Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծում է՝ քաղաքական դաշտում ամառը բավական թեժ էր, իսկ հիմա սահուն անցում ենք կատարում քաղաքական թեժ աշնան։
«Քաղաքական ամառը ևս շատ թեժ էր. դա հիմնականում կապված էր իշխանության սխալների, պարոն Փաշինյանի որոշ թիմակիցների անտրամաբանական գործողությունների ու հայտարարությունների հետ։ Աշնանից տասը օր է անցել, և հիմա բավական թեժ իրավիճակ է», - Yerkir.am-ի հետ հարցազրույցում նշեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո Հայաստանում հաճախ ստեղծվում են փոքր, միջին կամ մեծ մասշտաբների ֆորսմաժորային իրավիճակներ։
«Հիմա էլ այս թեժ աշնան ընթացքը կախված է նրանից, թե պարոն Փաշինյանն ու նրա թիմակիցները ինչ քայլեր կձեռնարկեն։ Եթե նախկին իշխանությունների օրոք ամեն ինչ կանխատեսելի էր, քանի որ հարցերը լուծվում էին մեկ կաբինետում, ապա այժմ կարելի է նկատել՝ բացի Փաշինյանի կաբինետից, նաև այլ տեղերում են հարցեր լուծվում։ «Իմ քայլը» խմբակցության անդամները հաճախ կարևորագույն հարցերի վերաբերյալ ունեն տարբեր կարծիքներ, իսկ դա ուղղակի տարակուսանք է առաջացնում անգամ վերլուծաբանների շրջանում։ Մենք տեսնում ենք տարակարծություններ, որոնք հետագայում իշխանության որոշ ներկայացուցիչներ փորձում են ոչ պրոֆեսիոնալ ձևով լղոզել ու հարթերցնել»,- նշեց Գագիկ Համբարյանը։
Նա շեշտեց՝ քաղաքական աշնան մասին խոսելիս պետք է կարևորել այն հանգամանքը, թե ինչ նոր քաղաքական ուժեր կհայտնվեն քաղաքական թատերաբեմում, և ինչպես իրենց կդրսևորեն արտախորհրդարանական ուժերն ու ԱԺ-ում աշխատող ընդդիմադիր քաղաքական ուժերը։
Խոսելով վերջին շրջանում քննարկվող՝ Ամուլսարի հանքի շահագործման խնդրի մասին՝ քաղաքագետը նշեց. «Փաշինյանի ուղիղ եթերներն արդեն կարելի է չնայել, քանի որ ի սկզբանե նկատելի էր, որ Փաշինյանն ու նրա շրջապատից որոշ գործիչներ բացահայտ կողմ են Ամուլսարի հանքի շահագործմանը։ Փաշինյանի ուղիղ եթերներն արդեն հոգնեցնում են. նա 45 րոպե փորձում էր բացատրել հասարակությանը, թե ինչու է ինքը կողմ հանքի շահագործմանը»։
Հարցին՝ իսկ հնարավո՞ր է, որ իշխող «Իմ քայլը» խմբակցությունում պառակտումներ լինեն՝ Ամուլսարի հանքի շահագործման խնդրի հետ կապված, քաղաքագետը պատասխանեց. «Իհարկե։ Առաջին ճեղքն այդ խմբակցությունում առաջացավ այն ժամանակ, երբ Էդգար Առաքելյանը հայտարարեց մանդատից հրաժարվելու մասին։ Չնայած այն հանգամանքին, որ նա նշեց՝ մանդատից հրաժարվելն ունի զուտ անձնական բնույթ, հայտնի է, որ նա իրականում այն գործիչներից էր, որը դեմ էր Ամուլսարի հանքի շահագործմանը։
Չի բացառվում, որ հանք տանող ճանապարհները իշխանությունները ուժային միջոցներով բացեն։ Չի բացառվում նաև, որ որոշ պատգամավորներ դուրս գան «Իմ քայլ»-ից ու ՔՊԿ-ից՝ չնայած այն հանգամանքին, որ պարոն Փաշինյանի շրջապատից ոմանք փորձում են մեղմել հակասությունները խմբակցության ու կուսակցության ներսում՝ հայտարարելով, որ ամեն ինչ նորմալ է, բայց ակնհայտ է, որ կան տարաձայնություններ», - նշեց Գագիկ Համբարյանը։
Հայտնի է, որ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունից հետո որոշ մեկնաբաններ հայտարարեցին՝ այդ քայլն արվեց հասարակության ուշադրությունը Ստամբուլյան կոնվենցիայից ու Ամուլսարի հանքի շահագործման խնդրից շեղելու համար։ Իսկ այս օրերին, երբ ակտիվորեն քննարկվում է Ամուլսարի հանքի շահագործման հարցը, Քննչական կոմիտեում քննվող՝ «Հյուսիս-հարավ»-ի շինարարության գործընթացում առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ է ներգրավվել նաև Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանը։
Հարցին՝ արդյո՞ք պատահանականություն է այն, որ երբ հասարակության շրջանում ինչ-որ կարևոր հարց է քննարկվում, հենց այդ ժամանակահատվածում մի աղմկահարույց բացահայտում կամ ձերբակալություն է լինում, քաղաքագետ Գագիկ Համբարյանը պատասխանեց. «Հասարակությունն արդեն շատ լավ ընկալել է իշխանության՝ հասարակության ուշադրությունը շեղելու քայլերը։ Մեկ տարին բավարար ժամանակ էր, որ նույնիսկ այն մարդիկ, որոնք կողմ են եղել այս իշխանություններին, հասկանան՝ ինչ է կատարվում։ Շատերն իրենց սոցցանցերում գրառումներ կատարեցին՝ իշխանությանը մեղադրելով այն հարցում, որ Գագիկ Խաչատրյանի ձերբակալությամբ իշխանությունը փորձում է շեղել հասարակության ուշադրությունը կարևոր խնդիրներից։ Հիշեցնեմ՝ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվեց պարոն Փաշինյանի ուղիղ եթերից հետո։ Հիմա նույնն է, ոչ մի տարբերություն չկա։ Փաշինյանի երեկվա ուղիղ եթերից հետո այսօր հիշեցին Լյովա Սարգսյանին։
Հիմա հարց է առաջանում՝ եթե այդ խնդիրները կան, ինչո՞ւ այդ հայտարարությունները չեն արվում այնպիսի ժամանակ, որ դրանք չհամընկնեն կարևոր հարցերի քննարկումների ժամանակահատվածի հետ, այնպիսի կարևոր խնդիրների, ինչպիսիք են, օրինակ, Ստամբուլյան կոնվենցիայի կամ Ամուլսարի հանքի շահագործման քննարկումները։ Իշխանությունը երևի կարծում է, թե հասարակությունն իրենց հայտարարությունները պետք է հալած յուղի տեղ ընդունի։ Այս իշխանությունը պետք է հասկանա՝ որքան էլ հասարակության մեծ մասը քաղաքանակապես «անգրագետ է», ինչպես իշխանության ներկայացուցիչներից մեկն ասաց՝ «անգրագետ Պողոսին» օրինակ բերելով, բայց պետք է հասկանալ՝ այս հասարակության որոշ մասը գրագետ է ու այդ «անգրագետ Պողոսներին» կհաղորդի, որ իրենց ուղղակիորեն մանիպուլյացիաների են ենթարկում»,- եզրափակեց քաղաքագետը։