Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության նոր ծրագիր է մշակել: Վկայակոչելով e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը՝ կառավարության ծրագրի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ոչխարաբուծության և այծաբուծության ճյուղի ռազմավարական նշանակությամբ և զարգացմամբ, հանրապետությունում բուծվող ոչխարների ու այծերի տոհմային (ցեղայնության) և արտադրատնտեսական ցուցանիշների բարելավման, ճյուղի վարման ինտենսիվացման, ինչպես նաև արտաքին շուկայում մրցակցային դիրքի կայունացման և կենդանի ոչխարի և/կամ ոչխարամսի և այծի պանրի արտահանման ծավալների ավելացման անհրաժեշտությամբ։
«Հարկ է նշել, որ վերջին 4 տարիների ընթացքում հանրապետությունից տարեկան արտահանվել է միջինը 21.6 հազար գլուխ ոչխար և 2.1 հազար տոննա ոչխարի միս: Միայն 2019 թվականին (մայիսի 31-ի դրությամբ), ըստ օպերատիվ տվյալների հանրապետությունից արտահանվել է 9.5 հազար գլուխ ոչխար և 21 տոննա ոչխարի միս: Արտահանման հիմնական ուղղություններն են՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը, Քուվեյթը, Վրաստանը: Արտահանման ցուցանիշները վկայում են, որ արտաքին շուկայում նշված մթերքն ունի մեծ պահանջարկ, որը հուսալի երաշխիք է ճյուղի հիմնական արտադրատնտեսական ցուցանիշների բարելավման և մրցակցային դիրքեր գրավելու համար»,- նշված է նախագծում:
Ըստ նախագծի` մյուս կողմից գենետիկական ռեսուրսների բազմազանությունը հիմք կարող է ծառայել կենդանիների նոր ցեղերի ստեղծման համար, որոնք օժտված կլինեն մթերատվության բարձր հատկանիշներով և տեղի բնական պայմաններին լավ հարմարվողականությամբ։
«Հաշվի առնելով, որ բնական կերահանդակներով լի տարածաշրջաններում արտադրության հիմնական միջոցներից մեկը հանդիսանում է ոչխարաբուծությունը, ուստի վերջինիս զարգացումը կնպաստի նաև գյուղական բնակչության զբաղվածության և բարեկեցության մակարդակի բարձրացմանը, բարձրորակ մթերքների արտադրության ծավալների ավելացմանը»,- ասված է նախածում:
Կարգավորման նպատակն է` պետական աջակցության մեխանիզմների, մասնավորապես՝ մատչելի վարկավորման պայմանների կիրառման և կատարված ծախսերի փոխհատուցման միջոցով՝ հանրապետությունում ոչխարաբուծության և այծաբուծության ճյուղերի զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, բարձրարժեք տոհմային ոչխարների և այծերի ձեռք բերման (ներկրման) և բարձր մթերատու հոտերի ձևավորման խրախուսումը, բուծվող ցեղատեսակների կատարելագործումը, տոհմային գործի զարգացումը, արտադրատնտեսական արժեքավոր հատկանիշներով օժտված մաքրացեղ և տրամախաչումների միջոցով ստացված խառնացեղ կենդանիների գլխաքանակի ավելացումը, ոչխարաբուծական և այծաբուծական արտադրանքի արտադրության և արտահանման ծավալների ավելացումը։ Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
2019-2023 թվականներին պետական աջակցությամբ ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին հնարավորություն կընձեռվի մատչելի պայմաններով ձեռք բերել (ներկրել) շուրջ 30 հազար գլուխ տարբեր սեռահասակային խմբերի մանր եղջերավոր կենդանիներ (հղի ոչխարներ և այծեր, էգ և արու մատղաշ),կավելանա ոչխարների և այծերի գլխաքանակը։ Ծրագրի շրջանակներում ձեռք բերված բարձր տոհմային կենդանիների հաշվով մինչև 2027 թվականը կապահովվի շուրջ 100 հազ. գլուխ արտադրատնտեսական բարձր հատկանիշներով օժտված սերնդի ստացում, կավելանան ոչխարաբուծական և այծաբուծական արտադրանքի ծավալները։ 2019-2027 թվականներին կարտադրվի շուրջ 5 մլրդ դրամ արժեքով միս և 0.5 մլրդ դրամ արժեքով կաթ, կբարձրանա ոչխարաբուծության և այծաբուծության ճյուղի շահութաբերության մակարդակը, պայմաններ կստեղծվեն արտահանման ծավալների ավելացման համար։