Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորաբար եկած N զորամիավորման սպաներին և նրանց ընտանիքներին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից 2019 թվականը ընտանիքի տարի հռչակելու առիթով ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության կազմակերպած «Քրիստոնյա ընտանիք՝ պաշտպանված հայրենիք» խորագրով միջոցառումների շրջանակներում հայ սպաները և նրանց ընտանիքները հնարավորություն ունեցան այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ծանոթանալ թանգարաններում պահվող Հայ Եկեղեցու սրբություններին և եկեղեցական արվեստի պատմական արժեքավոր ցուցանմուշներին, որից հետո հանդիպում ունեցան Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԶՈԻ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը պետության պահպանման և հզորացման գործում կարևոր նկատեց Եկեղեցի-բանակ-ընտանիք կապը, անդրադարձավ հայ ընտանիքի առջև ծառացող մարտահրավերներին:
Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետը, ջերմորեն ողջունելով ուխտավոր զինվորականներին, գոհունակությամբ նշեց, որ ուրախ է Սուրբ Էջմիածնում համախմբված տեսնելու հայ սպաներին իրենց ընտանիքների ուղեկցությամբ: Նորին Սրբությունը փաստեց, որ Հայոց Եկեղեցին մշտապես եղել է հայ զինականի կողքին և զորակցել է նրա հայրենանվեր ծառայությանը՝ հայրենի սահմանները, հայ ընտանիքի խաղաղությունն ու անդորրը պահպանելու գործում:
Խոսելով քրիստոնեական արժեհամակարգի կարևորության և ընտանիքում այդ արժեքների պահպանման մասին՝ Վեհափառ Հայրապետը մասնավորապես արձանագրեց. «Մեր սահմանների ամրությունը մեր հայ ընտանիքն է: Փորձը ցույց է տվել, որ հսկայական տերություններ անհետացել են պատմության թատերաբեմից ոչ այն պատճառով, որ օտար զավթողներն եկել և ստրկացրել են նրանց, այլ այն պատճառով, որ նրանք բարոյական անկում են արել, կորցրել են իրենց արժեհամակարգը: Ահա թե ինչու է Եկեղեցին իր առաջնահերթ քարոզչությունն ուղղում դեպի հայ ընտանիքը, որպեսզի այն ապրի Քրիստոսի Ավետարանով: Միայն այդպես է, որ մեր ժողովուրդը կշարունակի իր հաստատուն ընթացքը դարերի հավերժության մեջ»:
Ընդգծելով, որ Տիրոջ Խաչի զորությամբ են դարերի մեջ կերտվել հայոց հաղթանակները՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հավելեց, որ իր աղոթքներում մշտապես հայցում է Տիրոջ հաղթական Սուրբ Խաչի պաշտպանությունը հայ զինվորին:
Նորին Սրբությունը նաև իր գնահատանքի խոսքն ուղղեց հայոց բանակի հոգևոր սպասավորներին՝ գնդերեցներին, քրիստոնեական պատգամներով հայ զինվորի կողքին լինելու և նրա ոգին ամուր պահելու համար:
Վերջում Գարեգին Երկրորդ Հայրապետը մաղթեց, որ հայ ընտանիքը, հայոց բանակն ու հայ ժողովուրդը հանապազ աճեն ու զորանան Աստծու սիրո մեջ: