Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է #AraratChallenge շարժման մեկնարկը:
IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ այս նոր շարժում-հանգանակությունը նպատակ ունի օգնության ձեռք մեկնելու բոլոր նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ամբողջ աշխարհում:
Տեսաուղերձով ուղեկցվող #AraratChallenge շարժումը կընդլայնի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ազդեցությունն ու հասանելիությունը, որի նախագծերն ուղղված են աղքատության կրճատմանը, առողջապահության բարելավմանը և կարիքավորներին կրթությամբ ապահովելուն։ Նվիրատվության այս կոչը բոլորին բացառիկ հնարավորություն է ընձեռում միանալու «Ավրորայի» առաքելությանը և խրախուսելու մարդասերների առաջիկա սերունդներին:
Շարժման հիմքում Արարատ լեռն է՝ փրկության ու վերածննդի համամարդկային խորհրդանիշը: Ինչպես ժամանակին Ցեղասպանությունը վերապրած 100.000 հայ որբ երեխաներ հնարավորություն ստացան նոր կյանք սկսելու, այդպես #AraratChallenge-ն է բացառիկ հնարավորություն ընձեռում յուրաքանչյուրին՝ միանալու այս շարժմանը եւ երկրորդ հնարավորություն տալու նրանց, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը:
«Արարատը բիբլիական այն լեռն է, որի վրա, ըստ առասպելի, իջեւանեց Նոյյան տապանը, այն լեռը, որը խորհրդանշում է մարդկությանն ընձեռված երկրորդ հնարավորությունը: Ինչպես գիտենք, մեկ դար առաջ երկրորդ հնարավորություն տրվեց մեր նախնիներին՝ փրկվելու եւ վերապրելու Հայոց ցեղասպանությունը: Բազմաթիվ մարդիկ, նրանց թվում նաեւ իմ պապը, իրենց կյանքով պարտական են այլոց մեծահոգությանը: Հարյուր տարի անց Ցեղասպանությունը վերապրածների անունից մենք հիմնեցինք «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ «Ավրորա» մրցանակը՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: Եվ մեր հանձնառությունն է երկրորդ հնարավորություն տալ նրանց, ովքեր այսօր կարիքի մեջ են: #Ararat Challenge-ը բացառիկ հնարավորություն է՝ միասին շարունակելու «Երախտագիտությունն՝ ի գործ» նախագծերի շղթան»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն այսօր՝ 2019թ. հուլիսի 19-ին, սկսում է #AraratChallenge շարժումը՝ համայն մարդկությանը հրավիրելով միանալու այդ շարժմանը եւ նվիրաբերելու որևէ գումար, թեկուզև ամիսը 1 ԱՄՆ դոլար, ապրելու նոր՝ երկրորդ հնարավորություն տալով խոցելի եւ չքավորության մեջ գտնվող մարդկանց: Դրամահավաքն ուղղվելու է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ծրագրերին, որոնց ուղղակի շահառուները հենց կարիքի մեջ գտնվողներն են:
«Յուրաքանչյուրն արժանի է երկրորդ հնարավորության, եւ #AraratChallege-ը կոչ է մարդկանց՝ օգնելու մեզ այդ հնարավորությունը տալու ծայրահեղ կարիքի մեջ հայտնվածներին ամբողջ աշխարհում: Ես եւ շատ այլ հայեր այսօր ողջ ենք միայն նրա շնորհիվ, որ հարյուր տարի առաջ խիզախ ու կարեկից մարդիկ փրկել են մեր պապերին: Այսօր շարունակում ենք ականատես լինել, թե ինչպես են մարդիկ բռնության, պատերազմների եւ ցեղասպանությունների զոհ դառնում աշխարհի տարբեր անկյուններում: Զարհուրելի այդ վայրագությունների առաջին զոհերն ամենից հաճախ երեխաներն են: Եվ եթե հարյուր տարի առաջ մենք էինք օգնություն խնդրողները, այժմ մենք կարող ենք օգնության ձեռք մեկնել, մենք կարող ենք փոխել աշխարհը: Այսօր մեզ բախտ է վիճակվել աշխարհն ավելի ապահով վայր դարձնելու եկող սերունդների համար: Միացեք #AraratChallenge-ին եւ գործով արտահայտեք ձեր երախտագիտությունը»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
#AraratChallenge-ը բաց է բոլորի համար: Ստորև ներկայացնում ենք շարժմանը միանալու ուղեցույցը: