կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-26 13:32
Քաղաքական

Շահան Գանտահարյանը մեկնաբանել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ Բայրամովի հայտարարությունը

Շահան Գանտահարյանը մեկնաբանել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ Բայրամովի հայտարարությունը

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն անդրադարձել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորության վերաբերյալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Շահան Գանտահարյանը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունը, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը պայմանավորված է «ինքնիշխանության եւ սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման սկզբունքով» սերտորեն կապված է այն  շտապողականությանը, որը ցուցաբերում է Բաքուն՝ Հայաստանի Հանրապետության հետ սահմանազատման եւ սահմանագծման գործողություններ սկսելով։

«Պարզ է, որ տարածքային ամբողջականության եւ սահմանների փոխճանաչմամբ Ադրբեջանը կլուծի նաեւ իր պատկերացմամբ Արցախի խնդիրը։ Բաքվի այս մարտավարության նախաբանային հայտարարությունը արել էր Ադրբեջանի նախագահը՝ ասելով որ «Արցախի հարցը անցյալում է»։ Բայրամովի հայտարարությունն առաջադրում է իրավականացնել պատերազմի հետեւանքը»,- ասել է Գանտահարյանը։

 Նրա գնահատմամբ՝ հայտարարության երկրորդ բաժինը եւս ունի որոշ պայմանականություն։  «Դա արվել է Վիեննայում՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում։ Ըստ նրա՝ Բաքուն պատրաստ է ակտիվ համագործակցել ԵԱՀԿ-ի համապատասխան գործադիր կառույցների հետ. նա հատուկ ընդգծել է տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, ինչը նոյեմբեր 9-ի հայտարարության 9-րդ կետն է։ Ստացվում է, որ Բաքուն առանց Արցախի հակամարտության կարգավորման առաջադրում է կնքել պայմանագիր տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման եւ առանց հայտարարության 8-րդ կետը՝ ռազմագերիների վերադարձը իրականացնելու, անցնել 9-րդ կետին՝ ապաշրջափակման գործողություններին»,- ասել է նա։