կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-15 14:21
Քաղաքական

Եթե Գ. Մարգարյանի կացնահարումը սպանություն չէ, ապա հարսանի՞ք է. Սերժ Սրապիոնյանը՝ Ժ. Լիպարիտյանին

Եթե Գ. Մարգարյանի կացնահարումը սպանություն չէ, ապա հարսանի՞ք է. Սերժ Սրապիոնյանը՝ Ժ. Լիպարիտյանին

Մենք շատ լավ գիտենք Ժիրայր Լիպարիտյանի քաղաքական կնքահոր՝ ով լինելը. Yerkir.am-ի հետ  զրույցում ասաց հասարակական գործիչ, ԵՊՀ դոցենտ, Սփյուռքի նախկին փոխնախարար Սերժ Սրապիոնյանը` անդրադառնալով Ժիրայր Լիպարիտյանի աղմկահարույց հայտարարությանը, ըստ որի՝ Արծվիկ Մինասյանը 30 տարի ասում է` մորթվելու ենք, ինքը մորթվե՞լ է։

Ըստ Սերժ Սրապիոնյանի՝ բոլորովին զարմանալի չէ, թե ինչ կարծիք ունի Ժիրայր Լիպարիտյանը թուրք-ադրբեջանական տանդեմի մասին։ «Ժիրայր Լիպարիտյանը եթե կարող էր՝ թո՛ղ ներկայացներ (և առանց հեգնանքի Արծվիկ Մինասյանի հանդեպ), թե քանի հազար զոհ ենք ունեցել Արցախի ազատագրման ժամանակ, թո՛ղ բացատեր, թե հայ գերիների գլուխներն ովքեր են կտրել և գնդակ խաղացել, թո՛ղ բացատրեր, թե հայ ծերունիներին իրենց տան մեջ ովքեր էին անդամահատել։ Այսքանից հետո՝ թուրքերը և ադրբեջանցիներն ուզո՞ւմ են մեզ ցեղասպանել, թե՞ ոչ: Չեմ կարծում, որ այս ամենը Ժիրայր Լիպարիտյանի ուղեղին հասու լինի»,- ասաց նա։

Սրապիոնյանի խոսքով` Ժիրայր Լիպարիտյանն ամեն ինչ հաշվում է իր հեռավոր տաքուկ անկյուններից, որտեղ թուրքերի ձեռքերն իրեն չեն կարող հասնել՝ մորթելու համար։

«Ամեն օր Արցախի մի խաղաղ բնակչի գողանում են, տանում։ Ամեն օր գալիս և իր աշխատանքը կատարող մարդուն մոտիկից գնդակահարում, գնում են։ Ժիրայր Լիպարիտյանը թո՛ղ ասի, թե ո՞վ Գուրգեն Մարգարյանին քնած տեղը կացնահարեց։ Եթե այս ամենը Ժիրայր Լիպարիտյանի համար չի նշանակում սպանություն, ապա նշանակում է հարսանի՞ք։ Ժիրայր Լիպարիտյանն ուղեղային մորմոքի մեջ է, նա  կա՛մ պետք է գնա և ստուգի իր հոգեկան առողջությունը, կա՛մ պետք է այդպիսի գլոբալ խնդիրների վերաբերյալ նման անհեթեթ հայտարարություններ չհնչեցնի»,- փաստեց Սերժ Սրապիոնյանը։

Նա պատահականություն չի համարում այն, որ Ժիրայր Լիպարիտյանն այսօր գտնվում է ՀՀ-ում։։

«Այդպիսի պատահականություններ միմիայն միամիտ մարդկանց համար են լինում։ Ժիրայր Լիպարիտյանը 20 տարուց ավելի է, ինչ Հայաստանից հեռացել է: Նրա մտքով չի անցել Հայաստան գալ, իրեն ինչ-որ բանով ցույց տալ, ոչ բարով հեղաշրջման մեջ էլ չի եղել. Ժիրայր Լիպարիտյանի ձայնը որևէ մեկը լսե՞լ է»,- նշեց Սերժ Սրապիոնյանը։

Նրա կարծիքով՝ տպավորություն է, որ Ժիրայր Լիպարիտյանը,  Հայաստան գալով, ինչ-որ մարդկանց հանձնարարություն է կատարում։

«Հայաստանն ընկած է, և բազմաթիվ  գիշատիչ  կենդանիներ հավաքվել են ընկածի շուրջը։ Եվ այս անկման մեջ ես չեմ կարծում, թե Ժիրայր Լիպարիտյանի տեսակները կարող է իրենց դերակատարումը ունեցած չլինեն. ամենակասկածելի կառույցների հետ կապ են ունենում Ժիրայր Լիպարիտյանի տեսակի մարդիկ»,- եզրափակեց Սերժ Սրապիոնյանը։

          

                                                                                                         Լենա Կարապեյան