կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-03 16:11
Հասարակություն

Կփորձեմ գաղափարն առաջ տանել. պատգամավորը՝ զորակոչվողների սերմնաբջիջների բանկ ստեղծելու մասին

Կփորձեմ գաղափարն առաջ տանել. պատգամավորը՝  զորակոչվողների սերմնաբջիջների բանկ ստեղծելու մասին

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն առաջարկում է զորակոչվողների սերմնաբջիջների բանկ ստեղծել` նրանց ժառանգների շարունակականությունն ապահովելու համար: Այդ նպատակով առաջարկում է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում լրացում կատարել:

Պողոսյանի այս նախաձեռնությանն ամենատարբեր արձագանքերն եղան, ինչի առնչությամբ պատգամավորը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ լավ է` մեր երկրում ազատ քննարկում անելու և ազատ տեսակետներ արտահայտելու հնարավորություն կա: Թևան Պողոսյանի խոսքով`այսօրվա դրությամբ, առանց վախի պետք է փորձել նայել մեր ապագային, մեր ժողովրդագրական մարտահրավերներին, անվտանգության մարտահրավերներին և կարողանալ քննարկումների շնորհիվ խնդիրների լուծումներին հասնել:

«Մի բան պետք է գիտակցենք, որ այն պատերազմը, որի մեջ մենք հիմա գտնվում ենք, չի ավարտվելու ո'չ մեկ շաբաթում, ո'չ էլ` մեկ ամսում: Դա երկարատև է լինելու, ես կասեի` նաև սերունդների ժամանակահատվածում, քանի որ մեր թշնամին Ադրբեջանն է: Պետք է նայենք 25, 30, 50 տարվա կտրվածքով, վերցնենք թվերը, համադրենք դեմոգրաֆիական իրավիճակների հետ, հասկանանք մեր վերարտադրողական ունակությունները, հաշվի առնենք այն, որ մենք արդեն ծերացող հասարկություն ենք: Նայենք, որ մենք ունենք շատ սխալ բալանսավորված` արական և իգական սեռի երեխաների խնդիր»,- ասաց պատգամավորը` հավելելով, այսօր օրենքը թույլ է տալիս գնալ կամավոր սկզբունքներով սերմնաբջիջ հանձնելու գործընթացին:

«Կամավոր սկզբունքը դնելով մի կողմ` մենք պետք է հասկանանք` արդյո՞ք չենք կարող ստեղծել բանկ, որ հնարավորության դեպքում ավելի ընդլայնված լինի և օգտագործվի: Իմ առաջարկն այն է, որ ավելի ընդլայնենք այդ բանկը` ապագայի համար: Ի՞նչ կլինի, եթե մարդը բանակում ծառայելիս վնասվում է կամ առողջական խնդիրներ է ունենում, կամ էլ եթե այդ նույն տղան գնում է բանակ, ծառայում է, վերադառնում, բայց դրանից հետո կարող է հիվանդություն ձեռք բերել և 30 կամ 40 տարեկանում ունենալ վերարտադրության խնդիր: Եթե դա պարտադիր լինի նրա` 18 տարեկան ժամանակ, ապա հետագա կյանքում միշտ կարող է օգտագործել»,- ասաց Պողոսյանը:

Նրա խոսքով` այս ամենի համատեքստում հասկանալի է նաև հոգեբանական վիճակը, մարդկանց պատկերացումները, բայց մի բան ակնհայտ է, որ չի կարելի միայն ականջահաճո գաղափարներ ներկայացնել:

«Մարդ պետք է ռիսկ, «դուխ» ունենա գաղափարներ բարձրաձայնելու, որոնք միգուցե միանշանակ չեն ընդունվի, բայց ապագայի համար շատ կարևոր կլինեն: Ես փորձեցի չվախենալ այս խնդիրներից, որոնք կարող էին ծագել այս քննարկումների ընթացքում: Այս առաջարկն արել եմ նաև` հիմնվելով այն բոլոր մտահոգությունների վրա, որոնց հնարավորություն եմ ունեցել ծանոթանալու Արցախից վերադառնալուց հետո»,- ընդգծեց պատգամավորը:

Ըստ նրա` իր առաջարկի ներկայացման ձևի մեջ գուցե կան սխալներ, բայց քննարկման ճանապարհին կարող են հարթվել նաև այդ խնդիրները: «Դուխով կդիմանամ բոլոր հարվածներին և կփորձեմ գաղափարը տանել առաջ»,- ասաց Թևան Պողոսյանը: