կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-11 12:57
Հասարակություն

Դեսպան Հարությունյանը հավատարմագրերն է հանձնել Կանադայի գեներալ- նահանգապետ Ժուլի Պայետին

Դեսպան Հարությունյանը հավատարմագրերն է հանձնել Կանադայի գեներալ- նահանգապետ Ժուլի Պայետին

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպան Անահիտ Հարությունյանը հուլիսի 9-ին  իր հավատարմագրերը հանձնեց Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետին (Julie Payette), հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Գեներալ-նահանգապետը շնորհավորեց Հայաստանի դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություն մաղթեց կարևոր առաքելության իրականացման գործում: Անդրադառնալով Հայաստանի և Կանադայի միջև գոյություն ունեցող ջերմ բարեկամական հարաբերություններին` Ժուլի Պայետը հույս հայտնեց, որ դեսպանն իր գործուն ներդրումը կունենա երկկողմ կապերի ամրապնդման և խորացման գործում:

Շնորհակալություն հայտնելով գեներալ-նահանգապետին բարեմաղթանքների համար՝ Անահիտ Հարությունյանը վստահեցրեց, որ իր գործունեությունն ուղղված է լինելու երկկողմ կապերի խորացմանը և փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը: Անդրադառնալով անցած տարի Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի Հայաստան պաշտոնական այցին` դեսպան Հարությունյանն ընդգծեց, որ առ այսօր առանձնակի ոգևորությամբ ու ջերմությամբ հիշվող այդ պատմական իրադարձությունը նոր շունչ և որակ է հաղորդել հայ-կանադական գործընկերությանը:

Զրուցակիցները բարձր գնահատեցին Կանադայի հայ համայնքի դերը երկկողմ բարեկամական կապերի ձևավորման և զարգացման գործում: 

Անահիտ Հարությունյանը վերահաստատեց Հայաստանի իշխանությունների և հայ ժողովրդի երախտագիտությունը Կանադայի օրենսդիր և գործադիր մարմինների կողմից Հայոց ցեղաս­պանության ճանաչման և դատապարտման, ինչպես նաև ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր սահմանելու համար:

Գեներալ-նահանագապետի պաշտոնական նստավայրում` Քվեբեկ քաղաքի պատմական ամրոցում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը հաջորդեց Ժուլի Պայետի և Անահիտ Հարությունյանի առանձնազրույցը: