կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-10 16:14
Արցախ

ՊԲ-ում անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն

ՊԲ-ում անցկացվել  է հրամանատարաշտաբային զորավարժություն

Ընթացիկ ուսումնական տարվա մարտական պատրաստության պլանի համաձայն՝ հանրապետության հյուսիսային ուղղությամբ տեղակայված ՊԲ միավորումներից մեկում անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն, որն իրականացվել է միավորման հրամանատար, գնդապետ Կարեն Շաքարյանի ղեկավարությամբ: Հրամանատարաշտաբային զորավարժության տեղազննման և փոխգործակցության աշխատանքներին հետևել և համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ է տվել ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը:

Անցկացվող զորավարժությունները նպատակ ունեն բարձրացնելու մասնակից զորամասերի շտաբների ներդաշնակվածությունը` մարտական գործողությունների նախապատրատման և վարման ժամանակ, ինչպես նաև կատարելագործել սպաների, հրամանատարների ու ներգավված ստորաբաժանումների գործնական ունակությունները ժամանակակից մարտում զորքերի անընդհատ ղեկավարման և ստորաբաժանումների, զորատեսակների ու ծառայությունների  փոխգործակցության իրականացման գործում:
 
«Միավորման ենթակա երկու զորամասերի հետ անցկացվում է հրամանատարաշտաբային զորավարժություն, որին ընդգրկված է ողջ անձնակազմը: Զորավարժությունը անցկացվում է ըստ փուլերի, որից հետո կլինի արդյունքների ամփոփում և կտրվի ընդհանուր գնահատական: Այս պահի դրությամբ` կարելի է ասել, որ նախնական արդյունքները գոհացնող են և մենք հասել ենք զորավարժության անցկացման նպատակներին»,-artsakhpress.am-ի հետ զրույցում ասել է միավորման հրամանատար, գնդապետ Կ. Շաքարյանը:             
 
Զորավարժությունների հիմնական նպատակներից է նաև ստուգել հակառակորդի հանկարծակի հարձակման պայմաններում միավորման ենթակա զորամասերի ՙբարձր՚ աստիճանի մարտական պատրաստականության բերման պլանի իրատեսությունը, միաժամանակ կատարելագործելով անձնակազմի դաշտային վարժվածությունն ու առաջադրված մարտական խնդիրների արդյունավետ և ժամանակին կատարման ունակությունները:
 
«Զորամասերի հետ անցկացվող նմանատիպ զորավարժությունները  միտված են բարձրացնելու հրամանատարության և ենթակա զորքերի դաշտային վարժվածության մակարդակն ու ևս մեկ անգամ ճշտելու մարտական խնդիրները, հատկապես` տեղանքում աշխատանքները իրականացնելու ժամանակ, որի հիմքում ընկած է բոլոր զորատեսակների համագործակցությունը` առաջադրված մարտական խնդիրների արդյունավետ և ժամանակին կատարման համար: Ենթակա բոլոր ստորաբաժանումները սահմանված ժամանակահատվածում կարողացել են գործել ճիշտ և նպատակային, ինչի շնորհիվ ունենք դրական արդյունքներ: Մենք շեշտը դրել ենք ժամանակացույցերի կրճատման վրա, ինչը մեզ հաջողվել է»,- համոզված է միավորման շտաբի պետ, գնդապետ Սամվել Գրիգորյանը:
 
Հրամանատարաշտաբային զորավարժությանը ներգրավված, մարտական հերթապահություն իրականացնող զորամասի հրամանատար, գնդապետ Արմեն Գյոզալյանի խոսքով, զորավարժության անցկացման ժամանակ ենթակա ստորաբաժանումները գործել են ինքնուրույն և համաձայն իրենց մարտական հաշվարկի: Իսկ որոշ հարցեր ճշտվել և ժամանակի ընթացքում գտել են իրենց լուծումները: «Զորավարժության անցկացման ժամանակ մարզվում է ողջ անձնակազմը, ստուգվում են զորքերի մարտունակությունն ու մասնագիտական ունակությունները: Այն ունի նաև ուսումնական նպատակներ  և կարելի ասել, որ հասել ենք այդ նպատակներին: Համոզված եմ, որ զորամասը այսուհետ ավելի բարձր մարտունակությամբ է շարունակելու  իրականացնել պետական սահմանի անվտանգության հուսալի պաշտպանությունը»,-կարևորելով անցկացվող զորավարժությունները, նշեց զորամասի հրամանատար Արմեն Գյոզալյանը:
 
Հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքում ներգրավված  զորամասերի մարտունակությունը ապահովող ստորաբաժանումների պատասխանատուները հանդես են եկել համապատասխան զեկույցներով, ըստ որոնց կարելի է վստահորեն նշել, որ զորավարժությանը ներգավված զորամասերն ու ստորաբաժանումները, շնորհիվ բարձր մարտական պատրաստվածության և անձնակազմի մասնագիտական գիտելիքների ու նվիրվածության, ունակ են հուսալիորեն պաշտպանել իրենց վստահված պետական սահմանի անվտանգությունն ու հուսալի պաշտպանությունը: