կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-01 20:08
Հասարակություն

Հունիսի 1-ի տոնը` ԱԺ բակում

Հունիսի 1-ի տոնը` ԱԺ բակում

Հունիսի 1-ին` Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Ազգային ժողովի այգում եւ Բաղրամյան պողոտայի հարակից հատվածում մայրաքաղաքի, հանրապետության մարզերից ու Արցախից ժամանած երեխաների համար կազմակերպվել էր ուրախ եւ հետաքրքիր միջոցառումների շարք, որոնց մասնակից են եղել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ:

Տոնը համեմված էր սիրված մուլտհերոսների կերպարներով, բազմաթիվ խաղային ատրակցիոններով: Թատերական խմբերը ցուցադրել են դրվագներ հայկական տարբեր հեքիաթներից: Կազմակերպվել է մանկական պատկերազարդ գրքերի ցուցադրություն: Պատանիները վոլեյբոլ են խաղացել, փոքրիկները կավճով` գետնին եւ վրձնով` կտավներին պատկերել են լույսով ու արեւով ողողված իրենց գեղեցիկ մտահղացումները: Պատգամավորների մատուցմամբ` երեխաներն ունկնդրել են հայկական ժողովրդական ու ժամանակակից տարբեր հեքիաթներ:

Տարբեր համույթներ, երեխաներն ու դպրոցականները ցուցադրել են իրենց կատարողական հմտությունները, գիտելիքները բարձր տեխնոլոգիաներից եւ տարբեր բնագավառներից:

Արարատ Միրզոյանը շրջել է այգում, զրուցել երեխաների հետ, շնորհավորել տոնի կապակցությամբ, մաղթել երջանիկ, խաղաղ մանկություն ու պատանեկություն: Խորհրդարանի ղեկավարը հորդորել է նրանց դառնալ մեր երկրի լիիրավ քաղաքացիներ:

ԱԺ նախագահը նշել է, որ հայ հասարակությանը, ընտանիքին հատուկ են երեխաների նկատմամբ սերն ու ուշադրությունը: Ըստ Արարատ Միրզոյանի, սակայն, կան փոքրաթիվ ընտանիքներ, որտեղ գրանցվել են բռնության դեպքեր: Նրա կարծիքով` խնդիրն անհրաժեշտ է լուծել կրթական, իրազեկման եւ ժամանակակից այլ միջոցառումների շնորհիվ:

Խորհրդարանի ղեկավարը լուսանկարվել է բոլոր ցանկացողների հետ:

Երեկոյան տեղի է ունեցել տոնական համերգ սիրված երգիչ-երգչուհիների մասնակցությամբ: Տոնախմբությունը շարունակվել է մինչեւ ուշ երեկո: