Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կայացավ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի ասուլիսը, որն առաջինն էր նրա պաշտոնավարման ընթացքում:
Լրատվամիջոցների ղեկավարներին մարզպետը ներկայացրեց ոչ միայն վերջին մեկ տարվա ընթացքում ունեցած ձեռքբերումները, այլեւ խոսեց մարզում առկա հիմնախնդիրների եւ առաջիկա ծրագրերի մասին:
Գյուղատնտեսությունն, իբրեւ գերակա ոլորտ, կարեւորագույն տեղ ունի մարզում: Ըստ այդմ՝ մարզպետը զարգացման հեռանկարը կապեց գյուղատնտեսության արդիականացման, հակակարկտային ցանցերի, կաթիլային ոռոգման համակարգի ներդրման եւ այլ ծրագրերի իրականացման հետ: Կարեւորվեց նաեւ մարզում հակակարկտային հրթիռային համակարգի պիլոտային ծրագրի իրականացումը:
Լրագրողները տեղեկացան քաղաքաշինության, սեփական եկամուտների հավաքագրման, «Մաքուր Հայաստան» ծրագրի ուղղությամբ մարզում իրականացված աշխատանքների, առաջիկա անելիքների մասին:
Ի թիվս այլ խնդիրների, կրթության ոլորտում առանձնակի նշվեց հանրակրթական դպրոցների շենքային եւ գույքային պայմանների խնդրահարույց իրավիճակը:
Մարզպետը, մասնավորապես, կանգ առավ Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան դպրոցի՝ վերջին ժամանակներս հնչեղություն ստացած հարցի վրա:
Այս առումով նա նշեց, որ այստեղ առկա է ոչ այնքան շենքային վատ պայմանների, որքան՝ դպրոցի գերբեռնվածության խնդիրը:
Շուրջ 200 աշակերտի համար նախատեսված դպրոցում այսօր 601 աշակերտ է սովորում: Հարցը գտնվում է կառավարության, մարզի ղեկավարության եւ անձամբ իր ամենօրյա ուշադրության կենտրոնում եւ, անկասկած, լուծում ստանալու է: Մարզպետը, սակայն, ընդգծեց, որ դրանից զատ, ինչպես այս, այնպես էլ, ընդհանրապես, բոլոր խնդիրների առաջադրմանը մոտենալիս, չպետք է անտեսել մարդկային բարոյական արժեքների գնահատումը եւ պետք է բացառել աշակերտների մասնակցությունը նմանատիպ իրավիճակներին:
Աշոտ Սիմոնյանը մանրակրկիտ ներկայացրեց նաեւ առողջապահության ոլորտում առկա իրավիճակը: Բժշկական հաստատությունների գործունեության բարելավման խնդիրը եւս հանրապետության եւ մարզի ղեկավարության ամենօրյա հոգածության ներքո է: Արդեն իսկ առաջին քայլերն արվել են: Կայացվել է Աշտարակի եւ Ծաղկահովիտի ԲԿ-ների օպտիմալացման ծրագրի որոշումը, որը ենթադրում է համակարգի առողջացման, արդյունավետ գործունեության ապահովում:
Լրագրողների կողմից հարցադրումներ եղան համայնքների խոշորացման, առաջիկայում իրականացվելիք ՏԻՄ ընտրությունների, տարերային աղետներից տուժած համայնքներին տրվելիք փոխհատուցման եւ այլ խնդիրների մասին: Հնչեցրած հարցերին տալով սպառիչ պատասխաններ եւ պարզաբանումներ, Աշոտ Սիմոնյանը հույս հայտնեց, որ իր, մարզպետարանի աշխատակազմի եւ շահագրգիռ բոլոր կողմերի համագործակցված աշխատանքի արդյունքում առաջիկայում կունենանք ավելի լավ մարզ, քան ունենք այսօր: