կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-17 16:02
Քաղաքական

Իշխանությունը Թովմասյանին հեռացնելու իրավական հիմքեր չունի՞

Իշխանությունը Թովմասյանին հեռացնելու իրավական հիմքեր չունի՞

Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններն իշխանությունների թեթև ձեռքով գնալով ավելի են թեժանում: ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսելու համար երեկ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը նիստ էր հրավիրել՝ հասկանալու համար, թե ինչպես կարող է «մերժել» դեռ մի տարի առաջ որևէ խոչընդոտ չներկայացնող Հրայր Թովմասյանին. Արարատ Միրզոյանի մասնակցությամբ հայտնի տեսանյութի ականջը կանչի:

Նշենք, որ ՍԴ դատավոր ընտրվելուց հետո իշխանություններին մոտ կանգնած Վահե Գրիգորյանը խոսում էր դատարանում առկա ճգնաժամի մասին ու նշում՝ Հրայր Թովմասյանը ՍԴ դատավոր չէ: Այժմ թավշյա իշխանավորների համար իրավիճակ է փոխվել. նրանք պահանջում են դադարեցնել ՍԴ դատավոր Թովմասյանի լիազորությունները:

Իմքայլական պատգամավոր Սուրեն Գրիգորյանն է փորձում «էշը ցեխից հանել». «Եթե նախկինում ասած լինեի, որ Հրայր Թովմասյանը դատավոր չէ, և հիմա ասեի, որ դատավոր է, միգուցե այդ դիտարկումը տեղին լիներ։ Հիմա դատավո՞ր է, թե՞ ոչ։ Պարզ է, որ Հրայր Թովմասյանի կողմից չի ընդունվում այն փաստը, որ ինքը չի հանդիսանում դատավոր։ Բայց ինքը, մասնակցելով գործի քննությանն ու որոշում կայացնելուն, ըստ իր համոզման, գործել է որպես դատավոր»,- փորձում է պարզաբանել պատգամավորը:

«Առանց հիմքերն ուսումնասիրելու որոշում չենք կայացնում»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասած դիրքորոշումն այսօր վերահաստատեց խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ, ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանն ու հավելեց. «Այս պահին Սահմանադրական դատարանում անկառավարելի իրավիճակ չկա: Այլ հարց է, որ առանձին անձինք չեն ներկայանում նիստերին, որոշումների կայացմանը չեն մասնակցում, բայց այլ կերպ են իրենց գոյության մասին հիշեցնում: Հրայր Թովմասյանն աչքիս լույսը չէ, բայց ՀՀ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում սպառիչ թվարկված են այն հիմքերը, որոնք բավարար են, որ Սահմանադրական դատարանը որոշում կայացնի իր անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ»:

Պատգամավոր Պետրոսյանը հուշեց խորհրդարանական մեծամասնությանը՝ «Իմ քայլը» դաշինքը պարտավոր է պատգամավորների ձայների 3/5-ով նախաձեռնություն ներկայացնել, ինչից հետո ՍԴ-ն որոշում կարող է կայացնել: «Իսկ թե ինչպիսի՞ն կլինի Սահմանադրական դատարանի որոշումը, մենք իրավունք չունենք մինչ այդ կանխակալ կարծիք ասելու: Մինչ գործընթացը սկսելը՝ այս կամ այն պաշտոնյայի կողմից արվող հայտարարությունները դիտարկվում են որպես ճնշում դատարանի վրա»,- շեշտեց նա։

ԱԺ պատգամավորների 3/5-ի ստորագրությամբ նախաձեռնությունով հանդես գալու մասին բարձրաձայնում է նաև ընդդիմադիր մյուս թևի ներկայացուցիչը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

«Եթե նրանք խոսում են Վահե Գրիգորյանի չքննարկման հարցի վերաբերյալ, ապա այդ չքննարկումը վերաբերում է երեք դատավորի, այլ ոչ թե՝ մեկ: Եթե երեք դատավորի պաշտոնանկության հարցն է բարձրացվում, ապա պետք է հասկանան՝ 3/5-ի որոշում կայացնելուց ու այն  ՍԴ ուղարկելուց հետո դատարանն ինքը պետք է որոշի՝ երրորդ դատավորին հեռացնո՞ւմ է, թե՞ ոչ: Իսկ ՍԴ-ի այդ որոշումը 2/3-րդով պետք է կայացվի, այսինքն՝ դրան չի կարող մասնակցել 4 դատավոր: Փաստացի՝ քանակական առումով էլ խնդիրներ կան»,- բացատրում է ԼՀԿ-ականն ու ընդգծում՝ մինչև չհասկանան, թե «Իմ քայլը»-ի իրենց գործընկերները որտեղից, ինչպես են ու ինչ հիմքերով են սկսում, դժվար է գնահատական տալ:

Ըստ Սիմոնյանի՝ միայն քաղաքական հայտարարությունը բավարար չէ, ավելին՝ խնդրահարույց է: «Եթե քաղաքական հայտարարության տակ իրավական հիմքեր չկան, բնականաբար, իշխանության տարանջատման սկզբունքի խախտում ու դատական գործերին միջամտություն կա»,- շեշտեց նա:

Թե իրականում ինչպե՞ս կավարտվի ՍԴ-ի շուրջ ծավալված այս գործընթացը, դժվար է կռահել, բայց փաստ է՝ ՍԴ-ի եզրակացությանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ առաջին ատյանի դատարանն այսօր չի անսացել: Փաստերի համադրումը հուշում է՝ իշխանությունը ցանկանում է սեփական շահերը սպասարկող դատարան ունենալ: Այլապես ինչպե՞ս կարելի է բացատրել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի՝ մեկ տարի առաջ հայտնած դիրքորոշումը, ու նրա՝ ԱԺ-ում երեկ ունեցած ելույթը:

Բավական տհաճ իրավիճակում է հայտնվել նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, որը, մոռանալով, թե ինչպես է անձամբ Հրայր Թովմասյանի հրավերով աշխատել ՍԴ-ում՝ որպես աշխատակազմի ղեկավար, երեկ առանց դույզն-ինչ հուզմունքի բացատրում էր՝ ինչու են ցանկանում հրաժարվել իրեն ասպարեզ բերած մարդուց: Մյուս կողմից՝ թեև խորհրդարանական մեծամասնության ղեկավարն ասում է, թե հարցի լուծման մի քանի տարբերակներ ունեն, մինչ այս պահը դրանցից և որևէ մեկը չի հանրայնացվել: Իսկ գուցե չկա՞ն այդ տարբերակները, ու հարցերը հերթական անգամ լուծվելու են շրջափակման հեղափոխական կոչով: