կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-09 22:20
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հպարտ եմ Արցախի ճնշված ժողովրդին պաշտպանելու համար. Իրաքի եզդի ցեղապետ

Պատիվ ունենք ներկա գտնվելու համաժողովին, որն առնչվում է ոչ միայն հայ, այլև ճնշված բոլոր ազգերին. Yerkir.am-ի հետ բացառիկ հարցազրույցում ասաց եզդի ցեղապետ Խալեդ Տախիլ Սայեդ Համմոն, որն Իրաքից ժամանած պատվիրակության կազմում մեկնում է Արցախ՝ մասնակցելու «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով՝ Արցախի բարեկամների համաժողովին:

Դուք մեկնելու եք Արցախ՝ մասնակցելու «Պրո Արցախ» համաժողովին: Ինչպես եք գնահատում ինքնորոշվելու և ինքնուրույն պետություն ստեղծելու՝  Արցախի ժողովրդի կամքը:

- Մենք եկել ենք՝ ներկա գտնվելու համաժողովին Արցախում: Ես պատկանում եմ եզդի համայնքին և հպարտ եմ Արցախի ճնշված ժողովրդին պաշտպանելու համար, ինչպես մեծ պապս՝  Համմո Շեռռոն,  1915 թ.-ին Իրաքում պաշտպանեց հայերին:

Մենք պատիվ ունենք ներկա գտնվելու այս համաժողովին, որն առնչվում է ոչ միայն հայ, այլև ճնշված բոլոր ազգերին, որոնք ենթարկվել են ցեղասպանությունների, տեղահանությունների: Մենք բացարձակապես դեմ ենք ռասիզմին, մենք՝ եզդիներս, խաղաղասեր ազգ ենք, բայց դա պատճառ է դառնում, որ մեր ազգի հանդեպ ահաբեկչական գործողություններ կատարվեն:

Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի գործողությունները հայ ժողովրդի հանդեպ՝ նաև զուգահեռներ տանելով եզդի ժողովրդի ճակատագրի հետ:

- 1915 թ.-ին շատ հայեր՝ Ցեղասպանությունից փրկված, հասան Իրաք: Մոտ 20 հազար հայ մեծ պապիս հովանու տակ հաստատվեց եզդիական շրջաններում, ինչի պատճառով Օսմանյան կայսրությունը ճնշումներ սկսեց նաև իմ մեծ պապի դեմ: Օսմանյան կայսրության փլուզումից հետո Իրաքի կառավարումը ստանձնեց Մեծ Բրիտանիան, և իմ մեծ պապը դարձավ իշխան ու օգնեց հայերին՝ նրանց տրամադրեց հողատարածքներ Սինջար շրջանում: Եվ ինչպես մենք օգնեցինք հայերին, նրանք էլ մեզ են օգնում. ՀՀ-ն օգնում է եզդիներին և նրանց քաջալերում: Եզդիներն էլ Թուրքիայի ձեռքով ցեղասպանություն տեսած ազգ են՝ ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում: