կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-08 22:03
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինքնավարում Իրաքի տարածքում՝ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ․ եզդի ակտիվիստ

Հայաստանն այն երկրներից է, որտեղ խտրական վերաբերմունք չկա այլ ազգերի ներկայացուցիչների նկատմամբ, հատկապես եզդիների՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Ռուսաստանում բնակվող եզդի հասարակական ակտիվիստ Մանվել Մամոյանը՝ խոսելով Կապանի զորամասում տեղի ունեցած միջադեպի մասին, երբ նորակոչիկը կոնֆլիկտից հետո լքել էր զորամասը, որից հետո որոշ աղբյուրներ դա սկսեցին ներկայացնել ազգամիջյան խտրականության լույսի ներքո։

«Իրավական գնահատական պետք է լիներ՝ արդյո՞ք եղել է զինվորի նկատմամբ ապօրինություն, թե՞ ոչ, հետո նոր հնարավոր կլիներ մեկնաբանություններով հանդես գալ։ Ես համարում եմ, որ Հայաստանն այն երկրներից է, որտեղ խտրական վերաբերմունք չկա եզդիների հանդեպ․ հայ ժողովուրդը նման վերաբերմունք չի տածում հատկապես եզդի ժողովրդի հանդեպ։ Ես շատ հայ ընկերներ ունեմ, որոնք այսօր բնակվում են Մոսկվայում, և մեր միջև երբեք նման խտրականություն չի եղել»,-ասաց Մանվել Մամոյանը։

Միջադեպը որպես ազգամիջյան խտրականություն ներկայացնելու գործընթացը, եզդի ակտիվիստի ենթադրությամբ, գուցե ֆինանսավորվում է դրսից և ունի նպատակ սեպ խրել հայ և եզդի ժողովուրդների միջև։

«Ունենք ոչ բարեկամ պետություններ, դա կապված է նպատակների հետ, այս դեպքում նպատակը Հայստանում ստեղծել ներքաղաքական խառնաշփոթ և օգտվել այդ ամենից,  բնականաբար, դա կբերի հետևանքի։ Հուրախություն մեզ հայ ժողովրդի մեջ կա առողջ բանականություն, չկա այդպիսի խնդիր, որ մեկս մյուսի միջև խտրականություն դնենք»,-նշեց Մանվել Մամոյանը։

Նա հիշեցրեց, որ անգամ պատերազմի շրջանում Հայաստանում եզդի ժողովուրդը ինքն էր նախաձեռնում, համախմբվում, ջոկատներ կազմում՝ պատերազմ գնալու համար։

Ամբողջ աշխարհի եզդիներն այս օրերին համախմբման շարժում են սկսել՝ Իրաքում ստեղծված Ավագանիների խորհրդի հորդորով։ Մանվել Մամոյանն ասում է՝ նպատակը ինքնավարումն է Իրաքի տարածքում։

«Ինքնավարում Իրաքի տարածքում․ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Հետագայում ինչ կլինի՝ կախված է ապագայից»,-ասաց նա։

Այս պահին ամեն տոհմ  ներկայացուցիչ է ընտրում Ավագանիների խորհրդում ներկայացված լինելու համար։ Եզդիներն ունեն տոհմերի տարանջատում, ամեն տոհմ ունի իր անվանումը։ Մանվել Մամոյանն ասաց՝ ամեն ներկայացուցիչ պետք է լինի հստակ տոհմից․   Ավագանիների խորհուրդը ձևավորվելու  առավելագույնը 366, նվազագույնը՝ 270 տոհմի ներկայացուցչից։ Խորհուրդը ունենալու  նաև ղեկավար։

Միանշանական բոլորի հետ կապ են պահպանում՝ վստահեցրեց Մանվել Մամոյանը, հաղորդակցության խնդիր չկա, եզդիերեն խոսում է մեծամասնությունը։

Շարժման և միավորվելու գաղափարը դեռ 2014 թ-ին եզդի ժողովրդի նկատմամբ տեղի ունեցած  Ցեղասպանությունից հետո ակտիվացավ։ Բացի դրանից եզդիների հանդեպ այլ ահաբեկչական գործողություններ էլ են եղել կրոնական և ազգային ենթատեքստով՝ ասաց Մանվել Մամոյանը։

«Եզդիները ոչ քրիստոնյա են, ոչ մահմեդական, ունեն իրենց կրոնը, և մահմեդական մեծամասնության կողմից կա մոտեցում, որ մենք անհավատներ ենք, արժանի չենք ապրելու, և եթե մեզ սպանեն՝ դրախտում կհայտնվեն։ Ես չեմ ցանկանում փնովել իրենց կրոնական պատկանելությունը,ամեն ազգ ունի այդ իրավունքը, բայց այս դեպքում կա ոչ առողջ բանականություն և կարողանում են մանիպուլացնել իրենց բնակչությանը և կերակրեն այն ինֆորմացիայով, որ նման իրավիճակ են ստեղծում և սպանում կրոնական պատկանելությունից ելնելով։ Մենք ապրում ենք 4 կողմը թշնամիներով, որոնք ցանկանում են մեզ ոչնչացնել՝ ինչքան շուտ այնքան լավ։ Դրա համար եկել է միավորվելու ժամանակը, և շատ վաղուց պետք է այս քայլն իրականացնեինք։ Այս դեպքում մենք ունենք բոլոր հնարավորությունները իրականացնելու այն, ինչի վրա մենք հիմա աշխատում ենք ամբողջ աշխարհի եզդիներով»,-ասաց Մանվել Մամոյանը։

Եզդիները համոզված են և աշխատություններ են նախապատրաստում, որ իրենք սերել են շումերներից։

«Շումերների հետ մենք շատ մեծ կապ ունենք․ ես գիտեմ, որ դա շատերի կողմից անհավատալի է նայվում, բայց փաստեր ունենք, որոնք հրապարկելու ենք մարտին։ Օրինակ, շումերներն իրենց անվանում էին Սևագլուխ, մենք եզդիերենով նման  անվանում ունենք, որով մեզ անվանում ենք։ Շումերի մշակույթը և մեր մշակույթը նույնն է, հագուկապը, մինչև այսօր մեր հոգևոր դասի ներկայացուցիչներն ունեն նույն հագուկապը, ինչ շումերները։  Շումերները միշտ հավաքված են եղել տաճարի շուրջ, մեր եզդիները Իրաքում նույնպես միշտ պետք է տաճարի լինի, որի շուրջ լինեն բնակավայրերը։ Եվ նաև շատկարևոր է, որ եզդիները Միջագետքի բնիկ ժողովուրդներից են»,-ասաց Մանվել Մամոյանը։

 Նրանք ուսումնասիրություններ են անում տարբեր երկրների արխիվներում և փորձում են գտնել եզդիների ծագման ու պատմության մասին վկայություններ։

«Սանկտ Պետերբուգի արխիվներում փաստեր կան, մնացած երկրներում էլ կան, երկրներից մեկում 85 կգ միայն արխիվ ենք կարողացել դուրս հանել, պատկերացնո՞ւմ եք՝ ինչպիսի գրքեր կարող ենք ստանալ»,-ասաց նա՝ չհստակեցնելով որ երկրից են դուրս բերել և ուր են տարել այդ արխիվը։

Մանվել Մամոյանը միայն ասաց, որ այդ վկայությունները եզդիներին տալիս են շատ, շատ մեծ իրավունքներ։ Եվ այս պահին եզդիներն աշխատում են սեփական պատմությունը գրելու վրա։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․