կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-08-01 14:35
Հասարակություն

Բացահայտվել է Լոռու մարզի Շամլուղ համայնքի նախկին ղեկավարի կողմից յուրացում կատարելու դեպքը

Բացահայտվել է Լոռու մարզի Շամլուղ համայնքի նախկին ղեկավարի կողմից յուրացում կատարելու դեպքը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Լոռու մարզի Շամլուղ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ յուրացում կատարելու դեպքի հանգամանքները. պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Լոռու մարզի Շամլուղ համայնքի ղեկավարը, հանդիսանալով իրավասու պաշտոնատար անձ, օժտված լինելով հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց նշանակելու և ազատելու, համայնքի բյուջեի միջոցները տնօրինելու, համայնքի բյուջետային գործընթացի կառավարումն օրենքով սահմանված կարգով ապահովելու լիազորությամբ, 2007 թվականի հունվարին Շամլուղի համայնքապետարանում որպես վարորդ աշխատանքի է ընդունել ընկերոջը: Վերջինս փաստացի այլ աշխատանքներ կատարելու պատճառով համայնքապետարանում աշխատանքի չի հաճախել:

Բացի այդ, 2012 թվականի փետրվարի 1-ից համայնքապետարանում համատեղության կարգով որպես ջրագծի հսկիչ աշխատանքի է ընդունել եղբորը, ով նույնպես աշխատանքի չի հաճախել և չի կատարել իր գործառութային պարտականությունները:

Արդյունքում՝ դիտավորությամբ, վատնման եղանակով համայնքի բյուջեից  յուրացվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 15.231.651 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Շամլուղ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում մեղադրյալը վերականգնել է պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: