կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-31 14:47
Հասարակություն

Կոշկակարն`առանց կոշիկի. Թամանյանն իր կառուցած քաղաքում թանգարանի համար տեղ չունի

Կոշկակարն`առանց կոշիկի. Թամանյանն իր կառուցած քաղաքում թանգարանի համար տեղ չունի

Մշակութային կառույցը, ինչպիսին եղել է Ալեքսանդր Թամանյանի թանգարանը, փակելը ազգի դավաճանություն է. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ականավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի թոռը` Գագիկ Թամանյանը:

Նա նշեց, որ Թամանյանի տուն-թանգարանը, մինչև նախկին կառավարության կողմից այն փակելու ու այլ թանգարանի հետ միավորելու որոշում կայացնելը, Երևանում գործել է 15 տարի: «Չէր կարելի փակել Ալեքսանդր Թամանյանի թանգարանը… Չնայած անհարմար, սոսկալի պայմաններով բանկետի դահլիճ էին տրամադրել, բայց այն 70 տարի պահել է Ալեքսանդր Թամանյանի արժեքավոր նյութերը»,- ասաց Գագիկ Թամանյանը` հավելելով, որ թանգարանը 3 անգամ է կանգնած եղել փակման վտանգի առաջ` 2004, 2008 և 2016 թվականներին:

Ըստ նրա` կառավարության` տարիներ առաջ ընդունված որոշման համաձայն` Ալեքսանդր Թամանյանի տուն-թանգարանը պետք է միացվեր Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտին և կրեր Ալեքսանդր Թամանյանի անունը: «Անվանակոչումն էլ` ոնց որ մի փոքրիկ ոսկոր գցեին մեզ»,- վրդովված նշեց Գագիկ Թամանյանը`տեղեկացնելով, որ մինչ այժմ էլ շինությունում դատարկ սրահներ կան, թանգարանն ամբողջությամբ չի գործում:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկել Ալեքսանդր Թամանյանի թանգարանի վերաբացման ուղղությամբ, Գագիկ Թամանյանը պարզաբանեց, որ արդեն դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա տիկնոջը`Աննա Հակոբյանին, հանդիպել է քաղաքապետարանի արվեստի բաժնի վարիչ Եղիշե Սարգսյանի հետ, զրույցից հետո խնդրել իր դիմումը փոխանցել Հայկ Մարությանին:

Հարցին, թե հանդիպում ունեցե՞լ է Երևանի ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ, Թամանյանը բացասական պատասխանեց տվեց: «Միայն հեռախոսով ենք խոսել»,- մանրամասնեց նա:

Գագիկ Թամանյանի կարծիքով` խնդրի լուծման համար ամենաառաջնային քայլը Ալեքսանդր Թամանյանի թանգարանի վերաբացման վերաբերյալ կառավարության որոշման ընդունումն է:

Անդրադառնալով թանգարանի համար տարածքի հատկացմանը` ասուլիսի մյուս բանախոսը` լրագրող Մարկ Գրիգորյանը, ասաց, որ այդ հարցում ամեն ինչ աբսուրդային է: «Նախկինում էլ, երբ Գագիկ Թամանյանը Հասյաստանում էր, բոլորը համաձայն էին, որ թանգարանը լինի, բայց պարզվում է, որ տեղ չկա: Մարդ, որը կառուցել է այս քաղաքը, քաղաքում տեղ չունի իր թանգարանի համար: Սայլը տեղից չի շարժվում, կոշկակարը չունի կոշիկ. Թամանյանի համար Երևանում շենք չկա»,- նշեց նա`միաժամանակ դիմելով այն մարդկանց, որոնք Երևանի կենտրոնում անշարժ գույք ունեն` թանգարանին տրամադրելու խնդրանքով: «Նա հո մենակ քաղաքաշինարար ու ճարտարապետ չէ՞ր: Նա մեծ պետական գործիչ էր»,- շեշտեց լրագրողը:

Ըստ բանախոսների` որպես թանգարանի տարածք կարող է ծառայել երկու շենք. մեկը Բաղրամյան պողոտայում գտնվող` Ճարտարապետների միության շենքն է, իսկ մյուսը` Ամիրյան փողոցում տեղեկայված նախկին գիմնազիայի շենքը, որի հետ կապված, սակայն, բարդություններ կան: Թամանյանի թոռան խոսքով`այն պատկանում է մեծահարուստ մեկին, որին հնարավոր չէ գտնել: Ինչ վերաբերում է Բաղրամյանի պողոտայում գտնվող շենքին, ապա այս դեպքում, Թամանյանի համոզմամբ, պետք է ճարտարապետները քվեարկություն իրականացնեն ու միասնական որոշում կայացնեն:

Գագիկ Թամանյանն անդրադարձավ նաև հարցին, թե թանգարանի վերաբացման պարագայում արդյո՞ք Սփյուռքից որևէ օժանդակություն է սպասվում: Նա վստահեցրեց` այո’: Միջամտեց նաև Մարկ Գրիգորյանը` պնդելով, որ օգնություն ոչ միայն սպասվում է, այլև հաստատապես կլինի:

Զրույցի վերջում անվանի ճարտարապետի թոռը վստահեցրեց նաև, որ այլ երկրից Թամանյանի թանգարանը բացելու առաջարկ ստանալու դեպքում կմերժի: «Թամանյանը պատկանում է Հայաստանին»,- եզրափակեց նա`ընդգծելով. «Կսպասեմ այնքան, ինչքան պետք լինի: Ես սպասել եմ 68 տարի, էլի կսպասեմ»: