Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս գործադիրը որոշում ընդունեց Իսրայելում Հայաստանի դեսպանություն բացելու մասին: Դեսպանության նստավայրը լինելու է Թել Ավիվը: Դեսպանության բացումը նախատեսվում է առաջիկա ամիսներին. որպես հավանական ժամկետ՝ խոսվում է 2020 թվականի սկզբների մասին: Նշենք, որ խոսքը վերաբերում է ռեզիդենտ դեսպանի նշանակմանը, քանի որ Իսրայելում ՀՀ դեսպանության նստավայրը եղել է Փարիզում, իսկ վերջին տարիներին՝ Եգիպտոսում ՀՀ դեսպանը համատեղությամբ դեսպան էր նաև Իսրայելում։ 2018 թվականից սկսած՝ Իսրայելում ՀՀ դեսպանի նստավայրը Երևանն է։
Հարցի կապակցությամբ չուշացավ պատասխան արձագանքը. Իսրայելի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նիզար Ամերը հայտարարեց, որ դեսպանատան բացումն արտացոլում է վերջին տարում երկու երկրների հարաբերությունների զգալի բարելավման գործընթացը:
Դեռևս ընթացիկ տարվա հունվարին իսրայելական The Jerusalem post պարբերականին տված հարցազրույցում ՀՀ արտգործնախարար Զ. Մնացականյանը լավատեսորեն գնահատեց առաջիկայում երկու երկրներում դեսպանություններ բացելու հնարավորության հարցը, որը «նոր որակ կարող է հաղորդել հայ-իսրայելական հարաբերություններին»:
Մարտի սկզբին նույն The Jerusalem post-ին տված հարցազրույցում ՀՀ փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը մասնավորապես ասաց, որ Հայաստանը դիտարկում է Իսրայելում դեսպանատուն բացելու հարցը, ինչն իր հերթին կնպաստի, որպեսզի երկու երկրների կապերն անցնեն «հաջորդ մակարդակ»: Հարցազրույցում խոսվում էր նաև Հայաստանում Իսրայելի դեսպանատան բացման՝ հայկական կողմի ցանկության մասին:
Իհարկե, հասկանալի է, որ հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման ու արդյունավետության բարձրացման ողջ տրամաբանությունը չենք կարող պայմանավորել զուտ ռեզիդենտ դեսպանի նշանակման գործոնով։ Անշուշտ, ռեզիդենտ դեսպանի նշանակման հանգամանքը հնարավորություն կտա երկկողմ համագործակցության ներկայիս մակարդակը շատ ավելի արդյունավետ օգտագործելու, եղած ռեսուրսները պրագմատիկ, առարկայական դիտանկյունից կիրառելու, առկա խնդիրներին հնարավորինս օպերատիվ արձագանքելու հարցերում։
Մեր դեպքում Թել Ավիվում ռեզիդենտ դեսպան ունենալու առավելություններից մեկն էլ այն է, որ կկարողանանք առավել ուշադիր հետևել Իսրայելի հայության համայնքային անցուդարձին, առավել առարկայական արձագանքել տեղի հայկական պատմամշակութային, հոգևոր ժառանգության պահպանման հարցում հաճախ առաջացող խնդիրներին։
Կարծում ենք, որ շատ ավելի մեծ է ոչ այնքան ռեզիդենտ դեսպանի նշանակման իրողության, որքան նշանակմանը հաջորդող գործընթացի ու այն հարցադրման նշանակությունը, թե դա որքանով կկարողանա վերաիմաստավորել հայ-իսրայելական համագործակցության նախկին ձևաչափը։
Շատ է խոսվել, որ թեև երկու երկրների միջև ստորագրվել են տարբեր ոլորտներում փոխգործակցության հուշագրեր ու պայմանագրեր, այդուհանդերձ, տարբեր պատճառներից ելնելով, առայսօր չունենք այդ ձևաչափից բխող առարկայական կամ շոշափելի արդյունքներ։
Խնդիրը թերևս այն է, որ երկուստեք չի եղել քաղաքական անհրաժեշտ կամք, չի եղել համագործակցության համար անհրաժեշտ շահերի այն փոխդասավորվածությունը, որը կհանգեցներ երկկողմ համագործակցության ու շահերի առարկայացմանը։
Ռեզիդենտ դեսպանի նշանակման մասին որոշումն ինքնին վկայում է այն մասին, որ կողմերի միջև վերջին շրջանում դրսևորվել է այդ փոխադարձ շահերի համընկնման գործընթացը՝ տարբեր հարթություններում։
Այսօր շատ է խոսվում, թե ինչո՞ւ հենց հիմա կառավարությունը որոշում կայացրեց Իսրայելում նշանակել ռեզիդենտ դեսպան, ինչո՞վ էր պայմանավորված այդ անհրաժեշտությունը։ Այդ հարցին պատասխանելու համար փորձենք համակարգել այն ուղղությունները, որոնք կարևորվում են հայկական կողմի համար Իսրայելի հետ համագործակցության զարգացման համատեքստում։
Շատ է խոսվում այն մասին, որ հայ-իրսայելական հարաբերությունները կարող են որևէ կերպ պայմանավորվել Իսրայելում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։ Կարծում ենք, որ այդ հարցում լուրջ կամ շեշտակի փոփոխություններ չպետք է սպասել ինչպես հայ-իսրայելական հարաբերություններում, այնպես էլ հարավկովկասյան ուղղությամբ Իսրայելի արտաքին քաղաքականությունում՝ ընդհանրապես։
Միևնույն ժամանակ, նշենք, որ Իսրայելի ապագա կոալիցիոն կառավարության ձևավորման հարցում կարող է զգալի լինել «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության ղեկավար Ավիգդոր Լիբերմանի դերը, որը հայտնի է իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ և զգալի աշխատանքներ է տարել Իսրայելում Ադրբեջանի լոբբինգի, երկու երկրների ռազմատեխնիկական ու քաղաքական համագործակցության խորացման ուղղությամբ։ Այդ առումով՝ ապագա կոալիցիոն կառավարությունում Լիբերմանի մասնակցության հնարավորությունը, անշուշտ, դրական է գնահատվում Ադրբեջանում, և նա կփորձի օգտագործել Լիբերմանի գործոնը՝ խոչընդոտելու համար հայ-իսրայելական համագործակցության զարգացմանը։
Կարեն Վերանյան
Տարածաշրջանային հարցերով փորձագետ