Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսուհետ Երևանի քաղաքապետարանի սանմաքրման հիմնարկը կիրականացնի քաղաքի աղբահանությունն ու սանիտարական մաքրումը՝ այդ աշխատանքների համար բյուջեից տրամադրելով նույն գումարը, ինչ նախկինում «Սանիթեք» ընկերությանն էր տալիս. այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ասուլիսում հայտնեց Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նա հավաստեց, որ նշված աշխատանքները ոչ միայն կարվեն ժամանակին, այլև՝ անհամեմատ առավել որակյալ:
Կարապետյանին հակադարձեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունից Թեհմինե Վարդանյանը՝ հիշեցնելով, որ նախկինում տրամադրվող գումարի մոտ 1 մլրդ-ը վերադառնում էր բյուջե՝ հարկերի տեսքով, քանի որ ծառայություններ մատուցող ընկերությունը մասնավոր էր. հիմա, փաստացի, բյուջեից սանիտարական մաքրմանը տրամադրվելու է այդ հարկերի չափով ավելի գումար: «Փորձեմ ուղղել պարոն Կարապետյանին. «Սանիթեք»-ին տրամադրում էինք 5 մլրդ 200 մլն դրամ, մի՛ ասեք, որ նույն գումարով քաղաքապետարանի հիմնարկն է աշխատելու, քանի որ մասնավոր ընկերությունը դրանից 1 մլրդ կամ 1.2 մլրդ-ը հարկ էր վճարում: Դուրս է գալիս, որ համայնքը մոտ 1 մլրդ-ով ավելի գումարով է աղբահանությունն իրականացնելու»,- ասաց նա:
«Քաղաքապետարանը նույն գումարն է ծախսելու. 1կգ բամբակն ու 1կգ երկաթը նույն կշիռն ունեն»,- արձագանքեց Կարապետյանը:
Վարդանյանն այս պատասխանը որակեց «անտեղի կատակ»:
Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը մտավախություն հայտնեց «Սանիթեք»-ի՝ արբիտրաժային դատարան դիմելու առումով: «Շատ լավ գիտենք, որ միջազգային արբիտրաժային դատարանները մի փոքր առավելություն են տալիս միջազգային ներդրողներին: Եվ այստեղ մենք ունենք բազմաթիվ բաց կողմեր: Խոսքը նախկին իշխանության մասին է, որը կնքել է պայմանագիրը «Սանիթեք»-ի հետ, և մենք ժառանգել ենք նախկիններից թողած այս պայմանագիրը: Իսկ նախկինները բազում պայմանավորվածություններ են ունեցել, որ չեն կատարել: Իսկ դա կարող է բերել մեր դիրքերի թուլացմանը»,- նշեց նա՝ հավելելով, որ այստեղ մեծ գործ ունեն անելու իրավաբանները:
«Աղբահանության խնդրի համակարգային լուծումը քաղաքապետարանը ևս տեսնում է աղբի տեսակավորման և վերամշակման խնդրի լուծմամբ, և այդ դեպքում ինչո՞ւ ձեռք բերվեցին չտեսակավորված աղբի համար նախատեսված նոր աղբամաններ» Yerkir.am-ի այս հարցին ի պատասխան՝ Կարապետյանն ասաց, որ այդպիսի որոշում է կայացվել, քանի որ այս աղբամանները թերևս շարքից դուրս կգան նախքան համակարգային լուծման հասնելը: «Մեկ աղբամանի միջին կյանքը 3-4 տարի է, չէ՞: Երբ մենք հասնենք տեսակավորման այն մակարդակին, որ եվրոպական երկրներում է՝ թուղթն՝ առանձին, պլաստիկն՝ առանձին, ապակին՝ առանձին, մնացած կենցաղայինն՝ առանձին, կանցնի բավական ժամանակ, որ մենք այս աղբամանները փոխարինենք նորերով»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ երեկ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը միակողմանի լուծել է «Սանիթեք» ընկերությունների հետ կնքած պայմանագրերը՝ դրա համար ներկայացնելով հետևյալ հիմնավորումները՝ աղբի պարբեբար չհավաքման փաստերը, աղբամանների փաստացի խիստ անբավարար քանակը, դրանց տեխնիկական վիճակը և շահագործվող աղբատար մեքենաների անբավարար քանակը, որոնք, միասին վերցրած, անհնար են դարձնում պայմանագրով սահմանված պահանջներին և ժամկետներին համապատասխան ծառայությունների մատուցումը, 2019թ. օգոստոսի 29-ից ծառայությունների իսպառ դադարեցման փաստը, պայմանագրերով նախատեսված ապահովագրության պայմանագրերի բացակայությունը, գնումների մասին օրենսդրությամբ «մասնագիտական փորձառություն» և «ֆինանսական միջոցներ» որակավորման չափանիշների սխալ գնահատումը պայմանագրերի կնքման ժամանակ:
Առավել Մանրամասն՝ տեսանյութում.