Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին օրերին լրատվական դաշտում անընդհատ քննարկվում է իշխանափոխությունից հետո դիվանագիտական անձնագրերի տրամադրված քանակը: Yerkir.am-ն այս հարցով մեկնաբանություն խնդրեց ԱԳՆ-ից:
Մեզ հայտնեցին, որ այսօրվա դրությամբ վավեր է 1127 դիվանագիտական անձնագիր, որոնցից 886-ը պատկանում են ԱԳՆ դիվանագետներին, արտերկրում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամներին, կցորդներին ու նրանց ընտանիքների անդամներին, 129-ը՝ ԱԺ պատգամավորներին, 93-ը՝ պետական այլ պաշտոնատար անձանց, իսկ 19 դիվանագիտական անձնագիր էլ տրամադրվել է վարչապետի կողմից:
ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ընդգծեց, որ 2018-ի մայիսից առ այս պահը տրամադրվել է 783 դիվանագիտական անձնագիր։ Նշենք, որ այս ցուցանիշի մեջ ներառված են նաև ՀՀ դիվանագետների այն անձնագրերը, որոնք տրվել են, քանի որ հների ժամկետն է ավարտվել:
«Բոլոր դիվանագիտական անձնագրերը տրվել են օրենքի սահմաններում, իսկ վարչապետի թույլտվությամբ ընդամենը 19 դիվանագիտական անձնագիր է տրվել: Դա 2018 թվականի մայիսի դրությամբ 90 տոկոսով ավելի քիչ է, քան եղել է մինչ այդ։ Բոլոր 19 անձինք պետծառայողներ են»,- Yerkir.am-ին հայտնեց Նաղդալյանը։
Ինչ վերաբերում է մինչև 2018 թվականի մայիսը նույն դրույթով տրված անձնագրերի թվին, ապա ԱԳՆ-ն այս պահին նպատակահարմար չգտավ հրապարակել այդ ցուցանիշը՝ միայն ընդգծելով, որ 2018-ի մայիսի դրությամբ այդ թիվը 90 տոկոսով նվազ է եղել մինչ այդ եղած ցուցանիշից։
Զարմանալի է, եթե՝ ոչ տարօրինակ, որ, նման բարձր տոկոսային տարբերություն նշելով հանդերձ, ԱԳՆ-ն զերծ է մնում հստակ թիվ նշելուց, որի վրա պետք է հիմնվեինք՝ նախկին և ներկայիս իշխանությունների կողմից տրամադրված դիվանագիտական անձնագրերի թվային տարբերությունը հասկանալու համար։ Այդուհանդերձ, ելնելով մեկնաբանությունից, կարող ենք ենթադրել, որ թվաբանական հաշվարկով այդ ցուցանիշը եղել է 190-ի սահմաններում։ Այսինքն՝ 2018-ի մայիսի դրությամբ նախագահի թույլտվությամբ դիվանագիտական անձնագիր է ունեցել 190 անձ։
Վարչապետի ընտանիքի անդամների դիվանագիտական անձնագրեր ունենալու մասով էլ ԱԳՆ խոսնակն ընդգծեց, որ օրենքը նախատեսում է նրանց համար դիվանագիտական անձնագրերի տրամադրում։
«Պաշտոն ստանձնելուց հետո ոչ թե իրենք են դիմում, այլ օրենքով ամրագրված է, որ նրանց տրվում է դիվանագիտական աձնագիր»,- ասաց Աննա Նաղդալյանը։
Նշենք, որ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1.1 կետի համաձայն՝ «ՀՀ-ում դիվանագիտական անձնագիր տրվում է Հանրապետության նախագահին, վարչապետին, Ազգային ժողովի նախագահին, Սահմանադրական դատարանի նախագահին և նրանց ընտանիքների անդամներին»։
Այս հոդվածը վերոնշյալ շարադրմամբ գործում է 2004 թվականից։ Մինչ այդ, այն շարադրված էր հետևյալ ձևակերպմամբ. «Դիվանագիտական անձնագրեր են տրվում նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի, ինչպես նաև դիվանագետների ընտանիքների անդամներին` օտարերկրյա պետություններ ծառայության մեկնելիս»:
Փաստենք նաև, որ ներկայիս իշխանությունների կարկառուն ներկայացուցիչները ընդդիմություն եղած ժամանակ անխնա քննադատում էին նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքի անդամների՝ դիվանագիտական անձնագիր ունենալու փաստը՝ ամենևին չհիշատակելով այն օրենքը, որը մեջբերվում է ներկայումս: