կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-02 13:37
Տնտեսական

Հայկական արդյունաբերական ապրանքների համար ռուսական շուկայում նոր հնարավորություններ են բացվում

Հայկական արդյունաբերական ապրանքների համար ռուսական շուկայում նոր հնարավորություններ են բացվում

Բացի գյուղատնտեսական ապրանքներից, պահածոներից, միրգ-բանջարեղենից, կապված Արեւմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետ, Հայաստանը արդյունաբերական արտադրանք Ռուսաստան արտահանելու հնարավորություն է ունենում. լրագրողներին այսօր ասաց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

 

Ըստ նրա` ռուս գործարարները հարց են բարձրացնում, թե ինչո՞ւ հայկական տրիկոտաժեղենն ու կաշի-կոշկեղենը չի արտահանվում Ռուսաստան, եւ այս առումով արժե, որ պետությունը սահմանափակի կաշվի արտահանումը Հայաստանից. տարեկան շուրջ 3500-4000 տոննա կաշի է արտահանվում Հայաստանից, հիմնականում` Թուրքիա, որը հետո վերամշակվում ու կաշվե իրերի ու կոշիկի տեսքով' ավելի թանկ, ներմուծվում ու վաճառվում է Հայաստանում: Վազգեն Սաֆարյանն առաջարկում է ՄՄ անդամների օրինակով բարձր մաքսատուրք սահմանել կաշվի արտահանման համար (Վազգեն Սաֆարյանի հայտնած թվերով' Ռուսաստանից, Բելառուսից 1 տ կաշվի արտահանման մաքսատուրքը 240 եվրո է) ու տեղում խթանել կաշվի-կոշկեղենի արտադրությունը: Առավել եւս, որ Հայաստանն ունի բավական հաջող բրենդներ'  Եղվարդի «Ադիդաս» սպորտային կոշիկները, «Լյուքս» կոշիկները եւ այլն, որոնք կարող են հաջողություն ունենալ Ռուսաստանում, քանի որ Եվրոպայից ապրանքների ներմուծումը ռուսական շուկա էականորեն նվազում է:

 

Օգտվելով այդ առիթից, ըստ Սաֆարյանի, հայկական կողմը պետք է ռուսական կողմի հետ շփումներում արագացնի ռուսական ընկերության կողմից «Նաիրիտի» գնման ու գործարկման հարցը, որովհետեւ ռուսական մոտ 22-23 ընկերություններ աշխատում են քլորոպրենային կաուչուկով, իսկ այդ կաուչուկը ներկրվում է Գերմանիայից: Ռուսաստանը տարեկան մոտ 24-30 հազար տոննա քլորոպրենային կաուչուկի վճարունակ պահանջարկ է ձեւավորում, այսինքն' հայկական կողմը կարող է բավարարել այդ պահանջարկի մոտ 50 տոկոսը' «Նաիրիտը» տարեկան մոտ 15 հազար տոննա քլորոպրենային կաուչուկ է արտադրում:

 

«Ներկայումս ստեղծված իրավիճակն ու նոր հնարավորությունները հաշվի առելով` Հայաստանը պետք է իր ներքին ռեսուրսների, հնարավորությունների վերահաշվարկ կատարի ու օգտվի ստեղծված լայն հնարավորություններից»,- ասաց բանախոսը: