Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իրանն ուսումնասիրում է Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները կրճատելուն ուղղված երրորդ քայլը, որը կարող է լինել ավելի հատու, եթե, իհարկե, եվրոպական երկրները շարունակեն բավարարվել միայն խոսքերով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Աբբաս Մուսավին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Անդրադառնալով առաջիկայում նախատեսվող դիվանագիտական իրադարձություններին եւ շփումներին՝ Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակն ասել է. «Երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային ու միջազգային շփումները շարունակվում են: Առջեւում Չմիավորված երկրների շարժման հերթական նիստն է, որին կմասնակցի Իրանը: Հնարավոր է, որ առաջիկա օրերին կրկին Թեհրան այցելի Ֆրանսիայի նախագահի` դիվանագիտական հարցերով խորհրդականը»:
Խոսելով Միջուկային համապարփակ համաձայնագրի վերաբերյալ Ռուսաստանի եւ Չինաստանի դիրքորոշման մասին՝ Մուսավին հստակեցրել է, որ խնդրի հետ կապված Իրանը բացառապես սեփական ուժերին է ապավինում:
«Իրանը հույսեր չի կապում որեւէ երկրի հետ` լինի մեր բարեկամ Ռուսաստանը կամ Չինաստանը, կամ էլ` եվրոպական երկրները: Կարեւորը Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած պարտավորությունների լիարժեք եւ ամբողջական իրականացումն է: Ռուսաստանը եւ Չինաստանը նույնպես Միջուկային գործարքի կողմերից են, եւ համաձայնագրի կողմերի ղեկավարներին ուղղված` հանրապետության նախագահի նամակը նրանց էլ է վերաբերում»,- ասել է Իրանի ԱԳՆ խոսնակը:
Մուսավին բացառել է Միջուկային համապարփակ համաձայնագրի հարցով նոր բանակցությունների անցկացումը՝ նշելով. «Նոր բանակցությունների մասին խոսք լինել չի կարող: Միջուկային գործարքը 5+1 եւ 4+1 ձեւաչափերով շարունակվել է: Խոսքը միայն կողմերի ստանձնած պարտավորությունների լիարժեք իրականացման մասին է, այլ թեմաների մասին բանակցությունները բացառված են: Ինչպես պարոն Արաղչին է ասել՝ Միջուկային համապարփակ համաձայնագիրը բանակցությունների համար փակված թեմա է: Դրան ոչ մի բառ հնարավոր չէ ավելացնել կամ պակասացնել»:
Անդրադառնալով Իրանի՝ Միջուկային գործարքով ստանձնած պարատավորությունների կրճատմանն ուղղված երկրորդ քայլին՝ Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը նշել է, որ դա տեւելու է 60 օր, որից հետո Իրանը որոշում կկայացնի երրորդ քայլի մասին, որն, ի դեպ, կարող է լինել ավելի հատու:
«Երրորդ քայլին կդիմենք 60 օրից: Դեռեւս ուսումնասիրում ենք: Սակայն, եթե գործարքում մնացած երկրները, հատկապես՝ եվրոպացիները շարունակեն բավարարվել միայն խոսքերով, ապա երրորդ քայլը կլինի ավելի հատու»,- հստակեցրել է Մուսավին: