՝ անդրադառնալով տարբեր պետական մարմիններ ուղարկված հարցումներին:

«Ձևակերպել ենք հարցեր, թե նախկինում քանի՞ կոլտնտեսություն է եղել Դալմայի այգիներում, քանի՞ հողօգտագործող է եղել, և ինչո՞ւ նրանց  այդ տարածքները չեն տրվել սեփականության իրավունքով, ինչքա՞ն է Դալմայի այգիների տարածքը, քանի որ տարբեր փաստաթղթերում տարբեր թվեր են գրված՝ մի տեղ 520, մի տեղ 538 հեկտար: Ամբողջական տեղեկատվությունը հավաքագրելու, թարմացնելու համար բազմաթիվ հարցումներ ենք արել տարբեր պետական մարմիններ, որոնց մեծ մասը մեր հարցումը վերահասցեավորել է Երևանի քաղաքապետարան, կամ նշել են, որ մեր կողմից հարցված տեղեկատվության տիրապետողը Երևանի քաղաքապետարանն է՝ այն պարագայում, երբ Երևանի քաղաքապետրանը մեր հիմնական հարցերին չի պատասխանել՝ նշելով, որ ինքը չունի տեղեկություն»,- պատմեց Մարի Չաքրյանը

ՀԿ-ի նախագահի խոսքով՝ մոտ  երեքհազարամյա լանդշաֆտից, որը տեսանելի է  արբանյակային լուսանկարներից, ինչպես նաև հիմք վերցնելով  վերջին երեք տարում գիտնականների ուսումնասիրությունը, Դալմայի այգիներում դեռ կան ու պահպանվում են  Երևանի խանության ժամանակներից մնացած, այն է՝ 16-20-րդ դարերի հնձաններ:

Դալմայի այգին համարվում է Երևանի ամենամեծ և ամենահին պտղատու այգին: 1990-1991 թթ. ընթացքում Հայաստանում իրականացված հողային բարեփոխումների և սեփականաշնորհման գործընթացի շրջանակներում Հայաստանի ամբողջ տարածքում կոլտնտեսությունների հողերը, որպես սեփականություն, տրվել են  այդ կոլտնտեսությունների անդամներին, բացառությամբ Երևանի Դալմայի այգիներում գործող կոլտնտեսական հողերի՝ այն պատճառաբանությամբ, որ Դալմայի այգիները պատմական հուշարձան են և չեն կարող տրվել քաղաքացիներին՝ որպես սեփականություն։ Սակայն իշխանությունները հետագայում այդ նույն հուշարձանը մասնատել և, որպես անձնական սեփականություն, բաժանել են տարբեր հողօգտագործողների:

Նարա Մարտիրոսյան