Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի շուրջ օղակը գնալով ավելի է սեղմվում։ Շուրջ երկու օր է՝ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհահատվածի սկզբնամասում վրաններ են տեղադրված, արցախաբնակ մեր հայրենակիցները շուրջօրյա հերթապահություն են անում, որպեսզի թույլ չտան ադրբեջանական երկու մեքենաների առաջխաղացումը, որոնք իբրեւ թե «մարդասիրական օգնություն» են բերում իրենց իսկ կողմից պաշարված Արցախ։ Իրենց անցակետի մոտ վրաններ են տեղադրել նաեւ ադրբեջանցիները, չնայած նախորդ օրերին վրանային տարածքում իրավիճակը հարաբերական կայուն է եղել, սակայն Արցախից երեկ լուրեր էինք ստանում, որ ամեն պահի ադրբեջանցիները կարող են սադրանքների դիմել ու բեռնատարները վարել մինչեւ Ստեփանակերտ։
Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատի հիմնադիր անդամ Արշակ Աբրահամյանը, որ երկու օր է՝ հերթապահություն է իրականացնում հարյուրավոր արցախցիների հետ, վստահեցնում է, որ ամեն գնով անառիկ են պահելու՝ թույլ չտալով ադրբեջանցիների մուտքն Արցախ։ Նա ասում է, որ «եռաշերտ» պաշտպանություն կա մինչեւ Ասկերանի մուտքը՝ ադրբեջանական մեքենաների անմիջապես դիմաց ռուսների բազան է, հետո՝ մեր ոստիկանական անցակետը, իսկ երրորդ գծում բնակիչներն են կանգնած։ «Շատ կարեւոր է, որ որոշ թվով բնակիչներ լինեն մեր ոստիկանների թիկունքում»,- ասում է նա։ Ակնա-Ասկերան ճանապարհահատվածում ավելի վաղ տեղադրված բետոնե արգելապատնեշները նույնպես մնում են։ Երեկ ադրբեջանական տելեգրամյան ալիքներով նյութեր էին տարածվում, թե խաղաղապահներն Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի իրենց անցակետի մոտ արգելապատնեշներ ու փշալարեր են տեղադրել։
Ընդունե՞լ, թե՞ ոչ Աղդամի ճանապարհով եկող «հումանիտար բեռները»` այս հարցի շուրջ Արցախում միասնական մոտեցում չունեն։ Չնայած պաշտոնական Բաքուն երեկ էլ շանտաժ արեց, թե Աղդամից Ստեփանակերտ ճանապարհի բացումից հետո 24 ժամվա ընթացքում կբացվի նաեւ Լաչինի ճանապարհը, սակայն այդ հայտարարությունից հետո ԱԺ նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանն իր ասուլիսում հայտարարեց, որ Արցախի իշխանությունների կողմից կա հստակ որոշում՝ փակ պահել Ակնա- Ստեփանակերտ ճանապարհը։ «Վերջին շաբաթներին Արցախի իշխանությունների քննարկումները հանգել են միայն այն փաստին, որ այդ ճանապարհի գործարկումն անընդունելի է։ Անընդունելի է մի շարք պատճառներով` մեկն այն է, որ, իբրեւ միջանցք, մենք ունենք մեկ ճանապարհ, որը կոչվում է Լաչինի միջանցք, ու անխափան երթեւեկն այդ ճանապարհով պետք է վերականգնվի։ Դա ամրագրված է նաեւ 2020 թ․ նոյեմբերի 9-ի փաստաթղթով»,- պարզաբանեց Իշխանյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը քաղաքական նպատակներ է հետապնդում՝ ցանկանալով ցույց տալ, որ դա, իբր, իրենց ներքին խնդիրն է, եւ Արցախի հումանիտար ճգնաժամը չի կարող վերաբերել արտաքին աշխարհին, թեեւ այդ խնդիրը հասել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին։ Բացի այդ, կան հեղինակավոր փորձագետների կարծիքներ՝ Բաքվի կողմից ցեղասպանական քաղաքականություն վարելու վերաբերյալ։ «Ադրբեջանը 2020 թվականի պատերազմից հետո բոլոր ջանքերը գործադրում է՝ հասնելու, որպեսզի Կարմիր խաչի ներկայացուցչությունը դուրս բերվի Ստեփանակերտից եւ տեղակայվի Շուշիում կամ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող մեկ այլ բնակավայրում։ ԿԽՄԿ-ի ներկայությունը, որը հաշվետու է Ժնեւի գրասենյակին, մեզ համար առավելություն եւ հնարավորություն է: Ի վերջո, Ադրբեջանում կա ԿԽՄԿ գրասենյակ, եւ Բաքուն նույնը կարող էր անել Կարմիր խաչի միջոցով՝ կապ ապահովելով Ստեփանակերտի հետ։ Ընդ որում՝ եւ այդ դեպքում մեր մոտեցումները չէին փոխվի։ Այս ամենը միայն ամրագրում է այն փաստը, որ Բաքուն չի թաքցնում իր մտադրությունները»,- հավելել է նա։
Երեկ նույն խնդրի վերաբերյալ իր «այլընտրանքային ճանապարհն» առաջարկեց նաեւ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը՝ «Ազատություն» ՌԿ-ի հետ զրույցում նշելով, որ փաթեթային լուծման շրջանակում Արցախ միաժամանակ բեռներ մտնեն ե՛ւ Լաչինի միջանցքով, ե՛ւ Աղդամով։ Բացի այդ, փաթեթում, ըստ Բաբայանի, պետք է նաեւ անդրադարձ լինի Արցախի կարգավիճակի հարցին, այսինքն՝ պետք է հասկանալ՝ դեպի ուր են գնում։ Հակառակ պարագայում, մի քանի ավտոմեքենա բեռ անցկացնելով` խնդիրը չի լուծվելու։ «Մի 7 օր էլ սպասենք, տեսնենք, թե ում վրա են գցելու։ Պետք է հելնեն ասեն՝ սիրելի ժողովուրդ, այլընտրանք չունենք, պետք է քոչե՞նք»,- ասել է Բաբայանը, որի կարծիքով՝ Արցախի իշխանությունն այժմ հետեւյալ ուղերձն է հղում․ կա՛մ Աղդամով օգնությունն ընդունում ենք, ինտեգրվում ենք Ադրբեջանին, կա՛մ լքում ենք Ղարաբաղը՝ չհասկանալով, որ դրանից բացի այլ լուծում էլ կա։
Արցախի նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում նշեց, թե Արցախում կարող են որոշ մարդիկ-խմբեր այլ կարծիքներ ունենալ, բայց ստվար զանգվածը դեմ է Աղդամը Լաչինին այլընտրանք դարձնելուն․ «Դա բերելու է կատաստրոֆայի։ Ավելին` մինչեւ Բերձորի ճանապարհը կանոնավոր չգործարկվի, չի կարելի խոսել Աղդամի մասին, Աղդամը դա լոգիստիկ է, չգիտեմ՝ գուցե այս տեսակետից կարելի է դրան մոտենալ, բայց շեշտում եմ՝ չպետք է լինի այլընտրանք»։ Անդրադառնալով Սամվել Բաբայանի մատնանշած փաթեթային լուծմանը՝ Դավիթ Բաբայանը զարմանք հայտնեց․ «Ի՞նչ կարգավիճակի մասին պետք է խոսել Ադրբեջանի հետ, երբ այդ պետությունն Ալիեւի շուրթերով մի քանի անգամ է ասել, որ չկա Ղարաբաղ, կան ինչ-որ հայեր` Ղարաբաղի տնտեսական շրջանի, որոնք պետք է ինտեգրվեն, այսինքն՝ պետությունն ապամոնտաժվի, ի՞նչ կարգավիճակի մասին է խոսքը»։
Իսկ ինքն ինչպե՞ս է պատկերացնում Լաչինի միջանցքի բացումը, երբ շուրջ 300 օր այն փակ է՝ ի հեճուկս միջնորդ տերությունների կոչերի, Հաագայի դատարանի որոշման։ «Դա աշխարհաքաղաքական խնդիր է, առաջին հերթին՝ ՌԴ-ի, ինչպես նաեւ՝ աշխարհի։ Եթե Բերձորի միջանցքը չբացվի, կա՛մ լինելու է մեծ արյունահեղություն, պատերազմ, կա՛մ պետք է դուրս գալ Արցախից»։ Դավիթ Բաբայանը հավելեց, որ չբացվելու դեպքում «մահացու» վտանգ է սպասվում ոչ միայն Հայաստանին, այլեւ` «Ռուսաստանին, որն անվերապահորեն դուրս է մղվելու Անդրկովկասից, Իրանին, նույն Արեւմուտքին է ուղղված լինելու դա, որովհետեւ Ադրբեջանը ծաղրում է միջազգային իրավունքը»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում