Ստեփանակերտի հանրապետական մարզադաշտում CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ի շրջանակներում այսօր կայացել է Աբխազիայի և Չամերիայի հավաքականների հանդիպումը:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հիմնական խաղն ավարտվել է 0-0 հաշվով: Այնուհետև տեղի է ունեցել 11 մ-ոց հարվածներ: Արդյունքում՝ խաղն ավարտվել է 4-5 հաշվով՝ հօգուտ Աբխազիայի: Ֆուտբոլային մրցապայքարում Աբխազիան զբաղեցրել է 3-րդ տեղ` արժանանալով բրոնզե մեդալի, իսկ Չամերիան՝ 4-րդ:Խաղի ավարտից հետո CONIFA-ի Եվրոպայի նախագահ Ալբերտո Ռիսկոն և ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը 3-րդ և 4-րդ մրցանակային տեղեր գրաված թիմերին պարգևատրել են մեդալներով և գավաթներով:
Մեզ հետ զրույցում Աբխազիայի հավաքականի գլխավոր մարզիչ Բեսլան Ադժինժալն ասել է, որ իրենց հավաքկանն այլ արդյունքների էր սպասում: Ցավոք, իրենց չհաջողվեց հայտնվել եզրափակչում:
Ըստ մարզչի՝ Աբխազիայի հավաքականի մեծ մասն առաջին անգամ է մասնակցում նման մրցաշարի, և 3-րդ մրցանակային տեղ գրավելը թիմի համար լավ սկիզբ է:
«Բազմիցս եմ ասել, որ Արցախում շատ բարձր մակարդակով է կազմակերպվել CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ը: Ուղղակի ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին և Արցախի հյուրընկալ ու բարի ժողովրդին»,-մասնավորապես ասել է Բեսլան Ադժինժալը և ընդգծել, որ Արցախի հավաքականը լավ էր պատրաստված, և ապագայում թիմը կունենա մի շարք հաջողություններ:
Չամերիայի հավաքականի անդամ Կեվիս Գջեցին էլ ասել է, որ իրենք մինչև խաղի վերջին րոպեն պայքարել են, որ հայտնվեն լավագույն եռյակի մեջ, որը, ցավոք, չհաջողվեց 11 մ-ոցների դեպքում:
Կեվիս Գջեցու խոսքով՝ իրենք Արցախից հեռանալու են վառ տպավորություններով: Իրենք պատրաստ են Արցախում կրկին մասնակցելու ֆուտբոլային մրցաշարի:
Խոսելով Արցախի հավաքականի մասին՝ մարզիկն ասել է, թե իրենք հեշտությամբ են կարողանալու հաղթել Արցախի թիմին, սակայն խաղից հետո հասկացան, որ սխալվել են: Խաղին հետևում էր ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պետական այրեր, հյուրեր, ֆուտբոլասերներ և այլք: