կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-05 17:37
Քաղաքական

Պուտինի՝ Քոչարյանի ծնունդը շնորհավորելուց պետք չէ հոգեցունց վիճակի մեջ ընկնել. պատգամավոր

Պուտինի՝ Քոչարյանի ծնունդը շնորհավորելուց պետք չէ հոգեցունց վիճակի մեջ ընկնել. պատգամավոր

Ներքաղաքական կյանքը, մեկ բառով ասած, կարելի է լարված բնութագրել: Ավելորդ լավատեսություն պետք չէ, ու դա որևէ մեկին օգտակար չէ, իսկ այն, որ կան թե՛ ներքին խժդժություններ, թե՛ արտաքին մարտահրավերներ, անվիճելի է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Դառնալով Սահմանադրական դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության մասով որոշմանը՝ նա նշեց՝ քանի դեռ չեն ուսումնասիրել, իսկ դա դատական այն ակտերից է, որտեղ եզրափակիչ մասից հնարավոր չէ ավարտուն դատողություն անել, չեն շտապի դատողություն անել:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ռոբերտ Քոչարյանի մտերմիկ հարաբերություններին՝  Պետրոսյանն ասաց. «Թե՛ Ռուսաստանի նախագահ Պուտինին, թե՛ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մշտապես ընկալել եմ որպես լուրջ մարդկանց: Հիմա՝ տարբեր մարդկանց վերաբերյալ կարող են լինել տարբեր մեկնաբանություններ, մեկին կարող են չսիրել, մյուսին՝ չընդունել, բայց լրջության պակաս նրանցից ոչ մեկի մոտ չեմ նկատել: Մարդու լրջության աստիճանը մեծապես կախված է հանգամանքից, թե որքանով է լուրջ վերաբերվում ընկերական հարաբերություններին: Ոչ մեկս էլ չենք կարող մեղադրել Վլադիմնիր Պուտինին, որ Ռոբերտ Քոչարյանի ընկերն է, եթե նա՝ Պուտինը, որպես ընկեր, նպատակահարմար է գտել ծնունդ շնորհավորել, դա պետք չէ քաղաքականացնել, հոգեցունց վիճակի մեջ ընկնել: Դու քո երկիրը լավ կառավարի, քո երկրում ապահովի արդարադատության օբյեկտիվություն, ու որևէ մեկի ընկերական հարաբերությունը քեզ չի կարող սպառնալ: Որպես պատգամավոր՝ իմ աշխատանքը կատարում եմ բարեխղճորեն, և ի՞նչ կապ ունի, թե որ ֆրակցիայի պատգամավորի հետ եմ ընկերություն անում»:

Պատգամավորն ավելացրեց, որ եթե նախարարը կամ պետական պաշտոնյան իր ծառայությունը մատուցում է անշեղ, անվրեպ, օրենքներին ու Աստծո պատգամներին հավատարիմ, կապ չունի, թե նրա ընկերն ով է: