կարևոր
4516 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-19 18:16
Հասարակություն

Եթե սա կրթական համակարգի քանդել չէ, ապա ի՞նչ է․ Արմենուհի Կյուրեղյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի ելույթը՝ ԱԺ հայտարարության ժամին

«Սիրելի հայրենակիցներ, ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում կրթական համակարգում իրականացվող քաղաքականության առերևույթ չնկատվող մի գործընթացի վրա:

Խոսելու եմ բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի համալրման՝  օրենսդրության պահանջի կատարմաիրականացվում է արդեն 2 և ավելի տարի որոշ բուհերում:

Եթե բուհերի խոշորացման քաղաքականության այսօրվա գովազդը բացահայտում է մեր երկրի կրթական համակարգը քանդելու՝ այս իշխանությունների նպատակը, ապա դասախոսական կազմի համալրման մրցութայնության պահանջի չկատարումը կրթական համակարգը քանդելու քողարկված գործընթաց է:

Այս իշխանությունները հենց սկզբից սկսեցին հոգաբարձուների խորհրդի կազմի փոփոխությամբ բուհերում նշանակել իրենց սրտի ուզած ռեկտորներին, ովքեր էլ  կառուցվածքային փոփոխությունների անվան տակ փորձեցին բուհերում ունենալ իրենց սրտի ուզած ամբիոնի վարիչներ և դեկաններ: Հիմա էլ անցել են դասախոսներին իրենցից կախվածության մեջ գցելու խնդրին:

Արդեն երկու-երեք տարի է, շատ բուհերում խախտվում է «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» օրենքի հոդված 4. 4-ը, որով մրցութայնությունը սահմանված է որպես բուհական բնագավառում պետական քաղաքականության սկզբունք:

Խախտված է նույն օրենքի հոդված 19.4-ը, ըստ որի գիտամանկավարժական կազմի բոլոր թափուր պաշտոնների տեղակալումը իրականացվում է աշխատանքային պայմանագրով, որին նախորդում է բաց մրցութային ընտրություն:

Չի կատարվել  կառավարության 311-Մ հրամանի 3-րդ կետը, ըստ որի «բուհում սահմանվում է պրոֆեսորադասախոսական կազմի համալրման պայմանագրային եղանակ, որին նախորդում է թեկնածուների ընտրության մրցութային կարգը» :

Օրինական այս պահանջների չկատարման արդյունքում շատ բուհերում դասախոսների կեսից ավելին այսօր աշխատում է ընդամենը ռեկտորի հետ կնքված անհատական աշխատանքային պայմանագրով՝ մինչև 1 ուսումնական տարի  ժամկետով:

Այդ մեխանիզմով բուհերն ազատում են պայքարող, փորձառու, իրենց համար անցանկալի դասախոսներից: Իսկ նրանցից ազատվելու պարագայում հետագայում բուհերի փակվելն ու մայրաքաղաքից հանելն ավելի դյուրին է դառնում:

Եթե սա կրթական համակարգի քանդել չի, ապա ինչ է:
Նշեմ որ նույն իրավիճակն ունենք Վանաձորի պետական համալսդարանում, սակայն նաև իմ համառության և հետևողական աշխատանքի արդյունքում ՎՊՀ-ի հոգաբարձուների խորհուրդը, ինչպես նաև բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն պարտադրել են ՎՊՀ ռեկտորին՝ գարնանը անպայմանորեն կատարել օրենքի պահանջը, այն է՝ անցկացնել բաց մրցութային ընտրություն դասախոսական թափուր պաշտոնների տեղակալման համար:

Պատրաստ եմ հանդիպելու և քննարկելու նաև այլ բուհերի դասախոսների հետ՝ իրենց բուհում նմանատիպ խնդրին լուծում տալու նպատակով:

Հարգելի դասախոսներ, մի  հանդուրժեք Ձեր նկատմամբ նման անօրինական վերաբերմունք ինչ-որ ռեկտորի կողմից, թույլ մի տվեք, որ խաթարվի ՀՀ բուհերի բնականոն գործունեությունը:

Միայն միասնական պայքարը կօգնի հեռացնելու այս իշխանություններին իրենց ազգադավ գործունեությունը իրականացնելուց»:

Մանրամասն՝ տեսանյութում։