կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-15 21:46
Հասարակություն

Մահացել է Պոլսի Սուրբ Խաչ դպրեվանքի նախկին բազմամյա եւ վաստակաշատ տնօրեն Հայկ Նշանը

Պոլսահայությունը կորցրեց իր ականավոր դեմքերից եւս մեկին: Ինչպես հայտնում է «Ժամանակ» օրաթերթը, հունիսի 15-ի առավոտյան մահացել է Պոլսի Սուրբ Խաչ դպրեվանքի նախկին բազմամյա եւ վաստակաշատ տնօրեն Հայկ Նշանը: Նրա կորուստը շատ ցավալի է, քանի որ նա պոլսահայ կրթական կյանքի իրական նվիրյալներից էր:

Մեծ հայորդին ծնվել էր Դիարբերքիրում, նախնական կրթությունը ստացել էր Սուրբ Խաչ դպրեվանքում եւ համալսարանն ավարտելուց հետո վերադարձել էր հարազատ դպրոց եւ իրեն նվիրել էր մանկավարժական գործին: Դպրեվանքում նրա 30-ամյա տնօրինության շրջանը բավականին բարդ էր՝ քաղաղաքային իշխանությունների հետ ունեցած մի շարք տարաձայնությունների պատճառով:

Սուրբ Խաչ դպրեվանքի տնօրենը լինելուն զուգահեռ Հայկ Նշանը կարեւոր դերակատարություն է ունեցել պոլսահայ կրթական համակարգի վարչակազմակերպչական կյանքում: Ծանր հիվանդության պատճառով որոշ ժամանակ է՝ բուժվում էր հիվանդանոցում, սակայն, ցավոք, բուժումն արդյունք չտվեց:

Նշենք, որ տարիներ առաջ «Երկիր Մեդիայի» նկարահանող խումբը զրուցել էր նրա հետ։ Պոլսահայ վարժարանների գործունեությունը ներկայացնող մեր գործընկեր Լիլիթ Գասպարյանի հեղինակային «Բերդի միջնաբերդը» ֆիլմում էլ Հայկ Նշանը մտահոգությամբ էր խոսում պոլսահայության շրջանում հայոց լեզվի պահպանման, օգտագործման հիմնահարցի մասին։