Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սպարտակ Ղարաբաղցյան
Ընկերոջս պաշտոն էին տվել, հետն էլ սև գույնի «վոլգա» մակնիշի ծառայողական մեքենա հատկացրել: Այն օրերի համար դա լավագույնն էր: Վարորդը համեստ, քչախոս երիտասարդ էր, անտրտունջ կատարում էր պարտականությունները: Պատահում էր, որ ինձ էլ մեկ-մեկ ուշ ժամերին տուն էր հասցնում, ու երբ առաջարկում էի վեր բարձրանալ (ութերորդ հարկում եմ ապրում)՝ մի բաժակ սուրճի, հրաժարվում էր՝ ասելով.
-Չէ, շեֆ ջան, ուշ է...կոֆե չեմ սիրում:
Հրավերս ձևական չէր, իրոք, ուզում էի ինչ-որ ձևով շնորհակալություն հայտնել ծառայության դիմաց:
Քյարամ էր վարորդի անունը, ազգությամբ՝ եզդի: Ինձ թվում էր, թե Քյարամին վաղուց, շա՜տ վաղուց գիտեմ, ձայնի երանգն անգամ հարազատ էր: Այնքան ծանոթ էին նրա բանող եզան պես թախծոտ աչքերը: Պատահած է, չէ՞, երբ մարդուն թեկուզ մի անգամ ես հանդիպում, հանկարծ հիշողություն է արթնանում, ու նաև ճիշտ հակառակը՝ ամիսներով, տարիներով հանդիպում ես՝ ոչ մի կապ, հիշողության ոչ մի թրթիռ...
Ուզում էի փորփրել հիշողությունս՝ որտեղ եմ տեսել այս դեմքը, աչքերը, լսել այս ձայնը... Անօգուտ: Հիշողությունս չէր առարկայանում:
Եզդիները վաղ տաիրքում են ամուսնանում, ավելի շուտ ամուսնացնում են: Քյարամը արդեն երեք երեխա ուներ, սպասում էր չորրորդին, ու դրա համար էր երևի մերժում հրավերներս՝ ժամ առաջ տուն հասնելու:
Մի օր էլ պաշտոնյա ընկերս տխուր լուր հայտնեց.
-Քյարամի հայրն է մահացել, կուզեի միասին գնանք հոգեհանգստին:
-Ի հարկե, անպայման,- ասացի ես:
... Այն օրերին սգո սրահներ չկային դեռ: Հոգեհանգիստները հանգուցյալների տանն էին անում: Երեկոյան, երբ սգակիրների տուն հասանք, զարմանքից քարացա՝ երրորդ մասի շուկայի հարևանությունում ինձ վաղուց ծանոթ Հասանի տունն էր: Հասանը շուկայի բեռնակիրների շեֆն էր: Նա էր կարգավորում բեռնակիրների աշատանքը: Բեռնակիրները անխտիր եզեդիներ էին, նրա ազգականները: Շուկան իր օրենքներն ուներ, չգրված հազարամյա օրենքները: Հասանը ոչ գրել, ոչ էլ կարդալ գիտեր, բայց արևելյան շուկաների օրենքներն անգիր գիտեր: Հիմա, երրորդ մասի հին, գունեղ աղմուկով լի շուկայի փոխարեն ինչ-որ մեկի ժամանակակից առևտրի կենտրոնն է «Հայրենիք» վերամբարձ անունով: «Հայրենիքը» ամեն ինչով լեփ-լեցուն է. փայլփլուն տաղավարներ, բայց պաղ, անաղմուկ, անհոգի...
... Հանգուցյալի պատվին շարված անհաշիվ սգո ծաղկեպսակներից երեվում էր, որ հարգված ու սիրված մարդ է եղել Հասանը: Մեր տարած ծաղկեպսակը տեղավորելուց հետո ներս մտանք՝ մխիթարելու հարազատներին: Դագաղի մեջ պառկած Հասանը, ասես, քուն մտած լիներ:
-Հիվա՞նդ էր,- այս հարցը գրեթե տալիս են ամեն հանգուցյալի համար, անկախ նրանից բեռնակիրթ, թե մինիստր, գիտնական, թե լումայափոխ է եղել հանգուցյալը:
-Մենք էլ չհասկացանք. եզան պես առողջ մարդ էր,- տխուր ասաց հանգուցյալի հարազատը, որն հաստատ եղբայրն էր՝ ախ այնքա՜ն նման էր հավերժական քուն մտած Հասանին:
Անցած-գնացած մի պատմություն հիշեցի Հասանի հետ կապված, որ ներկաներից ոչ ոք, բացի հավերժական քուն մտած Հասանից, չգիտեր:
... Մայիս ամիսն էր: Հաշված օրեր էին մնացել արձակուրդներին, դրանից էր գուցե, որ ավելի անհամբեր էինք դարձել, ու դասերից փախչելը սովորական բան էր դարձել: Այս անգամ մեր երամին էր խառնվել սուսիկ-փուսիկ, համարյա գերազանցիկ Միհրան Բլբուլյանը: Հիշում եմ, մատյանում չորրորդ համարն էր: Առաջինն Անահիտ Ավետիսյանն էր, երկրորդը՝ Վաղոն՝ Ասատրյան Վաչագանը, երրորդը՝ Կարինե Բադալյանն էր, չորրորդն էլ՝ համարյա գերազանցիկ Բլբուլյան Միհրանը...
Մենք մի կերպ լեզու գտանք ընկեր Ոսկանյանի հետ, բայց Միհրանի համար բարեխոսել չհաջողվեց: Լսվա՞ծ բան է, գերազանցիկ, օրինակելի աշակերտ դասերից փախչի՞...
-Առանց ծնողի ոտքդ դպրոց չդնես,- խիստ, գրեթե վերջագրի պես պնդեց ընկեր Ոսկանյանը:
-Քեզ էլ փչացրին, Բլբուլ,- կատակեց Մամիկոնը, որի անունը ոչ միայն դպրոցում, այլ ամբողջ 3-րդ մասում էր թնդում: Հետո Միհրանին հանգստացնելու համար շարունակեց.
- Դարդ մի անի. քեռի Հասանին կբերենք...:
-Ո՞վ է քեռի Հասանը, որպես ի՞նչ կբերենք,- զարմացավ Միհրանը:
-Հորդ տեղը՝ որպես ծնող... Ընկեր Ոսկանյանից էլ կպրծնես, հորդ ծեծից էլ...:
-Եզեդի Հասանը ինձ ի՞նչ հեր, ի՞նչ ծնող,- նեղվեց Միհրանը:
-Անցած տարի էլ ինձ համար էր եկել. Քիմիայի Ղազարյանն էր ծնող կանչել: Հորս տեղ Հասանին պլստացրի, գնաց…,- պարծեցավ Համոն:
-Դու հեր չունես, Համո, քո բանը հեշտ է, բա ե՞ս...:
-Լավ, լավ,- Միհրանին կանխեց Մամիկոնը,- կասենք հորեղբայրդ է...:
Ճարը կտրած Միհրանը համաձայնեց: Մամիկոնը գնաց բանակցելու Հասանի հետ:
...Հաջորդ օրը Քեռի Հասանը սափրված, բեղերը խնամած ու սրած՝ ներկայացավ ընկեր Ոսկանյանին, որպես համարյա գերազանցիկ Միհրան Բլբուլյանի հորեղբայր:
-Միհրանը վատ շրջապատ է ընկել, սկսել է դասերից փախչել...: Այսպես է սկսել ընկեր Ոսկանյանը... Հետո, երևի իր մեջ կուտակված անհասցե բողոքն ուղղել խեղճ քեռի Հասանին... Վերջինս քիչ է մնացել հրաժարվի հորեղբոր դերից ու ասի. «Ես ոչ սրա հերն եմ, ոչ էլ հորեղբայրը. ես սրա ոչ մի բանն եմ, ես Հասանն եմ...»,- բայց զսպել է իրեն, չի ասել, կուլ է տվել թուքն էլ, նախատինքն էլ...
Բայց հանկարծ քեռի Հասանի ծաղկած պբեղերը թոռոմեցին՝ կախ ընկան ու ինքն էլ չզգաց, թե ինչպես ձեռքը վեր բարձրացավ ու մի շառաչյուն ապտակ իջավ Միհրան Բլբուլյանի դեմքին... Ոսկանյանը մեջ ընկավ զսպելու քեռի Հասանի անկեղծ զայրույթը...
... Անցած, գնացած պատմություն էր, որ հիշեցի քեռի Հասանի հոգեհանգստին... Այդ օրը ոչ-ոք չգիտեր, բացի ինձնից ու մահվան մահճում պառկած Հասանից: Ուրա՞խ, թե՞ տխուր պատմություն է՝ չգիտեմ, ընթերցողը կասի, բայց այդ օրը հասկացա, թե ինչո՞ւ էի Քյարամի ձայնի, հայացքի, աչքերի մեջ հիշողություն փնտրում:
Գտա:
12.06.2019թ.